Articles

ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒՄ Է ՍՓՅՈՒՌՔԻՑ ՀԱՅՐԵՆԻՔ ԺԱՄԱՆԱԾ ԽՄԲԵՐԻ

Ավանդական են դարձել սփյուռքի տարբեր համայնքներից Հայաստան ժամանած խմբերի այցելությունները ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարան (ՀՎՀ): Համացանցի միջոցով հայերեն լեզու, հայ ժողովրդի ու մշակույթի պատմություն սովորելու հնարավորությունը գնալով ավելի է գրավում թե՛ ազգությամբ հայ և թե՛ հայագիտությամբ հետաքըրքրվող այլ ազգերի ներկայացուցիչների ուշադրությունը: Հունիսի 22-ից ի վեր, յուրաքանչյուր չորեքշաբթի, ՀՎՀ-ն հյուրընկալում է ՀՀ սփյուռքի նախարարության "Արի տուն" ծրագրի շրջանակներում Հայաստան ժամանած 13-20 տարեկան սփյուռքահայ երիտասարդներին: Ծրագրի առաջին յոթ փուլերի մասնակիցներն արդեն իսկ ծանոթացել են ՀՎՀ գործունեությանը: Հաջորդ 3 փուլերի մասնակիցների այցը սպասվում է սեպտեմբերին: Շարունակվում են ՀԲԸՄ դպրոցների ու վարժարանների սաների այցելությունները Հայաստան: Օգոստոսի 4-ին, ՀՎՀ-ն ընդունեց Բուենոս Այրեսի ՀԲԸՄ "Մարի Մանուկյան" վարժարանի սաներին իրենց ղեկավարների ուղեկցությամբ: ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ օգոստոսին Երևանում անցկացվեց "Երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց" ծրագիրը, որին մասնակցեցին աաջնորդական հմտություններով օժտված և համայնքային կյանքում ակտիվորեն ներգրավված սփյուռքահայ 24 երիտասարդ 10 երկրից` ԱՄՆ, Ռուսաստան, Բելառուս, Ուկրաինա, Վրաստան, Էստոնիա, Նիդեռլանդներ, Իսպանիա, ԱՄԷ և Սիրիա: Օգոստոսի 5-ին, նրանք հյուրընկալվեցին ՀՎՀ-ում, ծանոթացան համալսարանի գործունեությանը: