ՀԲԸՄ-Ն ԵՎ ՅՈՒՆԻՍԵՖ-Ը ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ՝ ԽԹԱՆԵԼՈՒ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

26-ը ապրիլի, 2017թ., Երևան: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակը և ՀԲԸՄ Հայաստանն այսօր Երևանում փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին՝ միավորելով ջանքերը տեղական համայնքների զարգացման գործում սփյուռքի ներգրավվածությունը խթանելու համար: Ծրագիրն իրականացվելու է Together4Armenia (միասին հանուն Հայաստանի) վեբ-հարթակի (www.Together4Armenia.am) միջոցով: Նորարար այս հարթակը հնարավորություն է ընձեռում սփյուռքի համապատասխան ոլորտների փորձագետների գիտելիքներն ու հմտությունները փոխանցել տեղական համայնքներին և քաղաքացիական հասարակական կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչներին:

«Թեև հարթակն ի սկզբանե նախատեսված էր երեխաներին և երիտասարդներին վերաբերող խնդիրները լուծելու համար, այն այլ ոլորտներ, ինչպիսիք են մշակույթը, ինֆորմացիոն տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, ընդլայնվելու ներուժ ուներ՝ ներգրավելու նույն տրամաբանությամբ», - նշեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը: «Հայաստանի և սփյուռքի միջև այս կապի ամրապնդումը կարևոր է ոչ միայն մեր աջակցության կարիքն ունեցող, տեղական համայնքներում բնակվող երեխաների, երիտասարդների և ընտանիքների համար, այլև՝ ապագայում կազմավորվելիք ավելի ընդգրկուն գործընկերությունների տեսանկյունից»:

Հարթակը ձևավորվել էր «Աշխատանքային միգրացիայի սոցիալական հետևանքների մեղմացում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվել է Եվրամության և իրականացվել ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից: Միանալով հարթակին՝ ՀԲԸՄ Հայաստանն իրականացնելու է իր՝ «Bridge for CSOs» ծրագիրը, որը ևս ֆինանսավորվում է Եվրամիության կողմից: Ծրագրի նպատակն է բարելավել տեղական ՔՀԿ-ների կարողությունները՝ քաղաքացիների կարիքներին լավագույնս հետամուտ լինելու համար, ինչն էլ, իր հերթին, Together4Armenia հարթակի հիմնաքարն է:

«ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ մեր գործընկերությունը կարողությունների փոխանակման այս կարևոր առցանց գործիքի շուրջ՝ ՀԲԸՄ-ին հնարավորություն կընձեռի գործարկել սփյուռքի ներուժը: Սփյուռքի ուղորդված ներգրավումը ռազմավարական առաջնահերթություն է ՀԲԸՄ-ի համար: Այն մեզ կօգնի դառնալ կողմերը միմյանց կապող վստահելի հարթակ՝ տևական լուծումների միջոցով ձևավորելու հզոր Հայաստան»,- ասաց ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը:

Ապագայում ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակելու է աշխատել 4 թիրախային մարզերում՝ Լոռի, Տավուշ, Շիրակ և Գեղարքունիք, կենտրոնանալով երեխաներին առնչվող խնդիրների լուծման վրա: Մինչդեռ ՀԲԸՄ Հայաստանն ուշադրություն է դարձնելու ավելի լայն մասշտաբի ծրագրերի իրականացման վրա՝ նպատակ ունենալով ամրապնդել տեղական ՔՀԿ-ների պրոֆեսիոնալ կարողությունները ՝ սփյուռքի համապատասխան փորձագետների և այլ գործընթացների հետ համապատասխանեցնելով և ձևավորելով ՔՀԿ-ների կառավարմանն ուղղված կայուն կրթական համակարգ տեղական համալսարանի հետ համագործակցությամբ:

Together4Armenia-ն (միասին հանուն Հայաստանի) նորաստեղծ և եզակի վեբ հարթակ է՝ նախատեսված սփյուռքի ներկայացուցիչների գիտելիքը և հմտությունները տեղական համայնքներին և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին փոխանցելու համար: Միացե՛ք մեր համայնքին այսօր գրանցվելով www.together4armenia.am կայքում:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home ՔՀ ԿԱՄՈՒՐՋ ՀԲԸՄ-Ն ԵՎ ՅՈՒՆԻՍԵՖ-Ը ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ՝ ԽԹԱՆԵԼՈՒ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: