Articles

Փասադենայի ՀԲԸՄ սկաուտների նվերները Գյումրիի “Հույս” մանկատանը

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչությունը ՀԲԸՄ Փասադենայի, Կալիֆոռնիայի երիտասարդ սկաուտներից Գյումրիի ՙՀույս՚ մանկատան համար նվիրատվություն ստացավ:Նվերներով լի 8 մեծ արկղերը պարունակում էին հագուստ` ձմեռային գլխարկներ, ձեռնոցներ եւ շարֆեր, ինչպես նաեւ խաղալիքներ ու գրենական պիտույքներ: Հունիսի 8-ին ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժների երեւանյան խմբի անդամները ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակի աջակցությամբ այցելեցին Գյումրի եւ ՀԲԸՄ սկաուտների նվերները փոխանցեցին մանկատանը: ՙՀույս՚ մանկատանն ապրում են 4-18 տարեկան 76 երեխաներ, որոնցից յուրաքանչյուրի համար նվերների առանձին փաթեթներ էր պատրաստել նաեւ ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության աշխատակազմը: Նվերները հավասարապես բաժանվեցին բոլոր երեխաներին: Երեխաներից յուրաքանչյուրը ստացավ նվերների իր փաթեթը, որը համապատասխանում էր իր տարիքին: Փոքրիկներն անսահման երջանիկ էին եւ ուրախ նվերների համար, որոնք ստանալուց անմիջապես հետո բաց արեցին. սկսեցին խաղալ իրենց նոր խաղալիքներով, խզբզել գրիչներով, նկարել գունավոր մատիտներով: Երեխաներն անմիջապես սկսեցին կրել նաեւ իրենց նոր զգեստները: Երջանիկ մթնոլորտն իշխում էր ողջ մանկատանը: Նվիրատվության մեջ մտնում էր նաեւ 17-18 տարեկան պատանիների համար նախատեսված հագուստ, որը փոխանցեցին այդ տարիքային խմբի ներկայացուցիչներին: Ի դեպ, 18-ամյա երկու աղջիկներ վերջերս ամուսնացել էին եւ տեղափոխվել մանկատնից: Այդուհանդերձ, պատանիների մյուս մասը դեռեւս այնտեղ էր, եւ իսկապես հաճելի էր տեսնել նրանց տպավորությունները, որ կիսում էին միմյանց հետ: Մանկատնից դուրս գալիս ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժների երեւանյան խմբի անդամները հանդիպեցին մի քանի երեխաների, ովքեր Գյումրիի վարժարանի դասերից վերադառնում էին իրենց հանգրվանը` ՙՀույս՚ մանկատուն:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: