BRIDGE WEBSITE BANNER 01

ԲԱՐԻ ՄԱՄԱՅԻ ԲԱՐԻ ՏՆԱԿԸ

4 տարի առաջ Մարինա Այդուլյանը լսեց մի նորածնի մասին, ում ծնողները թողել էին հիվանդանոցում: Մեկ տարի երեխային խնամելուց և ծնողների հետ համապատասխան աշխատանք տանելուց հետո, փոքրիկին ծնողները հետ վերցրին:

Հենց այս պատմությունը պատճառ դարձավ, որ ԵՊՀ-ում հունարենի և ռուսերենի դասախոսը սկսի զբաղվել հասարակական գործունեությամբ ու ստեղծի «Բարի մամա» բարեգործական հասարակական կազմակերպությունը, որի նպատակն է աջակցել մանկատան հաշմանդամություն ունեցող երեխաներին և այն մայրերին, ովքեր չեն ուզում իրենց երեխաներին հանձնել մանկատուն հաշմանդամության պատճառով: Այս տարիների ընթացքում «Բարի մաման» 105 երեխա է վերադարձրել ընտանիք ու 105 անգամ մոտեցել իր երազանքին: Իսկ երազանքը «Բարի տնակն» է, որտեղ մի քանի հարկերում տեղավորվում են նրա բոլոր նպատակները: Բարի մաման հույս ունի, որ մի օր այլևս ծնողազուրկ երեխաներ չեն լինի և բոլոր մանկատները կփակվեն:

«Բարի տնակը» մանկատան սաների ու դրսում հայտնված այն մայրերի համար է, ովքեր իրենց երեխաների հետ հայտնվել են դրսում: Նրանք կարող են այստեղ ապրել, օգտվել տարբեր թերապիաներից, սովորել որևէ արհեստ և աշխատել: Առաջին ներդրումը կատարել են Մարինայի ընկերները, նրա ծննդյան օրը: Նվերի փոխարեն նրանք բերեցին նվերի համար նախատեսված գումարն ու այդ օրը «Բարի տնակի» համար հավաքվեց մոտ 2000 ԱՄՆ դոլար:

Առաջին քարերի գումարը կար, առաջին քայլն արված էր, իսկ ամենակարևորը դեռ առջևում էր: Շատ կարճ ժամանակում բարի մամայի բարի գաղափարին միացան բազմաթիվ կազմակերպություններ, անհատներ ու բարի տնակը դարձավ իրականություն:

Առաջին և դեռ միակ դրամաշնորհը, որ ստացել է «Բարի մամա» ԲՀԿ-ն տրամադրել է ՀԲԸՄ ՔՀ Կամուրջ ծրագիրը «Նորարարություն հանուն սոցիալական ազդեցության» մրցույթի շրջանակում: Դրամաշնորհի միջոցով կառուցվել է բարի տնակի 2-րդ և 3-րդ հարկերը: Իսկ գումարի մի մասն էլ կծառայի թերապիաներ ապահովելու և այստեղ ապրող մայրերի ֆինանսական խնդիրները լուծելու համար, ինչպես նաև շահառուները կունենան տնրասպորտային միջոցից անվճար օգտվելու հնարավորություն:

Բարի մաման որդեգրել է քաղաքացիական հասարակության զարգացման իր տարբերակը, այսպիսով իր շուրջը հավաքելով բազմաթիվ գաղափարակիցների, ովքեր կամա թե ակամա ունենում են իրենց փոքրիկ ներդրումը ավելի կայուն քաղաքացիական հասարակության ձևավորման համար:

 

 
Դուք այստեղ եք՝ Home ՔՀ ԿԱՄՈՒՐՋ ԲԱՐԻ ՄԱՄԱՅԻ ԲԱՐԻ ՏՆԱԿԸ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: