Articles

ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը համընդհանուր օնլայն ֆորումում հաջողությամբ ամփոփում է իր երկամյա գործունեությունը

Դոկտոր Զորյանը հայտարարում է հայկական մշակույթի, ինտերակտիվ մեթոդով հայոց պատմության և թուրքերենով` դասավանդման յոթերորդ լեզվով նոր դասընթացների սկիզբը, ինչպես նաև Ռոստովում և Թիֆլիսում ՀՎՀ նոր լաբորատորիաների հիմնումը Սեպտեմբերի 6, 2011թ., Երևան - Այսօր Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ), ի պատիվ հայ ազգին մատուցած իր յուրօրինակ ծառայության, տոնեց իր երկրորդ տարեդարձը` կազմակերպելով համընդհանուր օնլայն ֆորում (ՀՕՖ), որի ընթացքում ներկայացվեցին արդեն իսկ ունեցած ձեռքբերումները և քննարկվեցին հայկական օնլայն կրթության հեռանկարները: Մեկնարկելով 2009 թվականի հունիսին` ՀՎՀ-ն հայկական առաջին օնլայն համալսարանն է, որի գերնպատակն է ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ հայկական կրթությունը հասանելի դարձնել բոլորին և ամենուր: Իր երկամյա գործունեության ընթացքում Հայկական վիրտուալ համալսարանն իր ուսումնական ինը շրջանում 1300 մասնակից է ունեցել 50 երկրից: ՀՎՀ-ի ընդարձակ աշխարհագրությունը հասնում է ԱՄՆ-ից մինչև Ռուսաստան, Վենեսուելայից մինչև Հարավային Աֆրիկա, Արգենտինայից մինչև Ռեունիոն կղզի` ապացուցելով, որ ՀԲԸՄ-ի նոր կրթական ծրագիրն արդարացնում է իր նպատակը, այն է` հաղթահարել տասնամյակների ընթացքում հայկական Սփյուռքի առջև ծառացած կրթական խոչընդոտները: Համընդհանուր օնլայն ֆորումը վարեց ՀԲԸՄ կենտրոնական խորհրդի անդամ և ՀՎՀ-ի հիմնադիր նախագահ դոկտոր Երվանդ Զորյանը: Միջոցառման ընթացքում իրենց բացման խոսքով հանդես եկան ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և պատվավոր այլ հյուրեր: "Աշխարհում գործող հազարավոր օնլայն համալսարանների շարքում ՀՎՀ-ն առաջինն է, որ նվիրված է հայկական կրթությանը: Այսօր, երբ աշխարհում հայ երիտասարդների միայն հինգ տոկոսն ունի հայկական ավանդական կրթություն ստանալու հնարավորություն, նման հաստատության գոյությունը գնալով դառնում է ավելի ու ավելի կենսական, - ասաց դոկտոր Երվանդ Զորյանը: - Մինչ մեր վիրտուալ ուսանողները ամբողջ աշխարհից մեծ խանդավառությամբ մասնակցում են դասընթացներին, ՀՎՀ-ն շարունակում է տարածել իր համապարփակ կրթությունը բազմաթիվ ուղղություններով: Այսօր մեծ ուրախությամբ հայտարարում եմ հայկական մշակույթի բնագավառում տեսողական արվեստի նոր դասընթացների ստեղծման, արդի տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով հայոց պատմության դասավանդման, ինչպես նաև թուրքերենի` դասավանդման յոթերորդ լեզվի ավելացման մասին: Վերջինս հատկապես անհրաժեշտ է Թուրքիայում և արևմտյան Եվրոպայում բնակվող մեր հայրենակիցների համար: Ի վերջո, կարևորում եմ նաև հիբրիդ կրթության մեր ծրագրի ընդլայնումը ԱՊՀ երկրներում, որը հիմնում է ՀՎՀ լաբորատորիաներ Թիֆլիսում և Ռոստովում": "Երբ երկու տարի առաջ մեկնարկեց ծրագիրը, անհայտ էր, թե ինչ ընթացք կունենա այս փայլուն գաղափարը: Այսօր արդեն գրանցած ակնհայտ հաջողությունները շատ ոգևորիչ են: Ես կշարունակեմ առավելագույն ջանքեր գործադրել այս ծրագիրը տարատեսակ շրջանակներում ներկայացնելու համար", - ասաց ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: "Տարիների ընթացքում Թբիլիսիում պակասել է հայկական դպրոցների թիվը, և 2011 ուսուսմնական տարվա դրությամբ 80 հազար հայ բնակչության համար հայկական ընդամենը 1 դպրոց է գործում, ինչի արդյունքում տեղի ռուսական դպրոցների աշակերտների 90 տոկոսը հայեր են, - ասաց Հայ Առաքելական Եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը: Այնինչ հրաշալի կլիներ տեղում հայկական կրթություն տրամադրել: ՀՎՀ-ն հայկական դպրոց չունեցող համայնքներում հայ ինքնության պահպանման հոյակապ հնարավորություն է": ՀՎՀ-ի ծրագիրը նախաձեռնվել է 2004 թվականին՝ որպես հայկական Սփյուռքի և մերօրյա ոսանողների ներկա պահանջները բավարարող կրթական ծրագիր: Այդ օրվանից ի վեր, ծրագրում կիրառվող տեխնոլոգիաները բազմակողմանիորեն զարգացել են Հայաստանում՝ Երևանի պետական համալսարանի գիտնականների և ինժեներների անմիջական համագործակցության արդյունքում: Իր երկամյա գործունեության ընթացքում ՀՎՀ-ն նախաձեռնել է նաև հիբրիդ կրթության մեթոդը, որի գլխավոր նպատակն է միաժամանակ ավանդական և օնլայն մեթոդաբանության կիրառմամբ դասընթացներ տրամադրել դպրոցներին և կրթական հաստատություններին: ՀՎՀ-ն այս մեթոդը առաջին անգամ կիրառել է Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժայի Օհանեսյան մեկօրյա դպրոցում: Երկու տարի անց շուրջ 10 դպրոց և համայնք միացել են հիբրիդ կրթության այս մեթոդին: Համընդհանուր ֆորումին ներկա էին Թիֆլիսի և Ռոստովի համայնքների ներկայացուցիչները: Վերջինս իր ուսումնական շրջանը մեկնարկելու է 2011թ. հոկտեմբերին: Աշխարհի տարբեր երկրներից ժամանած շատ ուսանողներ, ինչպես նաև ՀՎՀ օնլայն դասախոսները և օնլայն կրթության մասնագետները ներկա էին համընդհանուր ֆորումին: Օնլայն կապ հաստատվեց ուսանողների հետ ԱՄՆ-ից, Ռուսաս-տանից, Իսպանիայից և Ուրուգվայից: Ուսանողները և օնլայն դասախոսները խոսեցին իրենց տպա-վորությունների մասին և պատասխանեցին ներկաների հարցերին: Հայաստան այցելած որոշ ուսանողներ ևս մասնակցեցին միջոցառմանը և իրենց կարծիքն արտահայտեցին: Այսօր ՀՎՀ-ն շարունակում է զարգացնել իր երեք` Հայոց լեզվի, Պատմության և Մշակույթի ֆակուլտետները, որոնցից յուրաքանչյուրը տարբեր մակարդակների դասընթացներ է առաջարկում: Թուրքերենը ավելացվեց արդեն իսկ գործող դասավանդման վեց լեզուներին` արևելահայերեն, արևմտահայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և իսպաներեն:

 

 

Տեսանյութ

 

end faq