Articles

ԸՆԹՐԻՔ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ Ի ՊԱՏԻՎ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԳԱՐԵԳԻՆ Բ-Ի ԾՆՆԴՅԱՆ 60-ԱՄՅԱԿԻ

Ստեղծվեց “Հոգևոր սպասավորների պատրաստության հայրապետական հիմնադրամ” Հոկտեմբերի 12-ին, Մանհեթենի “Մետրոպոլիտեն” հյուրանոցում, մասնակցությամբ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի բարեկամների և բարերարների, տեր և տիկին Նազար և Արտեմիս Նազարյանների կողմից կազմակերպվեց ընթրիք ի պատիվ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ծննդյան 60-ամյակին: Շուրջ 60 հրավիրյալների մասնակցությամբ ընթրիքն անցավ սիրալիր և ջերմ բարեկամական մթնոլորտում: Իր բացման խոսքում հանդիպման հանդիսավար, ՀԲԸ Միության նախագահ Պերճ Սեդրակյանը ողջունեց բոլոր ներկաներին և շնորհավորեց Ամենայն հայոց հայրապետին ծննդյան կապակցությամբ: “Դուք այսօր շրջապատված եք Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի մեծ բարեկամներով”, ասաց պարոն Սեդրակյանն ու ավելացրեց, որ ՀԲԸ Միությունը երկար տարիներ զորակցել է Հայ եկեղեցու հզորացմանն ուղղված Վեհափառ Հայրապետի ջանքերին ու նախաձեռնություններին: Հաջորդեց Հայ եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի խոսքը, որը նախ շնորհավորեց Վեհափառ Հայրապետին, ապա խոսեց ժամանակներին համահունչ` հոգևորականների պատրաստության կարևոր խնդրի և այդ առաքելության իրագործմանն ուղղված Վեհափառ Հայրապետի ջանքերի մասին: Այս առիթով Սրբազանը հյուրերին տեղեկացրեց Գերագույն Հոգևոր Խորհրդի 2011թ. մարտի 17-19-ի ժողովի “Հոգևոր սպասավորների պատրաստության հայրապետական հիմնադրամ” ստեղծելու որոշման մասին, որի նախագահն է տիար Պերճ Սեդրակյանը: “Իմ անձնական փորձից ելնելով, կարող եմ ասել, որ լավ պատրաստված և կրթված հոգևոր հովիվը բանալին է հովվական կյանքի”, ասաց Խաժակ սրբազանը: ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը հայտարարեց առաջին նվիրատվությունը` 1 մլն ԱՄՆ դոլար Միության կրթաթոշակների ֆոնդից: Հետևեց ազգային բարերար տեր և տիկին Նազար և Արտեմիս Նազարյանների նվիրատվությունը նույնպես 1 մլն դոլար: Մեկական միլիոն ԱՄՆ դոլար նվիրատվություններ կատարեցին նաև տեր և տիկին Սարգիս և Ռութ Բեդևյանները և տեր և տիկին Հրաչ և Սյուզան Թուֆայանները: Տեր և տիկին Պերճ և Վերա Սեդրակյանները հիմնադրամին նվիրաբերեցին 250 հազար ԱՄՆ դոլար գումար, 100 հազարական ԱՄՆ դոլար նվիրաբերեցին տեր և տիկին Երվանդ և Մելիսա Դեմիրճյանները, տեր և տիկին Հայկ և Էլզա Դիդիզյանները, տեր և տիկին Նշան և Մարգարետ Աթինիզյանները: Տեր և տիկին Հարրի և Էդնա Քելեշյանները, Օսկար Թաթոսյանը և Ջերրի Դեմիրճյանը այս նպատակին հատկացրեցին յուրաքանչյուրը 50 հազար ԱՄՆ դոլար: Տեր և տիկին Ջորջ և Ալիս Գևորգյանները, տեր և տիկին Զավեն և Առլին Դադեկյանները, տեր և տիկին Բաբկեն և Անահիտ Մկրյանները, դոկտ. և տիկին Հարություն և Շաքե Մեխճյանները հիմնադրամին նվիրաբերեցին 25 հազարական ԱՄՆ դոլար: Հիմնադրամի նախագահը հայտնեց նաև, որ Հայ եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի տեղեկացմամբ նույն նպատակի համար թեմի հայորդյաց կողմից արդեն հավաքվել է 1 մլն. ԱՄՆ դոլար գումար: Ճաշկերույթի ավարտին ներկաներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Վեհափառ Հայրապետը` շնորհակալություն հայտնելով բարերար հայորդիներին Մայր Աթոռ Ս. Էջմիածնին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին ցուցաբերվող մշտական զորակցության և հոգևորականների նոր սերնդի պատրաստության կարևոր գործին ազնիվ նվիրաբերումներով սատարելու համար: Ի նպաստ հոգևորականների պատրաստության հիմնադրամի, որի ընդհանուր համակարգողն է տիկին Լոռա Գոնոնյանը, նվիրատվությունները շարունակվում են:

 

 

Տեսանյութ

 

end faq

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: