ՀԲԸՄ «ԱՆԴՐԱՆԻԿ» ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՎԵՑԵՐՈՐԴ ԲԱՆԱԿՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԲԵՐԵՑ 300 ՍԿԱՈՒՏՆԵՐ ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՑ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀԲԸՄ երիտասարդական ծրագրերի շրջանակներում անցկացվող սկաուտական 6-րդ բանակումի մեկնարկը տրվեց հուլիսի 14-ին, Լոռու մարզի Լերմոնտովո հովտում գտնվող ՀԲԸՄ ճամբարում: Բացման արարողությանն իր օրհնության խոսքն ասաց Գուգարաց Թեմի Առաջնորդ Սեպուհ արք. Չուլջյանը: Սկաուտական բանակումի առաջին փուլին մասնակցում էին ՀԲԸՄ Բեյրութի, Թեհրանի, Թբիլիսիի և Բաթումիի խմբերը ներկայացնող 140 սկաուտներ: Սկաուտական առօրյան սկսում է առավոտյան մարզանքով ու դրոշակի արարողությամբ, այնուհետև նախաճաշ, վրանի և տարածքի մաքրություն, արշավներ, դասախոսություններ, խաղեր, իսկ երեկոյան ընթրիք, երգ ու պար խարույկի շուրջ և կրկին դրոշակի արարողություն: «Անդրանիկ» սկաուտական բանակումի առաջին փուլի խարույկահանդեսը տեղի ունեցավ հուլիսի 21-ին: Արարողությանը մասնակցում էին ՀԲԸՄ ներկայացուցիչներ` Հայաստանի գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանի գլխավորությամբ, ինչպես նաև Երևանից ժամանած բազմաթիվ հյուրեր: Կատարվեց դրոշի արարողությունն ու սկաուտական խմբերի տողանցքը, որին այս տարի հատուկ փայլ տվեց ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբի նորաստեղծ փողային նվագախումբը: «Մեր թիվն ավելանում է տարեցտարի, բայց մեր ուժը միայն քանակի մեջ չէ, մենք ուժեղ ենք մեր հոգով ու մեր Միության պատմական անցալով ու պայծառ ապագայով: Այս երիտասարդներն են, որ կերտելու են այդ ապագան: Այն ինչ ավելի քան մեկ դար կերտել են մեր երախտավորները, այս երիտասարդները պետք է շարունակեն», - ասաց «Անդրանիկ» սկաուտական բանակումի ընդհանուր պատասխանատու Գևորգ Սանթուրյան: Հայաստանում անցկացրած օրերի ընթացքում ճամբարականներն այցելեցին Էջմիածին, Հաղարծին, Սևան, Գառնի, Գեղարդ, Ծիծեռնակաբերդ, կազմակերպվեց արշավ դեպի Գոշավանք և Գոշի լիճ: Անմոռանալի էր ԹՈՒՄՈ կենտրոնում անցկացրած օրը, որտեղ սկաուտները շփվեցին ԹՈՒՄՈ-ի սաների ու աշխատակազմի հետ, դիտեցին նրանց պատրաստած տեսահոլովակները, ծանոթացան կենտրոնի ծավալած գործունեությանը: Սկաուտներն այցելեցին նաև Վանաձորի զորամասերից մեկը, շփվեցին զինվորների ու սպաների հետ, սովորեցին զենքի հետ վարվելու կանոնները: Կազմակերպվեց նաև այցելություն ՀԲԸՄ-ի և Հայկական վիրտուալ համալսարանի Երևանյան գրասենյակներ, ինչպես նաև ՀԲԸՄ և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Նորքի հայորդյաց տուն: Սկաուտական բանակումի 2-րդ փուլին մասնակցում էին Սիրիայի, Ջավախքի և ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբերը` թվով 150 սկաուտներ: 2-րդ փուլի խարույկահանդեսը տեղի ունեցավ օգոստոսի 4-ին, որին ներկա էին շուրջ 400 ծնողներ, համակիրներ ու հյուրեր: Այն ազդարարեց «Անդրանիկ» սկաուտական 6-րդ բանակումի ավարտը: Ճամբարի մասնակից սկաուտները հրաժեշտ տվեցին միմյանց` հաջորդ տարի հանդիպելու ակնկալիքով: Հուլիսի 12-ից օգոստոսի 5-ը, շուրջ 300 սկաուտներ, վայելեցին հայրենի բնությունը, ծանոթացան պատմական հուշարձաններին ու հարստացրին իրենց գիտելիքները, ապրեցին, տեսան, ոգևորվեցին ու ոգևորեցին: Սկաուտական ամենամյա այս հավաքները հիանալի առիթ են սփյուռքահայ երիտասարդների համար հավաքվելու հայրենիքում, մեկ հարկի տակ, շփվելու տարբեր երկրներից ժամանած իրենց հասակակիցների հետ, միասին անցնելու տարբեր փորձությունների միջով, իսկ օրվա վերջում խարույկի շուրջ կիսվելու իրենց տպավորություններով: Անցած վեց տարիների ընթացքում «Անդրանիկ» սկաուտական բանակումներին մասնակցել են մոտ 2000 ՀԲԸՄ սկաուտներ ամբողջ աշխարհից:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

 

 

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home ՀԲԸՄ սկաուտներ Անդրանիկ սկաուտական ճամբար ՀԲԸՄ «ԱՆԴՐԱՆԻԿ» ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՎԵՑԵՐՈՐԴ ԲԱՆԱԿՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԲԵՐԵՑ 300 ՍԿԱՈՒՏՆԵՐ ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՑ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: