ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԵՄ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ» ԾՐԱԳԻՐԸ

Քաղաքացիական հասարակության հզորացմանն ուղղված նոր ծրագիրը կներգրավի փորձագետներ սփյուռքից` օգնելու Հայաստանի ՔՀԿ-ներին ավելի որակյալ ծառայություններ մատուցել շահառուներին

Հունիսի 26 2017, Երևան – Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) Հայաստանը պաշտոնապես մեկնարկել է իր «Քաղաքացիական հասարակության կամուրջ» ծրագիրը, որն իրականացվում է «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի (ԵՀՀ) հետ համատեղ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ: Ընդհանուր առմամբ 2.2 միլիոն եվրո արժողությամբ այս եռամյա ծրագրի նպատակն է հզորացնել Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կարողությունները` քաղաքացիների կարքիներն ավելի լավ բավարարելու նպատակով:

Ծրագրի շնորհիվ հայկական ՔՀԿ-ները հնարավորություն կունենան մասնակցել վերապատրաստման թեմատիկ դասընթացների և համալսարանական հավաստագրային ծրագր ուսանել հասարակական կազմակերպությունների կառավարում՝, ինչպես նաև օգտվել անվճար տրամադրվող խորհրդատվություններից և դիմել փոքր դրամաշնորհների:

«Որպես խոշորագույն համահայկական կազմակերպություն՝ ՀԲԸՄ-ն հանձն է առել նպաստելու Հայաստանի քաղաքացիական հասարակության հզորացմանը՝ դարձնելով այն առավել ճկուն, կայուն և ազդեցիկ», - ասաց ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը:

Որպես ծրագրի իրականացման առաջին և հիմնական քայլ՝ «Քաղաքացիական հասարակության կամուրջ» ծրագիրն անցկացրել է կրթության, առողջապահության, արվեստի ու մշակույթի, սպորտի, երիտասարդության ու գենդերային հարցերի ոլորտներում գործող ավելի քան 200 հայկական ՔՀԿ-ների և փորձագետների մասնագիտական կարիքների գնահատում: Համաձայն հետազոտության արդյունքների՝ հայաստանյան ՔՀԿ-ները ցանկանում են դառնալ առավել արհեստավարժ` համարելով, որ գործընկերների միջև փոխանակումը, խորհրդատվությունները և ուղղորդումը (քոուչինգ) ամենաարդյունավետ եղանակներից են իրենց կարողությունները բարելավելու համար: ՔՀԿ-ների մեծամասնությունը նաև կարևորում է սոցիալական ձեռներեցությունը՝ որպես ֆինանսական կայունություն ապահովելու միջոց և փնտրում ավելի շատ հնարավորություններ ձևավորելու ցանցեր և կոնսորցիումներ՝ փորձի փոխանակման ու միևնույն ոլորտում աշխատող օտարերկրյա կազմակերպությունների հետ կապերի ստեղծման նպատակով:

Ծրագրի յուրահատուկ բաղադրիչն է սփյուռքի տաղանդի, գիտելիքների և ներուժի ներգրավումը Հայաստանի հանրային հատվածի զարգացման գործում:

«Սփյուռքահայության փորձառությունը Հայաստանի հանրային ոլորտ բերելը փոխշահավետ է բոլորի համար», -ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Մեր ծրագրի միջոցով ցանկացած որակավորված անձ կարող է հանդես գալ որպես անվճար խորհրդատու, դառնալ տեղական կազմակերպության խորհրդի անդամ, անցկացնել որոշակի վերապատրաստման դասընթացներ կամ աշխատաժողովներ և դառնալ հասարակական կազմակերպության ծրագրի աջակից՝ այդպիսով նպաստելով սփյուռքի ներգրավմանը հայաստանյան քաղաքացիական հասարակության զարգացման գործում», - ասաց «Քաղաքացիական հասարակության կամուրջ» ծրագրի ղեկավար Արսեն Ստեփանյանը:

ՀԲԸՄ Հայաստանի և ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի կողմից համատեղ կառավարվող Together4Armenia.am առցանց հարթակը տեղական ՔՀԿ-ներին հնարավորություն կտա օգտվել սփյուռքի փորձագետների գիտելիքներից և փորձառությունից:

Read the press release in:

Արևմտահայերեն

Ֆրանսերեն

Ռուսերեն