ԿԱՄՈՒՐՋ ՍՓՅՈՒՌՔԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԿՈԹԻ ԳՅՈՒՂԻ ՄԻՋԵՎ

Հոկտեմբերի 26-ին, Հայկական բարեգործական ընդհանուր միության ՔՀ Կամուրջ ծրագրի աջակցությամբ տեղի ունեցավ բարեգործական համերգ` ֆրանսիական օպերայի երեկո։ Միջոցառումը կազմակերպել էր Պահապան զարգացման հիմնադրամը՝ Երիտասարդ օպերային երգիչների ծրագրի մասնակցությամբ (ղեկավար Լևոն Ջավադյան)։

Միջոցառման մտահղացումը վոկալի մասնագետ Սերինե Թադևոսյանինն է, ով ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում աշխատում է հայաստանյան երիտասարդ օպերային երգիչների հետ։ Մոսկվաբնակ Սերինեն համերգի իրականացման համար ներդրել էր իր մասնագիտական փորձն ու կարողությունները։ Ի դեպ Սերինեն իր գիտելքները փոխանցել է նաեւ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշակերտներին և «Աստղիկներ» վոկալ ստուդիայի երգչախմբին։ Նրանք նույնպես միացան ապահով խաղաթաքստոց գաղափարին և մասնակցեցին բարեգործական համերգին։

Միջոցառման ավարտին հավաքված 150.000 ՀՀ դրամը փոխանցվեց Պահապան զարգացման հիմնադրամին, որն էլ իր հերթին հասույթն օգտագործելու է Կոթի սահմանամերձ գյուղի դպրոցում խաղաթաքստոց կառուցելու նպատակով։ Այս դպրոցում սովորում է 560 աշակերտ։ Խաղաթաքստոցը կապահովի նրանց անվտանգ կրթություն ստանալու հնարավորություն։ Միջոցառմանը ներկա էր նաև Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը։

ՔՀ Կամուրջ ծրագիրը իրականացվում է ՀԲԸՄ և ԵՀՀ կողմից` Եվրամիության ֆինանասավորմամբ։ Ծրագրի նպատակը Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացումն է՝ սփյուռքի ներուժի օգտագործման միջոցով։ Սերինե Թադևոսյանը այդ նպատակի ջատագովներից է։ ՔՀ Կամուրջ ծրագիրը հնարավորություն է ընձեռում հայկական սփյուռքի տարբեր ոլորտի մասնագետներին Հայաստանում քաղաքացիական հասարակության խնդիրներին ծանոթանալու և իրենց կարողություններն ու մասնագիտական հմտությունները ի նպաստ այդ ոլորտի զարգացմանը օգտագործելու համար։