ԵԱ ԵՐԵՎԱՆ

ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժները (ԵԱ) աշխարհի տարբեր ծայրերում գտնվող ԵԱ խմբերի և աջակիցների զարգացող ցանց է, որի նպատակն է հայկական ինքնության և ժառանգության պահպանումը 22-40 տարեկան հայ երիտասարդների շրջանում:

Վարելով բաց քաղաքականություն` ԵԱ-ների համաշխարհային ցանցը խրախուսում է երիտասարդներին ընդգրկվել և ներգրավվել իր գործունեության մեջ և արդեն իսկ ձեռք է բերել միջազգային ճանաչում համայնքային կյանքի և ազգային պատկանելության զգացումների տարածման համար:

Այսօր ՀԲԸՄ երիտասարդ արհեստավարժներն իրենց տեսակի մեջ հանդիսանում են ամենամեծ հայկական ԵԱ ցանցը:

Փորձելով ապահովել դրական տեղաշարժեր` ԵԱ շարժումը սկիզբ առավ 1995թ.-ին` հիմնելով իր առաջին խումբը Լոս Անջելեսում:

Այդ օրվանից ի վեր ցանցն ընդլայնվել է` կազմավորելով խմբեր Հյուսիսային Կալիֆորնիայում, Նյու Յորքում, Օրինջ Քաունթիում, Լիբանանում, Ֆիլադելֆիայում, Փարիզում, Պլովդիվում, ՍոֆիայումԲոստոնում, Տորոնտոյում, Լոնդոնում, Երևանում, Ավստրիայում, ԲրազիլիայումՎաշինգտոնումԲուենոս Աերեսում, Մոնրեալում, Համբուրգում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Մարսելում, և Չիկագոյում` համագործակցելով Մոսկվայում գործող ՍԻՎԱՄ և Ֆրանկֆուրտում գործող ՀԱՅՔ կազմակերպությունների հետ.

ՀԲԸՄ Երիտասարդ Արհեստավարժների խմբին միանալու համար լրացրեք գրանցման թերթիկը :

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ԿԲ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆԻ ՀԵՏ

Տարեվերջին Հայաստանում ամենաբուռն ու քննարկվող թեմաներից մեկը պարտադիր կուտակային կենսաթոշակին համակարգի ներմուծման մասին ՀՀ կառավարության որոշումն էր, որն առ այսօր շարունակում է մնալ ակտուալ թեմա և դարձել է հանրային դժգոհության ու ընդվզման պատճառ: Այս հանգամանքը, ինչպես նաև որոշման մասին հասարակության թերի և ոչ պատշաճ իրազեկվածության փաստը ստիպեցին ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժներին կազմակերպել բաց քննարկում այս թեմայով ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանի հետ, որը հնարավորություն կտար երիտասարդներին բարձրաձայնել իրենց հուզող հարցերի ու մտահոգությունների մասին: Միջոցառումը տեղի ունեցավ դեկտեմբերի 19-ին ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակի դահլիճում: Այն մեծ հետաքրքություն էր առաջացրել երիտասարդության շրջանում, ինչը սպասելի էր, քանի որ որոշումը ուղղակիորեն բախվում է երիտասարդության շահերին: Հանդիպման սկզբում Ներսես Երիցյանը ներկայացրեց որոշման ընդունման նախապատմությունը, խոսեց պատճառների ու հետևանքների, օրենքի անհրաժեշտության ու առավելությունների մասին, համեմատականներ անցկացրեց այս հարցում այլ երկրների փորձի, հաջողությունների ու ձախողումների հետ: Այնուհետև երիտասարդները բարձրացրին իրենց հուզող հարցերը: Ծավալվեց բուռն բանավեճ որոշման նպատակահարմարության, դրական ու բացասական կողմերի, հանրության ոչ լիարժեք տեղեկացվածության, որոշման պարտադրողական բնույթի դեմ հասարակության մի ստվար զանգվածի անհամաձայնության ու նմանատիպ այլ հարցերի շուրջ, ինչը հանգեցրեց նրան, որ երիտասարդների մի մասը լքեն դահլիճն ի նշան բողոքի: Սակայն հանդիպումը շարունակվեց մինչև ուշ երեկո` վերջում արդեն ավելի ընկերական մթնոլորտում: Հանդիպումն ընդհանուր առմամբ արդյունավետ էր, քանի որ պետական պաշտոնյան առիթ ունեցավ հանրությանը ներկայացնելու կառավարության դիրքորոշումն այս հարցում, իսկ երիտասարդությունն էլ արտահայտեց իր ակնհայտ դժգոհությունն ու բարձրաձայնեց իրեն հուզող հարցերը: Հանդիպմանը ներկա էին նաև ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը, ՀԲԸՄ Հայաստանի փոխտնօրեն Հովիկ Եորդեկյանը: Այժմ, ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ, օրենքի կիրառումն առայժմ կասեցված է, քանի որ քննվելու է նախագծում առկա որոշ դրույթների սահմանադրականության վերաբերյալ հարցը: Դատական հաջորդ նիստը նախատեսված է անցկացնել մարտի 28-ին:

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2014 ԵԱ Երևան ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ԿԲ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆԻ ՀԵՏ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: