Articles

"ԱՐՄԵՆԻԱԿԱ" ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ

Հոկտեմբերի 13-ին, Երևանի “ԹՈՒՄՈ” ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ հայկական ճարտարապետական ժառանգությանը նվիրված տվյալների շտեմարանի` “Արմենիակա”-ի մեկնարկը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀԲԸՄ Եվրոպայի ատենապետ Ալեքսի Գովցյանը, ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամներ Վազգեն Յակուբյանը և դր. Երվանդ Զորյանը, ՀԲԸՄ Փարիզի Նուբարյան գրադարանի տնօրեն Ռայմոնդ Գևորգյանը, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը, բազմաթիվ այլ հյուրեր: Ծրագրի կազմակերպիչներն են Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ, Ֆրանսիա), Հայկական մշակույթի ուսումնասիրության և վավերագրության կենտրոնը (ՀՄՈՒՎԿ, Իտալիա), Inside Europe-ը (Բելգիա) և Հայկական ճարտարապետության ուսումնասիրության հիմնադրամը (ՀՃՈՒՀ, Հայաստան): Արմենիակա ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոհանձնաժողովի “Մշակույթ 2007-2013” ծրագրի կողմից: Ծրագրի նպատակն է արժևորել ընդհանուր մշակութային ժառանգությունը` գնահատելով ու պահպանելով հայկական ճարտարապետական ժառանգությանը նվիրված արխիվները: Բացման խոսքով հանդես եկավ Ռայմոնդ Գևորգյանը: Այնուհետև ծրագրի մասին խոսեցին նաև Digilib ընկերության տեխնիկական ղեկավար Հովհաննես Կիզողյանը և ՀՃՈՒՀ տնօրեն Սամվել Կարապետյանը: Վերջում իր ողջույնի խոսքն ասաց նաև ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: “Արմենիակա” ծրագիրը միջազգային համագործակցության ամուր հիմք է ստեղծում, որը ժամանակի ընթացքում թույլ կտա լցնել ճարտարապետական ժառանգության անհատակ անդունդը` հետազոտությունները տանելով նորանոր աշխարհագրական ուղղություններով, որոնք մինչ այժմ անհայտ են եղել: Ծրագրի կազմակերպիչներն աշխատել են մասնավորապես հետևյալ ուղղություններով` • Նպաստել գիտելիքների փոխանցմանը, հայկական ճարտարապետական ժառանգության նկատմամμ հասարակական հոգածության ձևավորմանը և այն հասարակությանն առավել հասանելի դարձնելուն: • Համախմբել հայկական մշակութային ժառանգության պահպանմամբ և արժևորմամμ զμաղվող հայկական և եվրոպական կազմակերպություններին: • Երաշխավորել հայկական ու եվրոպական ճարտարապետական արխիվների պահպանությունը: Ծրագրի շրջանակներում հաշվառման նպատակով Java լեզվով մշակվել է տվյալների բազա: Այն բավականին հեռանկարային է` հետագայում լրացուցիչ նպատակների իրագործման համար այլ ծրագրերի միանալու հնարավորությամբ: Այն ներառում է Միշել և Նիկոլ Թիերիների, Պատրիկ Տոնապետյանի, Ռայմոնդ և Սուրեն Գևորգյանների, ՀՃՈՒՀ–ի, մասնավորապես Արմեն Հախնազարյանի և Սամվել Կարապետյանի, ինչպես նաև 1974թ. Ալպագո Նովելոյի կողմից հիմնադրված և ներկայումս Գայանե Կասնատիի կողմից ղեկավարվող ՀՄՈՒՎԿ-ի (Իտալիա) հավաքածուները: 2011թ. հոկտեմբերի դրությամμ տվյալների շտեմարանը ներառում է մոտ 250,000 թվայնացված փաստաթուղթ: Այս ծրագիրը նախաձեռնվել է Արմեն Հախնազարյանին նվիրված մի աշխատաժողովի ընթացքում: “Արմենիակա”-ի մեկնարկը Հայաստանում շարունակվեց հաջորդ օրը` հոկտեմբերի 14-ին, Հ. Թումանյանի տուն-թանգարանում կազմակերպված ցուցահանդեսով: Այն նախաձեռնել էր Գայանե Կասնատին և նվիրված էր հայկական ճարտարապետության ուսումնասիրության առաջամարտիկներին: Սա այս նյութերի անդրանիկ ցուցադրությունն էր: Հետագայում ցուցահանդեսը կներկայացվի նաև Եվրոպայում: “Արմենիակա”-ի հետագա գործունեությունն ուղղորդելու նպատակով ստեղծվել է գիտական խորհուրդ, որը գլխավորում է Պատրիկ Տոնապետյանը:

 

 

Տեսանյութ

 

end faq