ՖՈՒՏԲՈԼԸ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐ Է ԿՈՏՐՈՒՄ

ՀԲԸՄ «ՔՀ կամուրջ» ծրագրի' «Նորարություն հանուն սոցիալական ազդեցության» մրցույթի դրամաշնորհառու ֆուտբոլասեր աղջիկներն արդեն գրանցել են իրենց առաջին հաջողությունները:

Դրամաշնորհի միջոցով «Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» կազմակերպությունը ամռանը Կապանում իրականացրել է երկու ճամբար, որին մասնակցել է 50 աղջիկ մոտակա համայնքներից ու գյուղերից: 3 օր տևած ճամբարի ընթացքում աղջիկները ոչ միայն սովորել են արագ որսալ գնդակն ու ճիշտ ուղղությամբ փոխանցել այն խաղընկերոջը, այլև մասնակցել են «Սպորտը որպես սոցիալական ազդեցություն» խաղերի: Նմանատիպ խաղերը նպատակ ունեն զարգացնել մասնակիցների քննադատական մտածողությունն ու առաջնորդական կարողությունները: Աղջիկների հետ աշխատել է ԱՄՆ-ից ժամանած երկու մարզիչ: Նրանք, անտեսելով լեզվական խոչընդոտը, աղջիկներին սովորեցրել են ոչ միայն լավ ֆուտբոլ խաղալ, այլև լինել քաղաքացիական հասարակության լիիրավ անդամ:

Այս պահին աղջիկների ֆուտբոլային թիմեր կան Հայաստանի 7 մարզերում, ևս 3-ը նախատեսվում է բացել շուտով: Ի դեպ, Գորիսի լիգան անցյալ տարի մասնակցել է ֆուտբոլի ֆեդերացիայի լիգայի խաղերին ու հաջողություններ գրանցել: Ճամբարի կազմակերպիչների կարծիքով կարծրատիպեր են կոտրվում ոչ թե մասնակից աղջիկների, այլ նրանց ծնողների շրջանում ու առհասարակ համայնքում: Եթե սկզբում մարզիչները նախընտրում էին տղաների հետ աշխատել ու միայն նրանց մարզել, հիմա նրանցից շատերը ֆուտբոլը տեսնում և գնահատում են միայն աղջիկների մասնակցությամբ:

Հայ աղջիկներն իրենց գյուղերում ու համայնքներում կարծրատիպեր են կոտրում, աջակցում քաղաքացիական հասարակության զարգացմանն ու ֆուտբոլի դաշտում ղեկավարում գնդակի ընթացքը, իսկ տղաները տրիբունաներից երկրպագում են աղջիկ առաջնորդներին:

 
Դուք այստեղ եք՝ Home ՔՀ ԿԱՄՈՒՐՋ ՖՈՒՏԲՈԼԸ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐ Է ԿՈՏՐՈՒՄ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: