ԶԱՐԹՈՒՑԻՉԻՑ ՄԻՆՉԵՎ WAKIE

Սպիտակում ծնվելուց, Մոսկվայում մեծանալուց ու գործունեությունը Սան ֆրանցիսկոյում ծավալելուց հետո Թաթուլը որոշել է վերադառնալ հայրենիք և բազմաթիվ ձախողումների ու հաջողությունների հիման վրա ձեռք բերած փորձը ներդնել հայաստանյան ՏՏ ոլորտում: ՀԲԸՄ ՔՀ Կամուրջ ծրագրի միջոցով ՍտարտԱփ Արմենիա հիմնադրամի բարի կամքի դեսպանի գործը ստանձնելուց հետո Թաթուլը մասնակցեց Սևան ՍտարտԱփ Սամմիթին և փոխանցեց իր փորձը մասնակիցներին: Իսկ ՀԲԸՄ ՔՀ Կամուրջ ծրագրի նախաձեռնած սոցիալական ձեռնակրատիրության մրցույթում հանդես եկավ որպես խորհրդատու՝ սոցիալական ծրագրեր մշակող թիմերի համար, ինչպես նաև ժյուրիի անդամ:

Իսկ նրա կյանքում ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ 19 տարեկան Թաթուլն ու 16 տարեկան նրա եղբայրը ընդամնեը 2 ամիս ռուսական ընկերություններից մեկում աշխատելուց հետո դուրս եկան ու որոշեցին, որ 60 աշխատանքային օրվա ընթացքում ձեռք բերած փորձը բավական է սեփական բիզնեսը ստեղծելու և երազանքներն իրականացնելու համար: Իսկ մինչ այդ պետք էր լուծել փոքր եղբոր` Հրաչի առավոտները քնած չմնալու և աշխատանքից ու համալսարանից չուշանալու խնդիրը: Սկզբում Թաթուլը դիմում էր սառը ջրի օգնությանը կամ վաղ առավոտյան աշխատանքային զանգերն էին, որ ստիպում էին շատ արագ խելքի գալ: Հետո եղբայրները որոշեցին սեփական խնդիրը լուծելու համար ստեղծել հավելված-զարթուցիչ, որը թույլ կտա աշխարհի տարբեր ծայրերից նշված ժամին զանգահարել և արթնացնել անծանոթ օգտատիրոջը: Սկզբում եղբայրները ծիծաղեցին իրենց գաղափարի վրա, իսկ Հրաչիկը շարունակեց քնած մնալ մինչև այն պահը, երբ եղբայրների կատակը վերածվեց գործի:

Հետագայում պարզվեց, որ զվարճալի գաղափարն իրականացնելը բավականին բարդ էր: 7 տարի պահանջվեց, որպեսզի նրանց երազած զարթուցիչը իրենց իսկ նախագծած տարբերակով հայտնվի հեռախոսային հավելվածների խանութում: Հիմա արդեն Wakie հավելվածի միջոցով օգտատերերը ոչ միայն արթնացնում են միմյանց, այլև այստեղ ձևավորվել է մի ամբողջ միջազգային համայնք, որտեղ մարդիկ կիսվում են իրենց խնդիրներով, գտնում գաղափարակիցներ ու պարզապես միայնակ չմնալու համար հետաքրքիր զրուցակից փնտրում:

Wakie-ն հիմա ամրապնդում է իր դիրքերը մրցակից հավելվածների կողքին, իսկ Թաթուլը վերադարձել է հայրենիք: Նա ցանկանում է հայրենիքում ներդնել իր մասնագիտական հմտությունները ՏՏ ոլորտում ու դրա միջոցով նաև աջակցել հայաստանյան քաղաքացիական հասարակությանը:

 

 
Դուք այստեղ եք՝ Home ՔՀ ԿԱՄՈՒՐՋ ԶԱՐԹՈՒՑԻՉԻՑ ՄԻՆՉԵՎ WAKIE

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: