ՆՇՎԵՑ «ԱՆԴՐԱՆԻԿ» ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄԻ 10 ԱՄՅԱԿԸ

Շուրջ 10 տարի է իրականություն է դառնում ՀԲԸՄ հազարավոր սկաուտների և արենուշների երազանքը՝ նրանք բանակումն անցկացնում են հայրենի հողի վրա՝ ՀԲԸՄ բանակավայրում։

Սույն թվականի հուլիսի 1-ից մեկնարկեց Անդրանիկ սկաուտական բանակումի նախապատրաստական աշխատանքները, որոնք կազմնակերպվեցին ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի կողմից՝ Անդրանիկ բանակումի ղեկավար Ռայմոնդ Հարթունիի, ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակի փոխտնօրեն Հովիկ Եորդեկյանի, ՀԲԸՄ Հայաստանում սփյուռքահայ երիտասարդական ծրագրերի համակարգող Հերմինե Դյուզյանի ու ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի ատենապետ և ընդհանուր խմբապետ Սարօ Թադեոսի անմիջական աջակցությամբ։ Հուլիսի 7-ից բանակավայրն իր դռները բացեց Հայաստանի սկաուտական խմբի ամենափոքր ճամբարականների առաջ՝ գայլիկների և արծվիկների, ովքեր անցկացրեցին ուրախ, հետաքրքիր և անմոռանալի օրեր՝ կիրառելով ողջ տարվա ընթացքում ստացած իրենց գիտելիքները։

Հուլիսի 12-ին ճամբարը համալրվեց բոլոր մասնակիցներով՝ 200-ից ավելի սկաուտներ և արենուշներ (այդ օրը ժամանեցին Հայաստանի, Լիբանանի, Թբիլիսիի և Ջավախքի խմբերը), և այդ օրն էլ կատարվեց բացման արարողությունը, որը կրկնակի ոգևորությամբ անցավ, քանի որ նույն օրն էլ օծվեց բանակավայրի դրոշը։ Օծումը կատարվեց Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, Անդրանիկ բանակավայրի պատասխանատու Ռայմոնդ Հարթունիի և բանակավայրի դրոշակապետ Սարօ Թադեոսի գլխավորությամբ։

Ամենամյա բանակումները հիանալի առիթ են աշխարհում սփռված քույրերին և եղբայրներին մի վայրում համախմբվելու ու փորձառություններով կիսվելու համար։

Հուլիսի 16-ին տեղի ունեցավ հարիսայի օրհնության արարողությունը և խարույկահանդեսը։ Հարիսան այս տարի առաջին անգամ պատրաստվել էր երեց-քարավել խմբի կողմից: Օրհնության արարողությունից հետո օրհնված հարիսան բաժանվեց 750 ավելի հյուրերի։

Այս տարի մեծ շուքով տոնվեց խարույկահանդեսը, քանի որ նշվում էր Անդրանիկ բանակավայրի տասնամյակը: Այս առիթով, քրտնաջան աշխատանքի և նվիրումի համար հանդիսավոր կերպով պարգևատրվեցին ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը, ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրեն Դալար Կազանջյանը, ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակի փոխտնօրեն Հովիկ Եորդեկյանը, Անդրանիկ բանակավայրի հիմնադիր պատասխանատու Գևորգ Սանթուրյանը, Անդրանիկ բանակավայրի ներկայիս պատասխանատու Ռայմոդ Հարթունին, ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խորհրդի 1-ին ատենապետ Կարեն Տիրարյանը, 2-րդ ատենապետ Էդի Տեր Գասպարը, 3-րդ ատենապետ Գևորգ Սիմոնյանը, 4-րդ ատենապետ Հերմինե Դյուզյանը և ՀԲԸՄ Հայաստանի ներկայիս գործող ատենապետ Սարօ Թադեոսը։ Խարույկահանդեսին ներկա էին նաև սկաուտների և արենուշների ծնողներ, տարբեր երիտասարդական խմբեր և հյուրեր Հայաստանից ու արտերկրից։

Այս տարվա բանակումն անցկացվեց մեկ փուլով՝ հուլիսի 12-ից մինչև հուլիսի 26-ը։ Այդ օրերին սկաուտներն ու արենուշները միասին հաճելի ու օգտակար ժամանակ անցկացնելուց, ինչպես նաև սկաուտական ծրագրեր, արշավներ ու շրջագայություններ կատարելուց հետո բաժանվեցին մեծ հուզմունքով, սակայն կրկին հանդիպելու ակնկալիքով։

 
Դուք այստեղ եք՝ Home ՀԲԸՄ սկաուտներ Անդրանիկ սկաուտական ճամբար ՆՇՎԵՑ «ԱՆԴՐԱՆԻԿ» ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄԻ 10 ԱՄՅԱԿԸ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: