ՇԱԽՄԱՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

 

Հոկտեմբերին կրկին մեկնարկեց շախմատի հանրապետական համադպրոցական օլիմպիադան` իր շուրջը համախմբելով հանրապետության դպրոցականներին ու շախմատասեր հասարակությանը: Ութամսյա լարված պայքարը գարնանը կորոշի հանրապետության լավագույն դպրոցական թիմն ու անհատական հաշվարկով լավագույն շախմատիստներին: Այս տարի օլիմպիադան անցկացվում է արդեն 9-րդ անգամ: Ավելի քան 15000 դպրոցականներ ամեն տարի մասնակցում են այս մրցաշարին: Դպրոցական փուլը հաղթահարած թիմերն արժանանում են իրենց դպրոցը հաջորդ փուլերում ներկայացնելու պատվին: 

2014-2015 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ ՀԲԸՄ-Ն 130 ՀԱԶԱՐ ԱՄՆ ԴՈԼԱՐ ԿՀԱՏԿԱՑՆԻ ՍԻՐԻԱՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

 

2013թ. ՀՀ սփյուռքի և կրթության նախարարությունները, Հայկական բարեգործական ընդհանուր միությունն (ՀԲԸՄ) ու Գալուստ Գյուլբենկյան հիմնարկությունը Հայաստանի բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող սիրիահայ ուսանողների 2013-14 տարեշրջանի ուսման վարձերի փոխհատուցման ծրագիր իրականացրին: Այդ ծրագրով ՀԲԸՄ-ն, Գյուլբենկյան հիմնարկությունն ու ՀՀ կառավարությունը 2013-14 տարեշրջանում փոխհատուցեցին սիրիահայ 380 ուսանողների ուսման վարձերը:

ԿԱՅԱՑԱՎ «ԵՐԳՈՒՄ Է 70-ԱԿԱՆՆԵՐԻ ԵՐԵՎԱՆԸ ԵՎ ՀԱԼԵՊԸ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԸ

 

 

 

Օգոստոսի 29-ին և 30-ին, Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում տեղի ունեցավ «Երգում է 70-ականների Երևանը և Հալեպը» խորագրով բարեգործական համերգ՝ մասնակցությամբ հանրահայտ երաժիշտների Հայաստանից և Սիրիայից: ՀԲԸՄ հովանավորությամբ և ՀՀ սփյուռքի ու մշակույթի նախարարությունների, ինչպես նաև Վիվասել ընկերության աջակցությամբ կայացած համերգի գաղափարը ծնվել էր սիրիահայ երաժիշտ Ժան Վարդանի և «70-ականների Երևան» նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վազգեն Ասատրյանի մոտ: Երկու համերգները վարեցին հանրաճանաչ հաղորդավար Սուսաննա Շահինյանը և սիրիահայ երաժիշտ Ժան Վարդանը: 70-ականների սիրված և հայտնի երգերի կատարումներով հանդես եկան Արամոն, Էմմին, Գայանե Հովհաննիսյանը, Ռադիկ Գաբրիելյանը, իսկ ջազային երաժշության ընտրանին ներկայացրեցին սիրիահայ արվեստագետներ Րենա Տին, Ժան Վարդանը, Լիլա Վարդանյան-Պօղոսեանը, Կարօ Տաղտեվիրենեանը և այլոք: Համերգին մասնակցում էր «70-ականների Երևան» նվագախումբը, որի երաժիշտների հիմնական մասը Կոնստանտին Օրբելյանի՝ Հայաստանի պետական էստրադային նվագախմբի անդամներն են՝ ղեկավարությամբ Վազգեն Ասատրյանի: Համերգին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը, ՀԲԸՄ տնօրենի պաշտոնակատար Հովիկ Եորդեկյանը, պաշտոնատար այլ անձինք, մտավորականներ, արվեստի գործիչներ, հյուրեր:Ողջունելով համերգի կազմակերպիչներին, նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշեց. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս հրաշալի նախաձեռնության կազմակերպիչներին, հովանավորներին, արտիստներին: Այսօր Հալեպը արյունահոսում է, մեր մայր գաղութը պատերազմի մեջ է: Մենք հավաքվել ենք այստեղ մեր զորակցությունը հայտնելու, օգնելու, աջակցելու մեր սիրիահայ հայրենակիցներին: Նրանք զգում են, որ Հայրենիքն իրենց կողքին է և դժվարին պահին մենակ չի թողել: Մենք ուժեղ ենք միասին, և միասին պետք է հաղթենք ու զորանանք: Մենք կանք, կլինենք ու կշատանանք»:

ՆՈՐ ՏԱՍՆԱՄՅԱԿԻ ՇԵՄԻՆ

 

 

 

ՀԲԸՄ «Բացահայտի՛ր Հայաստանը» ծրագրի 11-րդ շրջանը հայրենիք բերեց ևս 44 երիտասարդի

2013թ.-ին ՀԲԸՄ «Բացահայտիր Հայաստանը» ծրագիրը տոնեց իր 10-ամյա հոբելյանը: Այս տարի, նոր ուժով ու եռանդով, ծրագիրը բացեց նոր տասնամյակի առաջին էջը: 11-րդ «Բացահայտիր Հայաստանը» հայրենիք բերեց 44 սփյուռքահայ երիտասարդների աշխարհի 7 երկրներից` ԱՄՆ, Լիբանան, Կանադա, Մոնակո, Ռուսաստան, Սիրիա և Ֆրանսիա: 3-շաբաթյա ծրագրի շրջանակներում երիտասարդներն այցելեցին տեսարժան վայրեր, տարբեր մշակութային միջոցառումներ, հանդիպումներ ունեցան քաղաքական ու հասարակական գործիչների հետ: «Շատ բան չգիտեի իմ արմատների մասին, բայց միշտ էլ հետաքրքված եմ եղել իմ ինքնությամբ: Երբ այսպիսի հնարավորություն ընձեռվեց, որ եղբորս և քրոջս հետ այցելեմ Հայաստան մեկ ծրագրի շրջանակներում, որոշեցի անպայման օգտվել: Մինչև Հայաստան գալս բոլորովին այլ պատկերացում ունեի հայրենիքիս մասին և ուրախ եմ, որ այդ պատկերացումներս իրականությանը չեն համապատասխանում: Վստահ եմ, որ ապագայում էլ ավելի լավ է լինելու», ասաց Իեն Ուոլթերսը, ԱՄՆ-ից: Ծրագրի առանցքային բաղադրիչներից են կամավոր համայնքային ծրագրերն ու այցելությունը Արցախ: Համայնքային ծրագրերի շրջանակներում «Բացահայտիր Հայաստանն» արդեն երկար տարիներ համագործակցում է Fuller Armenia ընկերության հետ` օգնելով կացարանի խնդիր ունեցող անապահով ընտանիքներին: Այս անգամ այդ համագործակցությունը երիտասարդներին տարավ Երևանի Սիլիկյան թաղամաս, որտեղ Fuller Armenia-ն և ՀԲԸՄ երիտասարդներն օգնեցին Գդոյանների ընտանիքին ավարտին հասցնել կիսակառույց տունը: «Արդեն հինգ տարի է կառուցում ենք այս տունը և դեռ շատ աշխատանք կար անելու: Իմանալով, որ Ֆուլլեր ընկերությունը, ՀԲԸՄ-ի հետ նմանատիպ աջակցության ծրագրեր է իրականացնում, դիմեցի նրանց և պետք է ասեմ, որ հիացած եմ այս երեխաներով, հիացած եմ նրանց միասնությամբ: Սփյուռքից վեր են կացել եկել են հայրենիք, որ ինձ նմաններին օգնեն: Տարբեր երկրներից, իրար չճանաչելով կամ նոր ծանոթացած, համախմբվել են մեկ նպատակի շուրջ` այն է օգնել հային: Ես հիացած եմ ուղղակի: Շատ շնորհակալ եմ բոլորին», ասում է տանտիրուհին` Արփինե Գդոյանը:

ՎԵՐԱԴԱՐՁ ԱՐՄԱՏՆԵՐԻՆ` ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ

 

 

 

ՀԲԸՄ ամառային երիտասարդական ծրագրերից ամենաերիտասարդը` «Երաժշտական Հայաստան»-ն այս տարի տոնեց իր 3-ամյակը: Ծրագրի երրորդ շրջանը հայրենիք էր բերել 12 տաղանդավոր սփյուռքահայ երաժիշտների աշխարհի յոթ երկրներից` ԱՄՆ, Կանադա, Կիպրոս, Մեծ Բրիտանիա, Սիրիա, Ռուսաստան և Ուրուգվայ: 3-շաբաթյա ծրագիրը ներառում է անհատական վարպետության դասեր և խմբային դասախոսություններ ոլորտի լավագույն մասնագետների մատուցմամբ, բազմաթիվ մշակութային միջոցառումներ և այցելություններ տեսարժան վայրեր: Մեկնարկից ի վեր «Երաժշտական Հայաստան» ծրագիրն արդեն իսկ հյուրընկալել է 30 տաղանդավոր սփյուռքահայ երիտասարդների: Նրանցից մի քանիսը մնացել կամ հետագայում վերադարձել են Հայաստան և այժմ իրենց ստեղծագործական գործունեությունը շարունակում են ծավալել հայրենի հողի վրա: Թվով երրորդ «Երաժշտական Հայաստանը» մեկնարկեց հուլիսի 14-ին և ավարտվեց օգոստոսի 4-ին: Այս տարվա մասնակիցները մասնագիտացած էին երաժշտական հետևյալ բնագավառներում` ջութակ, ալտ, քանոն, ֆլեյտա, կիթառ, դաշնամուր, վոկալ և ստեղծագործական հմտություններ: Միասնական դասընթացներն ու անհատական վարպետության դասերն անցկացրին ոլորտի այնպիսի մասնագետներ ինչպիսիք են Արմեն Թութունջյանը, Հակոբ Ջաղացպանյանը, Լիլիթ Պիպոյանը, Ծովինար Հովհաննիսյանը, Մհեր Նավոյանը, Բագրատ Վարդանյանը, Ալեքսանդր Կոսեմյանը, Արթուր Շահնազարյանը, Թովմաս Պողոսյանը, Լուսինե Գրիգորյանը, Արուսյակ Սահակյանը, Արամ Հովհաննիսյանը, Արման Աբրահամյանը և Հայկ Արսենյանը:«Այս ծրագիրն իսկական հայտնագործություն է: 3-րդ տարին է համագործակցում եմ ՀԲԸՄ-ի հետ այս ծրագրի շրջանակներում և առիթ ունեցա շփվել հայազգի տաղանդավոր երիտասարդների հետ: Ոմանք իրոք օգնության և ուղղորդման կարիք ունեք, մյուսներն արդեն կայացած երաժիշտներ են, բայց միևնույն է մասնակցում են ծրագրին, քանի որ հայ երաժշտության հետ իսկական շփումը հնարավոր է լինում միմիայն Հայաստան այցելելով: Ուրախ եմ, որ դիմում են ինձ և որ մասնակցում եմ այս ծրագրին: Սփյուռքի երիտասարդին հայրենիքի հետ կապելու ամենաճիշտ ուղին է մշակույթը, քանզի մշակույթի մեջ կա սեր: Արվեստն է, որ կարողանում է կապել մարդկանց միմյանց: Ես ինքս շատ կապվում եմ իմ աշակերտների հետ», ասաց ԵՊԿ պրոֆեսոր, ջութակահար Բագրատ Վարդանյանը:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2014 Տեսանյութեր

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: