Articles

Հ.Բ.Ը. Միության նախագահ Պերճ Սեդրակյանի այցը Հայաստան

Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջացառումները համակարգող պետական հանձնաժողովի անդրանիկ նիստին, ինչպես նաև "Հայաստան" Համահայկական Հիմնադրամի Հոգա-բարձուների Խորհրդի 20-րդ ժողովին մասնակցելու նպատակով մայիսի 28-հունիսի 3-ը Հայաստան այցելեց Հ.Բ.Ը. Միության նախագահ Պերճ Սեդրակյանը: Այցելության ընթացքում Պերճ Սեդրակյանը հանդիպումներ ունեցավ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, Վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայաստանի Կրթության և Գիտության նախարար Արմեն Աշոտյանի, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ: Գործնական հանդիպումներին նախագահ Պերճ Սեդրակյանին ուղեկցում էին Հ.Բ.Ը.Մ. Կենտրոնական Վարչական Ժողովի անդամ Երվանդ Զորյանը և Հ.Բ.Ը.Մ. Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը: Մայիսի 29-ին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի շքախմբին մաս կազմելով, Հ.Բ.Ը.Մ. նախագահը մեկնեց Դոնի Ռոստով (Նոր Նախիջևան) մասնակցելու տեղի նորակառույց Սուրբ Հարություն եկեղեցու օծման արարողությանը և այդ առթիվ մատուցված Սուրբ Պատարագին: Իր ողջույնի խոսքում պարոն Սեդրակյանը շնորհավորեց տեղի հայ բնակչությանը և բոլոր ներկաներին նորաբաց եկեղեցու կապակցությամբ: Խորհրդանշական է այն փաստը, որ ՀԲԸՄ նախագահը վերջերս ներկա էր եղել Ամերկայի Միացյալ Նահանգներում նորակառույց հայկական եկեղեցու բացման արարողությանը, և, ինչպես նա նկատեց իր խոսքում, հայկական ավանդույթները, ծիսակատարություններն ու մթնոլորտը նույն են ամենուրեք, աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայ ժողովուրդն ունի միևնույն խնդիրներն ու հոգսերը, դիմակայում է միևնույն դժվարություններն ու մարտահրավերները, տարբեր են միայն երկրները, որտեղ ապրում են հայերը: Պարոն Սեդրակյանը ողջունեց այն փաստը, որ նախկին Խորհրդային Միության տարածքում բնակվող հայերը նույնպես համախմբվում են եկեղեցու շուրջ և ունենում իրենց կազմակերպված և ձևավորված համայնքները: Նորակառույց եկեղեցու օծման առիթով նախագահ Պերճ Սեդրակյանը Հ.Բ.Ը. Միության կողմից Դոնի Ռոստեղի Սբ. Հարություն եկեղեցուն նվիրեց երգեհոն: Նույն օրը երեկոյան Վեհափառ Հայրապետի շքախումբը վերադարձավ Երևան: Հաջորդ օրը, մայիսի 30-ին, Նախագահ Պերճ Սեդրակյանը Հ.Բ.Ը.Մ. պատվիրակության ուղեկցությամբ մասնակցեց Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջացառումները համակարգող պետական հանձնաժողովի անդրանիկ նիստին: Հունիսի 1-ին տեղի ունեցավ "Հայաստան" Համահայկական Հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի ժողովը, որին նույնպես մասնակցեց Հ.Բ.Ը. Միության նախագահը: Նույն օրը երեկոյան նախագահ Պերճ Սեդրակյանը ներկա եղավ "Հովարդ Կարագյոզյան Հիշատակի Ընկերակցության" հիմնադրման 90-ամյակի հանդիսությանը: Շնորհավորական իր խոսքում Հ.Բ.Ը.Մ. նախագահն անդրադարձավ Կարագյոզյան ընտանիքի ազգային և բարեսիրական լայն գործունեությանը, հատկապես հիշելով Հ.Բ.Ը. Միության 1942-1953թթ. նախագահ Արշակ Կարագյոզյանի ազգանվեր գործունեությունը Համաշխարհային Երկրորդ Պատերազմի և դրան հաջորդած տարիներին, երբ Հ.Բ.Ը. Միությունը, Արշակ Կարագյոզյանի առաջնորդությամբ, գլխավորում էր պատերազմի աղետյալների, Հայաստանի օգնության և ներգաղթի կազմակերպման համար կազմակերպված ազգային հանգանակությունները: Հ.Բ.Ը.Մ. նախագահ Պերճ Սեդրակյանը դրվատեց Կարագյոզյան ընտանիքի երախտաշատ անդամներ Արշակ, Միհրան և Լեյլա Կարագյոզյանների նվիրյալ աշխատանքը, հատկապես Միության Միջին Արևելքի դպրոցների կառուցման և բարեկարգման ուղղությամբ: Պերճ Սեդրակյանը շեշտեց Հ.Բ.Ը.Միության և "Հովարդ Կարագյոզյան Հիշատակի Ընկերակցության" միջև գոյություն ունեցող համագործակցությունը և պատմական սերտ կապը: Նա նաև բարձր գնահատեց բարեսիրական այս հաստատության ծավալած գործունեությունը անցնող տասնամյակներում: Այս առթիվ նախագահ Սեդրակյանն այցելեց նաև Կարագյոզյան ընկերակցության Նորքի գրասենյակ, ատամնաբուժական կլինիկա և Կարագյոզյան թանգարան: Հունիսի 1-ին պարոն Սեդրակյանը հանդիպում ունեցավ նաև Հայաստանի Հանրապետության Կրթության և Գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթության ոլորտում նախարարության և Հ.Բ.Ը.Միության միջև համագործակցությանն առնչվեղ հարցեր: Նույն օրը Պերճ Սեդրակյանը հանդիպեց նաև Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Քննարկվեցին Հ.Բ.Ը.Միության կողմից հայկական բանակի կրթական ծրագրերին աջակցելու հեռանկարները: Երեկոյան Հ.Բ.Ը.Մ. նախագահը ներկա գտնվեց Հայաստանի Թեքեյան Մշակութային Միության կողմից կազմակերպված լիբանանահայ կրթական մշակ, բանասեր, մատենագետ և խմբագիր Ժիրայր Դանիելյանի 70-ամյակին նվիրված միջոցառմանը: Հանդիսության ժամանակ պարոն Դանիելյանն արժանացավ ԹՄՄ "Ադամանդակուռ Արարատ" շքանշանի: Մեծարյալին շնորհավորանքի խոսք ասաց նաև Հ.Բ.Ը.Մ. նախագահը, որը բարձր գնահատեց Ժիրայր Դանիելյանի կրթական և դաստիարակչական բեղուն գործունեությունը որպես ՀԲԸ Միության Դարուհի-Հովակիմյան վարժարանի երկա-րամյա տնօրեն: Հունիսի 2-ին Պերճ Սեդրակյանին ընդունեց Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, որը բարձր գնահատեց Հ.Բ.Ը.Միության հայապահպան գործունեությունը Սփյուռքում և ի նպաստ հայրենիքի: Պերճ Սեդրակյանն իր հերթին նշեց, որ Միությունը պատրաստ է շարունակել իր աջակցությունը Հայաստանին: Տեսակցության ընթաց-քում քննարկվեցին նաև Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր: Այնուհետև նախագահ Պերճ Սեդրակյանը հանդիպում ունեցավ նաև ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ քննարկելու Հայաստան-Սփյուռք համագործակցության ու Սփյուռքի նախարարության և Հ.Բ.Ը. Միության համատեղ ծրագրերի հեռանկարները: Հունիսի 3-ին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հ.Բ.Ը.Միության նախագահին: Վեհափառ Հայրապետը և նախագահ Պերճ Սեդրակյանը քննարկեցին Մայր Աթոռի և Հ.Բ.Ը.Միության կրթական և դաստիարակչական համատեղ ծրագրերի ընթացքը: Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքի խոսքն ասաց Հ.Բ.Ը.Մ. նախագահին` Միության անդամների կողմից Սբ. Էջմիածնին շարունակաբար ցուցաբերվող սրտաբուխ և նվիրյալ աջակցության համար: Իր կողմից, պարոն Սեդրակյանը շեշտեց Հայ Եկեղեցու և Հ.Բ.Ը.Միության միջև ձևավորված, ի շահ հայրենիքի և ողջ հայ ժողովրդի իրագործվող համագործակցության կարևորությունը: Պերճ Սեդրակյանը վստահեցրեց, որ Միությունը պատրաստ է և պիտի շարունակի իր նպաստը բերել Հայ Եկեղեցու առաքելությանը: