Articles

ՀԲԸՄ ՀՎՀ ՆՈՐ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԵՎ ԴՈՆԻ ՌՈՍՏՈՎՈՒՄ

ՀՎՀ հիմնադիր նախագահ Դր. Երվանդ Զորյանի` Ռուսաստանում և Վրաստանում ՀՎՀ գրասենյակներ բացելու խոստումները երկար չսպասեցրին: Սեպտեմբեր 28-ին, Դոնի Ռոստովի հայ համայնքի կենտրոնի շենքում բացվեց ՀՎՀ նոր գրասենյակ, որն իր կարևոր դերը պիտի ունենա հայկական ամենամեծ գաղութն ունեցող պետությունում` Ռուսաստանում, հայապահպանմանն ուղղված ծրագրերի իրականացման գործում: Բացմանը ներկա էին տեղի հայ համայնքի և եկեղեցու ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր և լրագրողներ: Նոր գրասենյակի ժապավենը կտրեցին տեղի հայ համայնքի ղեկավար Հարություն Սուրմալյանը և ՀՎՀ օնլայն ուսուցչուհի Մարինա Խաչատրյանը: Շնորհավորական խոսքերով հանդես եկան “Հայազգ” ֆոնդի նախագահ Սերգեյ Սայադովը, “Նոյան Տապան” թերթի գլխավոր խմբագիր Գրիգոր Անիսոնյանը: Մարինա Խաչատուրյանը ներկայացրեց ՀՎՀ գործունեությունը` կենտրոնանալով հատկապես հիբրիդ կրթական մոդելով ՀՎՀ-ի և այլ դպրոցների միջև ձևավորված համագործակցության փորձին: Ռոստովին հետևեց նաև ՀՎՀ նոր գրասենյակի բացումը Թբիլիսիի “Հայարտուն” կրթամշակութային նորաբաց կենտրոնում հոկտեմբերի 8-ին: Բացման արարողությանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, ՀՀ սփյուռքի նախարարության Կովկասյան տարածաշրջանի բաժնի պետ Տարոն Շաղոյանը, Կենտրոնի կառուցման բարերար Բորիս Սահակովը, “Ջինիշյան հիշատակի հիմնադրամ”-ի Հայաստանի գրասենյակի պատասխանատու Արմեն Հակոբյանը, ՀԲԸՄ ՀՎՀ ներկայացուցիչ Դալար Գազանճյանը, բազմաթիվ արվեստագետներ և Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչներ: