Articles

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՏՈՆՈՒՄ Է ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 20-ԱՄՅԱԿԸ

Սեպտեմբերի 27-ին, “Տեսակետ” մամուլի ակումբում տեղի ունեցավ մամլո ասուլիս` մասնակցությամբ Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) հիմնադիր-նախագահ դր. Միհրան Աղբաբյանի, ՀԱՀ նախագահ դր. Բրյուս Պողոսյանի և ՀԱՀ հիմնադիր և պրովոստի պաշտոնակատար դր. Արմեն Տեր-Կյուրեղյանի, որով և պաշտոնապես մեկնարկեց ՀԱՀ հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: Դր. Աղբաբյանը վերհիշեց ՀԱՀ ստեղծման պատմությունը, թե ինչպես այդ գաղափարը գտավ աջակիցներ ի դեմս Լուիզ Մանուկյան Սիմոնի և գործընկերներ ի դեմս Կալիֆորնիայի Համալսարանի և ՀՀ կրթության նախարարության: Դր. Արմեն Տեր-Կյուրեղյանը խոսեց համալսարանի դերի և ձեռքբերումների, Կալիֆորնիայի համալսարանի հետ ունեցած համաձայնագրի և ՀԱՀ հավատարմագրման մասին: ՀԱՀ-ն այսօր ունի 2 հազար շրջանավարտ և ներկայումս սովորող ևս 400 ուսանող: ՀԱՀ շրջանավարտների 80 տոկոսն աշխատում է Հայաստանում, մյուսները համատեղման կարգով աշխատում են նաև այլ երկրներում: ՀԱՀ նախագահ դր. Բրյուս Պողոսյանը ներկայացրեց 20-ամյակին նվիրված միջոցառումների ցանկը, խոսեց կառավարության, համալսարանների և այլ ակադեմիական հաստատությունների հետ ՀԱՀ-ի զարգացող հարաμերությունների, ուսանողների հավաքագրման գործընթացի, ամառային և արտերկրյա ծրագրերի ընդլայման մասին: Վերջում հյուրերը պատասխանեցին լրագրողներին հուզող հարցերին:

Ցուցահանդես և համերգ ՀԱՀ Ագեան արվեստասրահում

Սեպտեմբերի 28-ին, ՀԱՀ Ագեան արվեստասրահում բացվեց գյումրեցի նկարիչներ Կարեն Ալեքյանի և Հրաչյա Վարդանյանի գործերի ցուցահանդեսը: “Մենք հպարտ ենք, որ մեր հարկի տակ կարող ենք ներկայացնել նման ցուցահանդեսներ, ժամանակակից արվեստից մինչև անհատական հավաքածուներ, որոնք բաց կլինեն բոլորի առջև: Ագեան սրահը մեզ ընձեռում է այդ հնարավորությունը”, - ասաց Բրյուս Պողոսյանը: Ցուցադրությանը հետևեց երաժիշտ-կոմպոզիտոր Լիլիթ Պիպոյանի և նրա խմբի համերգը, որը Ագեան սրահը վերածեց մի փոքրիկ համերգասրահի:

Ուղևորություն Գյումրի

Սեպտեմբերի 29-ին կազմակերպվեց ուղևորություն Գյումրի, որտեղ ներկայացվեցին Թրփանջյան գյուղական զարգացման և Հակոբյան բնապահպանական կենտրոնի էկոտուրիզմի զարգացման ծրագրերը:

Կրթական Գիտաժողով

ՀԱՀ-ում ՀԱՀ “Ալեք և Մարի Մանուկյան” դահլիճում, սեպտեմբերի 30-ին, կայացավ “Բարձրագույն կրթության հեռանկարները” խորագրով գիտաժողով` մասնակցությամբ շուրջ 80 գիտնականների ու դասախոսնորի ԱՄՆ-ից և Հայաստանից: Ելույթներով հանդես եկան ՀԱՀ կորպորացիայի հոգաբարձուների խորհրդի ատենապետ, Կալիֆորնիայի համալսարանի պրովոստ Դր. Ջադսոն Քինգը, Բերկլիի Կալիֆորնիայի համալսարանի տեղեկատվական ֆակուլտետի դեկան Դր. ԱննաԼի Սաքսենյանը, ՀԱՀ Պատվավոր նախագահ, Լոս Անջելոսի Կալիֆորնիայի համալսարանի Հանրային առողջապահության ֆակուլտետի փոխդեկան Դր. Հարություն Արմենյանը, Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դր. Յուրի Սարգսյանը, Կրթական դինամիկա ընկերության փոխնախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Քերոլ Ասլանյանը, ՀԱՀ նախագահ Դր. Բրյուս Պողոսյանը: Գիտաժողովը նախագահում էր Դր. Արմեն Տեր-Կյուրեղյանը:

Տոնական հանդիսություն նվիրված ՀԱՀ 20-ամյակին

Նույն օրը, ՀԱՀ Մեծ դահլիճում, տեղի ունեցավ տոնական հանդիսություն նվիրված Հայաստանի ամերիկյան համալսարանի 20-ամյա հոբելյանին: Այն մեկնարկեց խորհրդանշական շքերթով, որի ընթացքում դահլիճ բերվեցին Հայաստանի, ԱՄՆ-ի և համալսարանի դրոշները, ինչպես նաև հնչեցին երկու պետությունների պետական օրհներգերը: Հաջորդեցին ողջույնի և շնորհավորանքի ելույթները: Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, միջազգային կառույցների և դիվանագիտական կորպուսների ներկայացուցիչներ, այլոք: ՀԱՀ նախագահ Բրյուս Պողոսյանը ներկայացրեց համալսարանի ստեղծման և գործունեության պատմությունը` ուրախությամբ արձանագրելով այն խորհրդանշական փաստը, որ համալսարանի ստեղծումը համընկնում է ՀՀ անկախության ընդունման հետ: Միջոցառմանը ներկա էին նաև համալսարանի երկու նախկին նախագահները` Միհրան Աղբաբյանը և Հարություն Արմենյանը: “Արագ փոփոխվող աշխարհում մեր անկախ պետականության ամրապնդման հիմնական գործիքը պետք է լինի գիտելիքը: Ամերիկյան համալսարանը պետք է ընդլայնվի, նրա գործառույթները դառնան բազմազան, իսկ ծառայությունները` հասանելի մեր երիտասարդների համար: Սա է այն խնդիրը, որ ՀՀ կառավարությունը դնում է համալսարանի առջև` գիտելիք: Մրցունակ են այն ազգերը, որոնք հասկանում են գիտելիքի պահանջը և զինվում գիտելիքով”, - իր շնորհավորական ուղերձում նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: ՀՀ կրթության նախարար Արմեն Աշոտյանը հույս հայտնեց, որ առաջիկայում ևս ՀԱՀ-ն բարձրագույն կրթության համակարգում կլինի նորաձևություն ձևավորող և թելադրող: Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը ներկաներին փոխանցեց Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի օրհնության խոսքը, իսկ Քերոլ Ասլանյանը` ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի շնորհավորական ուղերձը: Ողջույնի խոսքեր ասացին նաև Դր. Ջադսոն Քինգը, Դր. Արմեն Տեր-Կյուրեղյանը, Դր. Միհրան Աղբաբյանը, Բրյուս Դոնահյուն, Դր. Հարություն Արմենյանը, ՀԱՀ շրջանավարտներ: Երաժշտական կատարումով հանդես եկավ նաև “Կոմիտաս” լարային քառյակը: ՀԱՀ հիմնադրման 20-ամյակի առթիվ և կրթության ու գիտության բնագավառներում ներդրած ակնառու ավանդի համար ՀՀ պետական ճարտարագիտական համալսարանի պրոֆեսոր, “Հայաստանի ամերիկյան համալսարան” հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ դր. Յուրի Սարգսյանը և ՀԱՀ կորպորացիայի հոգաբարձուների խորհրդի ատենապետ, Կալիֆորնիայի համալսարանի պրովոստ դր. Ջադսոն Քինգը պարգևատրվեցին ՀՀ վարչապետի և կրթության նախարարի հուշամեդալներով:

Լուսանկարների ցուցահանդես ՀԱՀ-ում

Օրվա միջոցառումների շարքը շարունակեց ՀԱՀ “Միհրան և Էլիզաբեթ Աղբաբյան” սրահում տեղի ունեցած լուսանկարների ցուցահանդեսը: 20 ցուցապաստառների միջոցով ներկայացվեց ՀԱՀ 20-ամյա պատմության ժամանակագրությունը` զար-գացման ընթացքում տեղ գտած բոլոր նշանակալից իրադարձություններով:

Հոբելյանական ճաշկերույթ նվիրված ՀԱՀ 20-ամյակին

Հոկտեմբերի 1-ին, Նոր Ձորաբերդ ռեստորանային համալիրում տեղի ունեցած ճաշկերույթն ամփոփեց ՀԱՀ 20-ամյակին նվիրված միջոցառումների շաբաթը:

 

 

Տեսանյութ

 

end faq