Articles

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ "ԹՈՒՄՈ" ՍՏԵՂԾԱՐԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԸ

Օգոստոսի 14-ին, Երևանի Աջափնյակ համայնքում տեղի ունեցավ "ԹՈՒՄՈ" ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ և ԼՂՀ նախագահներ Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, նախարարներ ու պաշտոնյաներ: Կենտրոնի նախաձեռնողն ու հիմնադիրն է ամերիկահայ բարերար, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Կենտրոնական վարչական ժողովի անդամ, “Սիմոնյան կրթական հիմնադրամի” հիմնադիր Սեմ Սիմոնյանն իր տիկնոջ Սիլվա Սիմոնյանի հետ: Սեմ Սիմոնյանը հիմնադիրն է նաև ԱՄՆ-ում գործող “Epygi Labs AM” ընկերության, որը զբաղվում է բարձր տեխնոլոգիաների ծրագրային նախագծումով և որի մասնաճյուղը 1997-ից ի վեր գործում է նաև Հայաստանում: Գիտակցելով Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացման հեռանկարներն ու կարևորությունը` Սեմ Սիմոնյանը որոշեց Երևանում հիմնել մի նոր կենտրոն, որը տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կիրականացնի կրթական ծրագրեր երիտասարդությանը ծանոթացնելու այս ասպարեզում համաշխարհային նորանոր ձեռքբերումներին, կկազմակերպի դասըն-թացներ և սեմինարներ: Սերժ Սարգսյանը շրջել է նորաստեղծ կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին և “Թումո”-ի կրթական ծրագրում ընդգրկված 4 ուղղություններին` թվային մեդիա, խաղերի ստեղծում, անիմացիա, կայքերի մշակում: Հանրապետության ղեկավարն իր ողջույնի խոսքում նշել է, որ ստեղծարար տեխնոլոգիաների այսպիսի կենտրոնի բացումը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն և որ հայ երիտասարդների մտավոր ունակությունների բացահայտումը և մրցունակության բարձրացումը մեր երկրի կարևորագույն խնդիրներից է: “Ցավոք, Հայաստանը բնական քիչ պաշարներ ունի և սրանից մենք պետք է առնվազն 2 հետևություն անենք. նախ` պետք է խնայողաբար վերաբերվենք այդ պաշարներին և երկրորդ՝ պետք է կարողանանք մտավոր ծառայություններ մատուցել և՛ մեր հասարակությանը, և՛ տարածաշրջանին, և՛ աշխարհին, ինչն անհնար է առանց այսպիսի կենտրոնների գործունեության”, նշել է նախագահ Սարգսյանն ու ավելացրել, որ ոգևորված է կենտրոնի բացմամբ և վստահ է, որ ծրագիրն ունենալու է շատ կոնկրետ արդյունքներ և նշանակություն Հայաստանի համար: Տեր և տիկին Սիմոնյաններին ուղղված իր շնորհակալական խոսքում նախագահ Սարգսյանն ասել է, “Այս աշխատանքը ոչ միայն շնորհակալության, այլ նաև խրախուսանքի է արժանի, որովհետև բացի իր կիրառական նշանակությունից այն նաև շատ լավ օրինակ է բոլոր նրանց համար, ովքեր մեծ ջանքերի շնորհիվ կարողացել են հաջողությունների հասնել իրենց ոլորտում և հիմա ժամանակն է, որ իրենց հաջողություններից մի փոքրիկ մասնիկ փորձեն կիսել հայրենիքի հետ”: Նույն օրը, կենտրոնի բացման առիթով, Սիմոնյանների նախաձեռնությամբ “Թումո”-ի բացօթյա հրապարակում տեղի ունեցավ աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանգյանի մենահամերգը` նվագակցությամբ Հայաստանի օպերայի սիմֆոնիկ նվագախումբի և Նոր Զելանդիայից հրավիրված դիրիժոր Համիշ ՄքՔիշի: Թանգյանի ելույթին նախորդեց նաև “Dorians” ռոք խմբի բացօթյա համերգը և “Թումո”-ի նորակառույց շենքի վրա անմոռանալի եռաչափ արտապատկերումը: “Թումո”-ի բացման միջոցա-ռումները մեկնարկել էին կենտրոնի պաշտոնական բացումից դեռ 2 օր առաջ: “Հուսով ենք, որ այստեղ, Թումանյանի այգում, մեղրի խոհեմ մի կաթիլը կարող է զինել այսօրվա պատանիներին տեխնիկական և ստեղծարար հմտություններով` վաղվա Հայաստանը կերտելու համար: Մի կաթիլ “Թումոն” կդառնա մի օղակ` դրական փոփոխությունների շղթայում”, ասաց Սեմ Սիմոնյանը: “Թումո”-ի հիմնադիր, ամերիկահայ գործարար Սեմ Սիմոնյանի մանկությունն անցել է Բեյրութում: Նա սովորել է Բեյրութի Վահան Թեքեյան և ապա ՀԲԸՄ Հովակիմյան-Մանուկյան վարժարաններում: 19 տարեկանում Սեմ Սիմոնյանը տեղափոխվում է ԱՄՆ: Ստանալով կրթական վարկ ՀԲԸՄ-ից` ընդունվում և ավար-տում է Տեխասի համալսարանի էլեկտրոնային ճարտարագիտության բաժինը: 1989-ին, իր 2 ընկերների հետ, հիմնում է հեռահաղորդակցության և համակարգչային տեխնիկայի կատարելագործմամբ զբաղվող “ԻՆԵԹ” ձեռնարկությունը, որը դառնում է բազմամիլիոնանոց կապիտալով միջազգային ընկերություն: Այնուհետև ընդլայնում է բիզնեսը, ստեղծում համակարգչային կատարելագործված ծրագրեր, իրականացնում բազմաթիվ հայանպաստ ծրագրեր: Ներկայումս ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ է: Ի՞նչ է “Թումո”-ն: Համակարգչային դրախտ, որն իր դռները բացեց բոլոր այն երիտասարդների առջև, ովքեր ուզում են իրենց ապագան կապել հենց բարձր տեխնոլոգիական կրթվածության հետ: “Թումո”-ն առաջարկում է կրթություն 4 հեռանկարային ոլորտներում` դառնալով կրթական բացառիկ մի վայր, որտեղ 12-18 տարեկան պատանիները կզարգացնեն իրենց հմտությունները` ստեղծելով իրենց սեփական նախագծերն ու ծրագրերը: Կենտրոնի նպատակն է նպաստել Հայաստանում նոր սերնդի ստեղծագործական առաջընթացին և համակարգչային և բարձր տեխնոլոգիաների որակյալ մասնագետների պատ-րաստման գործընթացին: Բարի գալուստ “Թումո”:

 

 

Տեսանյութ

 

end faq