ԵՍ ՎԱԶՈՒՄ ԵՄ, ՈՐՈՎՀԵՏԵՎ…

3000 մասնակից 35 երկիրց հոկտեմբերի 21-ին մասնակցեց Երևան Մարաթոնին` հաղթահարելով 1-ից մինչև 42,2 կմ: Հաղթողներն արժանացան դրամական պարգևների:

Արա Խաչատուրյանը, ով «Խաղաղության վազքով» այս տարվա ապրիլին դուրս էր եկել Մարսելից և 107 օր անց վազելով հասել Երևան, իր ներկայությամբ ոգևորում և ոգեշնչում էր մարաթոնի մասնակիցներին: Մարսելից վազելով Հայաստան հասնելու նպատակը աշխարհին խաղաղության կոչ անելն էր, իսկ արդեն Հայաստանում ՀԲԸՄ ՔՀ Կամուրջ ծրագրի միջոցով նա դարձավ Arm Marathon հիմնադրամի բարի կամքի դեսպանը: Վազորդն իր պարտքն է համարում առաջին իսկ հնարավորության դեպքում ֆրանսիայից ժամանել հայրենիք ու քարոզել առողջ ապրելակերպը հատկապես վազքի միջոցով: Նա վստահ է, որ սպորտն ամուր և առողջ քաղաքացիական հասարակության կարևոր գրավականներից է:

Տասնյակ տարիներ առաջ Լիբանանից Մարսել տեղափոխված հայ ոսկերիչի համար սպորտն ու դրա միջոցով ստեղծված բոլոր մարտահրավերները`հնարավորություն են տալիս կյանքն ապրել իր բոլոր գույներով: Ազնիվ մետաղի հետ աշխատանքը մի օր ընդմիջվեց, երբ Արան իր ընկերներից հրավեր ստացավ, մեկնեց Լիբանան ու մասնակցեց մարաթոնային վազքի և այդ օրվանից նրա կյանքում սկսվեց նոր էջ:

Արան վազում է, որովհետև դա օգնում է նրան լինել առողջ հոգով, մարմնով և մտքով: Ոսկերիչ-վազորդն իր մարտահրավերների շարքը համալրեց ևս մեկ արկածով, երբ որոշեց արևածագը դիմավորել ամպերից էլ վեր ու գրավել բազմաթիվ գագաթներ: Լեռնագնացն իր համար առանձնացնում է Արարատն ու հատկապես Էվերեստը, որտեղ ծածանել է հայկական դրոշը:

Նա համոզված է` մարմինը, որ մեզ են հանձնել պետք է լավ խնամել ու վստահ լինել, որ առողջ մարմնում ապրում է առողջ հոգի: Այս գաղափարը նա տարածում է հատկապես երիտասարդների ու պատանիների շրջանում` հույս ունենալով, որ իր հաղթանակները, պատմություններն ու գրաված բարձունքները կոգևորեն և նոր ձեռքբերումների առիթ կդառնան նրանց համար: 

 
Դուք այստեղ եք՝ Home ՔՀ ԿԱՄՈՒՐՋ ԵՍ ՎԱԶՈՒՄ ԵՄ, ՈՐՈՎՀԵՏԵՎ…

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: