ՀԲԸՄ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ՏԵԽՆՈՎԱՑԻԱ ՀԱՅԱՍՏԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ

Տեխնովացիա Հայաստանը Տեխնովացիոն մարտահրավեր միջազգային տեխնլոգիաների և ձեռնարկատիրության աղջիկների մրցույթի ազգային փուլն է

Սեպտեմբերի 5-ին, ՀԲԸՄ Հայաստանի Կենտրոնական վարչության անդամ Դոկտոր Երվանդ Զորյանը դարձավ ՀԲԸՄ Հայաստանի Տեխնովացիա Հայաստան նախաձեռնության Քաղաքացիական հասարակության կամուրջ ծրագրի առաջին Բարի կամքի դեսպանը: Տեխնովացիա Հայաստանը Տեխնովացիոն մարտահրավերի (Technovation Challenge) ազգային մրցույթն է: Միջազգային այս մրցույթը ներգրավում է հազարավոր աշակերտուհիների ամբողջ աշխարհից՝ ներկայանալու բջջային հավելվածների գաղափարներով, որոնք առաջարկում են իրենց համայնքներում առկա խնդիրների կայուն լուծումներ:

Նպատակ ունենալով միավորել սփյուռքի տաղանդներին և տեղի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ ՀԲԸՄ Հայաստանի «Քաղաքացիական հասարակության կամուրջ» ծրագիրը աջակցում է «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» hասարակական կազմակերպությանը, որը Կրթության ազգային ինստիտուտի հետ համատեղ նախաձեռնեց Տեխնովացիոն Հայաստանը և խթանեց հայաստանյան թիմերի մասնակցությունը Տեխնովացիոն մարտահրավեր 2017-ին:

Նորարարական կրթության և կանանց՝ գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի /ԳՏՃՄ/ մեջ ներգրավելու ակտիվ ջատագով Զորյանն օժանդակեց «Մեկ քայլ առաջ» հայաստանյան թիմին՝ մասնակցելու 2017թ Տեխնովացիոն մարտահրավեր գլոբալ մրցույթի գագաթաժողովին: Թիմը, որը բաղկացած էր Արագածոտնի մարզի Կարբի գյուղի միջնակարգ դպրոցի 15-16 տարեկան հինգ աղջիկներից, արժանացավ Ժողովրդի ընտրություն մրցանակին: Որպես Բարի կամքի դեսպան՝ Երվանդ Զորյանը կշարունակի աջակցել տեղի Տեխնովացիոն նախաձեռնությանը:

«Թեև կանանց ներդրումը միշտ էլ կարևոր է եղել Հայաստանի ՏՀՏ ոլորտում, Կարբի գյուղի աղջիկների կողմից նորագույն տեխնոլոգիաների և ձեռներեցության համադրություն հանդիսացող այս մրցույթում նման համաշխարհային ճանաչում ձեռք բերելը չափազանց ոգեշնչող է: Այս է պատճառը, որ ՀԲԸՄ-ն քաջալերում է ԳՏՃՄ կրթությունը և թիմային աշխատանքը դեռ դպրոցական տարիքից», - ասաց Զորյանը:

«Մեկ քայլ առաջ» թիմը ներկայացավ մրցույթին երկլեզու Հայերեն ժեստերի լեզու հավելվածով և դարձավ 3000 թիմերից ընտրված 12 եզրափակիչ փուլ անցած թիմերից մեկը: Կրթություն անվանակարգում եզրափակիչ փուլ անցած թիմը մեկնեց Սիլիկոնյան հովիտ՝ մասնակցելու Գլոբալ նրարարական մրցույթի գագաթաժողովին և մրցանակաբաշխության արարողությանը, որը տեղի ունեցավ Մաունթին Վյուում՝ Google-ի գլխամասային գրասենյակում, օգոստոսի 7-11-ը: Բացի Ժողովրդի ընտրություն մրցանակից, թիմը ստացավ 10,000 դոլար՝ հավելվածը կատարելագործելու համար: «Այս մրցույթը շատ փոխեց իմ կյանքը, հատկապես իմ ապագա մասնագիտությունն ընտրելու հարցում», -ասաց Աղավնին՝ հաղթող թիմի անդամներից մեկը:

ՀԲԸՄ Հայաստանի «Քաղաքացիական Հասարակության կամուրջ» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցության հիմնադրամի հետ գործընկերությամբ և ֆինանսավորվում է Եվրամիության կողմից: Ծրագրի նպատակն է ամրապնդել հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունները՝ Սփյուռքի փորձառության ներգրավմամբ:

 
Դուք այստեղ եք՝ Home ՔՀ ԿԱՄՈՒՐՋ ՀԲԸՄ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ՏԵԽՆՈՎԱՑԻԱ ՀԱՅԱՍՏԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: