Articles

ՊԵՐՃ ՍԵԴՐԱԿՅԱՆ, ՀԲԸՄ ՆԱԽԱԳԱՀ. "ՋՆՋԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ"

Խմբագրական. սույն հոդվածը լույս է տեսել ֆրանսերեն լեզվով, Լիբանանյան հայտնի “L’Orient Le Jour” թերթի հուլիսի 6-ի համարում: Հոդվածի հեղինակն է Մարիա Չախտուրան: “ՀԲԸՄ Հայաստանի Լրատու”-ն այն թարգմանաբար ներկայացնում է իր...

———————————

“Ես լիբանանցի եմ, խորապես կապված եմ իմ հողին, որտեղ ծնվել, մեծացել և ապրել եմ, և Հայաստանն իմ ժառանգությունն է”, ասում է աշխարհի խոշորագույն հայկական հասարակական կազմակերպության` Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանը: Երջանիկ պատահականությամμ վերջերս Երևանի հյուրանոցներից մեկում հանդիպեցի պարոն Սեդրակյանին: Նա Երևան էր ժամանել մասնակցելու երկու կարևոր հանդիպումների` Հայոց ցեղասպանության 100-ամյակի պետական հանձնաժողովի անդրանիկ նիստին և “Հայաստան” համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ամենամյա ժողովին: Լիբանանի Սբ. Ժոզեֆ համալսարանում իրավաբանական կրթություն ստանալուց և մի քանի տարի փաստաբան աշխատելուց հետո, 1976-ին, Սեդրակյանը մեկնեց ԱՄՆ: Նյու Յորքի խոշոր գրասենյակներից մեկում հանդիպեց ծագումով լիբանանցի մի փաստաբանի, որը գործընկերության առաջարկ արեց: Ներկայումս Պերճ Սեդրակյանն աշխարհի 26 քաղաքներում շուրջ 900 փաստաբան ունեցող միջազգային իրավաμանական գրասենյակի գործընկեր է: Լիբանանից մեկնած Սեդրակյանը պահպանել է կապը ընկերների հետ և կանոնավոր կերպով վերադառնում է ծննդավայր, որտեղ ունի իր բնակարանը: Միացյալ Նահանգներում նա ակտիվ գործունեություն է ծավալել Լիբանանի դատին ծառայող խմբերի հետ: ԱՄՆ մեկնելուց հետո Սեդրակյանը նաև ընդգրկվել է ՀԲԸՄ խորհրդում, որի նախագահությունը ստանձնել է 2002-ին, տարիներ շարունակ փոխնախագահի պաշտոնը զμաղեցնելուց հետո: Ի դեպ, նա Երևան էր այցելել և վերոհիշյալ երկու հանդիպումներին մասնակցում էր որպես ՀԲԸՄ նախագահ: Հայոց ցեղասպանության 100-ամյակի պետական հանձնաժողովը ստեղծվել է կազմակերպելու և համակարգելու այդ տարելիցին նվիրված միջոցառումների անցկացումը աշխարհի տարբեր երկրներում: “Հայաստան” հիմնադրամի առա-քելությունն է սփյուռքում միջոցներ հանգանակել Հայաստանում մեծ նախագծերի ֆինանսավորման համար:

ՀԲԸՄ-ն և սփյուռքը

Ինչ վերաբերում է ՀԲԸՄ-ին, որին Լիբանանցիներից շատերը ճանաչում են նրա բազմաբնույթ գործունեության շնորհիվ, պարոն Սեդրակյանն ասաց, “Այս կազմակերպությունը հիմնադրվել է 1906-ին, Կահիրեում, Եգիպտոսի այն ժամանակվա վարչապետի որդու` Պողոս Նուբար Փաշայի կողմից: Միության գլխավոր առաքելությունն է պահպանել հայկական ինքնությունը սփյուռքում ու ազգային ժառանգությունը Հայաստանում: Նստավայրը Նյու Յորքում է: Կառավարվում է 21-հոգանոց վարչական խորհրդի կողմից և ունի գրեթե 40 միլիոն դոլար տարեկան բյուջե: Ցեղասպանությունից անմիջապես հետո կազմակերպությունն իր ուշադրությունը սևեռեց հայ ժողովրդի մարդասիրական և կրթական կարիքների բավարարման վրա: Իր մեկդարյա պատմության և գործունեության ընթացքում ՀԲԸՄ-ն մշտապես հարմարվել է հայ ժողովրդի կարիքներին և, աստիճանաμար զարգանալով, իր կարևոր դերն ու ներդրումն ունեցել Հայաստանի պատմության մեջ` ցեղասպանությանը հաջորդած տարիներին ֆինանսավորելով ու կազմակերպելով հայ գաղթականների ճամբարներ Լիբանանում, Սիրիայում, Հունաստանում և այլուր, 30-50-ական թվականներին ստեղծելով կլինիկաներ, դպրոցներ և պատանեկան ճամբարներ, իսկ 60-ականներից սկսած կառուցելով համայնքային և երիտասարդական կենտրոններ սփյուռքի գրեթե բոլոր գաղթօջախներում: Հայաստանի անկախացումից և ԽՍՀՄ փլուզման հետևանքով Արևելյան Եվրոպայի վերաμացումից հետո առանձնակի ուշադրություն դարձվեց մայր հայրենիքում գործունեության ծավալմանը: Այսօր ՀԲԸՄ-ն սփյուռքում ունի և կառավարում է 25 դպրոց և վարժարան, տասնյակ կիրակնօրյա դպրոցներ, երիտասարդական և մշակութային կենտրոններ: Օրինակ, Լիμանանում ՀԲԸՄ-ն ունի մի շարք կառույցներ, որոնցից գլխավորն այսօր Անթիլիասի “Դեմիրճյան” կենտրոնն է, տարրական և միջնակարգ դպրոցներ, “Անդրանիկ” երիտասարդական միությունն իր բոլոր մարզական, մշակութային, համալսարանական և այլ գործունեություններով: Կազմակերպությունը բարձրագույն կրթության ոլորտում համալսարանական կրթաթոշակներ է հատկացնում` առանձնահատուկ ուշադրություն դարձնելով արվեստի և երաժշտության ասպարեզում տաղանդավոր երիտասարդներին”: ՀԲԸՄ գործունեությունը Հայաստանում Ին՞չ գործունեություն է ծավալել ՀԲԸՄ-ն Հայաստանում օգնելու երկրին դիմակայել ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիայի ժխտողական քաղաքականության հարուցած քաղաքական խնդիրները: “Իր ստեղծումից ի վեր կազմակերպությունը մշտապես աջակցել է Հայաստանին` անկախ քաղաքական վարչակարգերից: 1928-ին Միությունը μժշկական կենտրոն հիմնեց Երևանում: 1931-ին, այն ժամանակվա նախագահի նվիրատվություններով, հիմնվեց Նուբարաշեն գյուղը, որն այսօր ունի 11 հազար բնակիչ: 1946-ին Միությունը ֆինանսավորեց հազարավոր սփյուռքահայերի հայրենադարձությունը: 1971-ին, ՀԲԸՄ նախագահ Ալեք Մանուկյանի միջոցներով, իր անունը կրող գանձատուն ստեղծվեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում: Քաղաքականության մեջ ոչինչ հարատև չէ, վարչակարգերը հաջորդում են իրար, բայց ազգային ժառանգությունը մնում է: Անկախության տարիներին մեր գործունեությունն է՛լ ավելի μազմազան դարձավ, և կազմակերպությունն ավելի քան 150 մլն դոլար ներդրեց Հայաստանի տարբեր նախագծերում: Կոմունիզմի անկումից հետո ՀԲԸՄ-ն ֆինանսավորեց Հայաստանի ամերիկյան համալսարանի ստեղծումը, որպեսզի երիտասարդները ծանոթանան Արևմուտքի կրթական համակարգին: Մյուս կողմից, մենք կրթաթոշակներ ենք տալիս Հայաստանի ֆրանսիական համալսարանին և օժանդակում ենք Երևանի պետական համալսարանին: Միությունը ստանձնել է Երևանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ծախսերը և ֆինանսավորել արվեստի ու երաժշտության բազմաթիվ ձեռնարկումներ, որպեսզի պահպանվի անցյալի գեղարվեստական և մշակութային ժառանգությունը, որը մեր երիտասարդ պետությունը դեռ ի վիճակի չէ անել: Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հետ համագործակցելով` Միությունը ստանձնեց խորհրդային ժամանակաշրջանի պիոներական պալատների ծախսերը և դրանք դարձրեց մանուկների ու պատանիների գեղարվեստական ու մշակութային կենտրոններ: 1990-ից ի վեր այդ կենտրոններն ընդունում են օրական մոտ 4000 պատանիների` ապահովելով նրանց արտադասարանային հետաքըրքիր ժամանցը, նրանց տանը նստելու կամ փողոցում հայտնվելու փոխարեն: Այդ երիտասարդներն իրենց ասպարեզներում հասնում են տպավորիչ հաջողությունների: Նրանցից շատերն աչքի են ընկնում արդեն մանկական և պատանեկան տարիներին: Տեսնելով այդ փոքրիկների անթերի ու բարձրակարգ կատարումները` հասկանում ես թե բարերարների, թե երեխաների հետ աշխատող ուսուցիչների նվիրվածությունը, ովքեր լիովին հասկանում են Միության նպատակներն ու դրդապատճառները: ՀԲԸՄ-ն ֆինասավորում է նաև բարեգործական ճաշարաններ, որոնցից ամեն օր օգտվում են ավելի քան 1500 կարիքավոր թոշակառուներ: Ի դեպ, մենք ջանքեր ենք գործադրում զարգացնելու Առաքելական եկեղեցու գործունեությունը` մեր անդամների նվիրատվություններով ֆինանսավորելով նոր եկեղեցիների կառուցումը և կոմունիզմի 80 տարիներից հետո զարգացնելով ծխական հայեցակարգը: ՀԲԸՄ-ի ջանքերով է հիմնվել նաև Վազգենյան հոգևոր ճեմարանը Սևանում: Այսպիսով մենք աջակցում ենք Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին իրականացնելու եկեղեցու վերակառուցման իր առաքելությունը` տրամադրելով ուսումնական կրթաթոշակներ ապահովելու ճեմարանականների վերապատրաստումն ու աստվածաբանական կրթությունն արտերկրում: Մենք համոզված ենք, որ Եկեղեցին կշարունակի կարևոր դեր խաղալ սփյուռքում մեր ինքնության պահպանման գործում: ՀԲԸՄ-ն Հայաստանում հիմնել է սկաուտական ճամբար և ամեն ամառ կազմակերպում է բանակումներ և երիտասարդ սփյուռքահայերի այցելություններ Հայաստան, որոնց մասնակցում են ավելի քան 500 պատանի սփյուռքահայեր ողջ աշխարհից: Մենք հիմնել ենք Հայկական վիրտուալ համալսարանը, որը հնարավորություն է ընձեռում բոլոր ցանկացողներին համացանցի միջոցով սովորել հայերեն լեզու, հայոց պատմություն և մշակույթ: Մի կողմից ՀԲԸՄ-ն մեծացնում է իր գործունեության շրջանակները և ջանքերը կենտրոնացնում է Հայաստանի վրա, քանզի դժվար է ինքնությունը պահպանել սփյուռքում առանց մայր հայրենիքից և հայ եկեղեցուց ներշնչվելու: Մյուս կողմից, կոմունիզմի անկումից հետո մենք վերսկսել ենք նաև ակտիվ գործունեություն ծավալել Արևելյան Եվրոպայի երկրներում (Բուլղարիա, Ռումինիա և այլն), և Ռուսաստանում, որտեղ երկու միլիոն հայ է ապրում: Ցավոք, մեր միջոցները դեռ սահմանափակ են գաղթավայրերի ներկայիս բոլոր կարիքներն ու խնդիրները հոգալու համար”, ասաց պարոն Սեդրակյանը: