Articles

ՀԲԸՄ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆԻ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

Ազգային շահերի պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և դրսևորած անմնացորդ նվիրումի, Հայաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների, ազգանվեր երկարամյա և բեղմնավոր գործունեության համար Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանով: Շքանշանը, որը Հայաստանի Հանրապետության կողմցից շնորհված բարձրագույն պարգևներից է, ՀԲԸՄ նախագահին հանձնվեց սեպտեմբերի 23-ին ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին նվիրված հանդիսության ժամանակ, որը տեղի ունեցավ Նյու Յորքում: Միջոցառմանը ներկա էին Նյու Յորքի հայ համայնքի ավելի քան 700 ներկայացուցիչներ: Այն կազմակերպվել էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության և ամերիկահայ առաջատար կազմակերպությունների ջանքերով: Իր խոսքում նախագահ Սարգսյանը մասնավորապես նշեց, “Մենք միասին ենք նորոգելու մեր հույսն ու հավատը մեր հրաշալի երկրի և մեր ուժերի հանդեպ: Նորոգելու ենք մեր ուխտը, որին հազարամյակների ընթացքում շատ քչերն են դավաճանել և որը շատ շատերը հավատարմորեն պահել են: Պահել են ու կռվել, ստեղծագործել են և ուսուցանել, բուժել են և կառուցել, մատյաններ են գրել ու վերծանել, բանտ ու աքսոր են գնացել, առողջ և ուսյալ զավակներ են մեծացրել ու նրանց կտակել դարավոր ուխտին հավատարիմ մնալու բանաձևը”: Երկրի ղեկավարը անդրադարձավ նաև հայրենիքի և սփյուռքի միջև ձևավորված յուրօրինակ և չափազանց կարևոր հարաբերություններին, “Առիթներ եմ ունեցել նշելու, որ օր օրի Հայաստանն ու Սփյուռքը միմյանց շարունակությունն են դառնում: Մենք չենք կարող ունենալ մեր երազած Հայաստանը՝ չներգրավելով այնտեղ Սփյուռքի մեր հայրենակիցների ջանքերն ու ավանդը: Մյուս կողմից մենք չենք կարող ունենալ արդյունավետ գործող, հայ մնացող, մեր ավանդույթները պահպանող ու զարգացնող սեփական ինքնությամբ հպարտացող Սփյուռք՝ առանց կայուն զարգացող, աշխարհում իր տեղն ու դերն ունեցող Հայրենիքի”: Պատվո Շքանշանը Հայաստանի Հանրապետության կողմից շնորհվող բարձրագույն պարգևներից է: Ադ երեկո ՀՀ նախագահի կողմից մեդալների և շքանշանների արժանացան նաև. ՀԲԸՄ անդամ, Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի հիմնադիր Ռիտա Բալյանը հայապահպանության գործում ներդրած ծանրակշիռ ավանդի, հայրենիքին մատուցած ծառայությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև բարեկամության ամրապնդմանը մեծապես նպաստելու համար պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն երկարամյա ծառայության, ազգային հոգևոր արժեքների պահպանման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ԱՄՆ հայոց արևելյան թեմի առաջնորդ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը պարգևատրվել է “Հայրենիքին մատուցած ծառայությունների համար” 2-րդ աստիճանի մեդալով: Դիվանագիտության ասպարեզում ունեցած նշանակալի ծառայությունների համար Մխիթար Գոշի մեդալով են պարգևատրվել ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը և ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը: