ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԱԾ TOGETHER4ARMENIA ՀԱՐԹԱԿԸ ՄԻԱՎՈՐՈՒՄ Է 14 ԵՐԿՐՆԵՐԻՑ 62 ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ 52 ԾՐԱԳՐԵՐԻ ՇՈՒՐՋ. ԱՎԵԼԻՆ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ

ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը ՀՀ Սփյուռքի նախարարի տեղակալ Դավիթ Սարգսյանի հետ միասին հունիսի 27-ին ներկայացրին Together4Armenia (Միասին հանուն Հայաստանի) հարթակի նոր ձևաչափով վերագործարկված տարբերակը (www.Together4Armenia.am): Նորացված հնարավորություններով հարթակի նպատակը աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայ փորձագետների և Հայաստանի համայնքների ու հասարակական կազմակերպությունների միջև արդյունավետ ու տևական կապ ձևավորելն է:

Together4Armenia-ն խրախուսում է ինտելեկտուալ կամավորությունը՝ կամուրջ հանդիսանալով տեղական նախաձեռնությունների և Սփյուռքի հայ մասնագետների միջև, ովքեր պատրաստ են իրենց գիտելիքը ծառայեցնել Հայաստանի մարզերի զարգացմանը: Վերափոխված հարթակն ավելի պարզ ու հարմար է օգտագործման համար թե´ գրանցման, թե´ համագործակցության ընթացքում: Հարթակն ունի որոնման և առցանց հաղորդակցման համակարգեր, որոնք օգնում են արագ կերպով գտնել համայնքային ծրագրերի պահանջներին համապատասխան մասնագետների և անմիջական կապ են ստեղծում երկու կողմերի միջև:

«Together4Armenia հարթակը խթանում է գիտելիքի և փորձի փոխանցումը և բարի կամքի դրսևորումը, ինչը մեծապես կարևոր է Հայաստանի զարգացման ներկա փուլում: Մենք լիահույս ենք, որ այս հարթակի միջոցով Սփյուռքի լավագույն մասնագիտական ներուժը կօգնի ամրապնդել Հայաստանի համայնքները՝ առավել ապահով և բարեկեցիկ միջավայր ստեղծելով հայ ընտանիքների և նրանց երեխաների համար»,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:

2016թ.-ից ի վեր ավելի քան 60 մասնագետ Սփյուռքից այս անվճար վեբ-հարթակի միջոցով իր փորձն է փոխանցել Հայաստանում ապրող մոտ 2100 բնակչի: Նրանց մասնակցությունն ու խորհրդատվությունն օգնում է լուծումներ գտնել համայնքային տարբեր խնդիրների համար և նոր շունչ հաղորդել ամենատարբեր ոլորտների զարգացմանը՝ կրթությունից մինչև գյուղատնտեսություն, նորարարական տեխնոլոգիաներից մինչև ծրագրերի կառավարում:

«Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության համար ավելի հզոր Հայաստան կառուցելու նախապայմաններից մեկը բազմակողմանի զարգացած և ակտիվ քաղաքացիական հասարակություն ունենալն է: Մենք հավատացած ենք, որ Սփյուռքի մասնագետների ներուժը Հայաստանի քաղաքացիական հասարակության զարգացման գործում ներգրավելը բացառիկ հնարավորություն է, որը կնպաստի նաև Հայաստանի և Սփյուռքի միջև երկարաժամկետ կապերի հաստատմանը: Սրանք ՀԲԸՄ Հայաստանի այն կարևորագույն երկու նպատակներն են, որոնց իրականացման համար կարևոր հարթակ է հանդիսանում Together4Armenia-ն»,- նշել է ՀԲԸՄ Հայաստանի ՔՀ Կամուրջ ծրագրի ղեկավար Արսեն Ստեփանյանը:

Միջոցառմանը մասնակիցները ծանոթացան ներգրավված փորձագետների ու շահառուների ներկայացրած պատմություններին և քննարկեցին ինտելեկտուալ կամավորության արժեքը՝ որպես Հայաստանի զարգացման գործում շոշափելի արդյունք բերող նշանակալից միջոց:

Այցելե՛ք www.Together4Armenia.am կայք այսօր և հետևե՛ք փորձագետների ու ծրագրերի նորություններին www.facebook.com/Together4Armenia/ էջի միջոցով, որտեղ կարող եք տեղադրել ֆեյսբուքյան Ձեր էջի նկարը T4A հատուկ շրջանակի մեջ:

 
Դուք այստեղ եք՝ Home ՔՀ ԿԱՄՈՒՐՋ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԱԾ TOGETHER4ARMENIA ՀԱՐԹԱԿԸ ՄԻԱՎՈՐՈՒՄ Է 14 ԵՐԿՐՆԵՐԻՑ 62 ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ 52 ԾՐԱԳՐԵՐԻ ՇՈՒՐՋ. ԱՎԵԼԻՆ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: