ԱՐՑԱԽԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵԶՐԱՓԱԿԻՉԸ

 

Ութ ամիս շարունակ Հայաստանի շախմատասեր հասարակությանն ու դպրոցականներին լարվածության և սպասումի մեջ պահելուց հետո ավարտվեց շախմատի համադպրոցական ութերորդ օլիմպիադան: Մայիսի 5-8-ը, Ստեփանակերտում տեղի ունեցավ շախմատի հանրապետական համադպրոցական 8-րդ օլիմպիադայի եզրափակիչը: Լարված ու համառ պայքարից հետո, սկզբնական ավելի քան 15,000 մասնակցից եզրափակիչ փուլ էին անցել 72-ը (18 թիմ, յուրաքանչյուրում` 4 հոգի): Հենց այդ 18 թիմերն էլ Արցախում մրցեցին պատվավոր առաջին տեղի և սահմանված մրցանակների համար: 

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ՀԲԸՄ-Ն ԵՎ ՀԱՀ-Ը ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՆՈՐ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳԻՐ

 

 

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը, Հայաստանի ամերիկյան համալսարանը և ՀՀ Պաշտպանության նախարարությունը մեկնարկում են կրթաթոշակների տրամադրման նոր համատեղ ծրագիր, որը կծառայի մեր բանակի զինվորների և սպայական կազմի որակավորման բարձրացմանը: Նախաձեռնության մասին պաշտոնապես հայտարարվեց ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանի, ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՀԱՀ նախագահ Դր. Բրյուս Բողոսյանի միջև վերջերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

ԹՈՒՐՔԵՐ, ՀԱՅԵՐ ՈՒ ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐ, ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՄԻԱՍԻՆ ՀԻՇԱՏԱԿԵԼՈՒ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

 

 

ՀԲԸՄ Եվրոպայի, EGAM եվրոպական հակացեղապաշտական հասարակական կազմակերպության, թուրքական Dur De և IHD հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ արդեն երկրորդ տարին, ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են կազմակերպվում Ստամբուլում: Այս տարի նույնպես, նույն կազմակերպությունների նախաձեռնությամբ, Ստամբուլում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներ: Ավանդույթի համաձայն, այդ կազմակերպությունների ներկայացուցիչները Ստամբուլից հետո ժամանեցին Երևան, այստեղ նույնպես կազմակերպելու ոգեկոչման միջոցառումներ ու հանդիպումներ ունենալու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հասարակական կազմակերպությունների հետ: Ապրիլի 25-ին, տաս հոգուց բաղկացած պատվիրակությունը, ժամանեց Երևան: Ապրիլի 26-ին, պատվիրակներից երեքը` EGAM կազմակերպության նախագահ Բենջամին Աբթանը, Dur De-ի ներկայացուցիչ Լևանդ Շենսեվերը և ՀԲԸՄ Եվրոպայի անդամ Դիանա Հաջգարոն, ՀԲԸՄ Հայաստանի տնօրենի պաշտոնակատար Հովիկ Եորդեկյանի հետ միասին, «Արմենպրես» մամուլի սրահում տվեցին ասուլիս: «ՀԲԸՄ Եվրոպայի կառույցն արդեն երկրորդ տարին է, որ մարդկային իրավունքների պաշտպան եվրոպական ու թուրքական հասարակական կազմակերպությունների հետ միասին Ստամբուլում կազմակերպում է Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներ: Թուրքիայում Հայոց ցեղասպանության ոգեկոչման այդ միջոցառումներն օրըստօրե ընդլայնվում են, իսկ թուրթական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները՝ հանուն արդարության, մարդկային իրավունքների պաշտպանության ու ցեղասպանության ճանաչման, միանում են միջոցառումներին», - ասաց Հովիկ Եորդեկյանն իր բացման խոսքում: EGAM կազմակերպության ղեկավար Բենջամին Աբթանն ասաց, որ իրենց հաճախ են հարցնում թե չլինելով հայեր, ինչու՞ են ոգեկոչում Հայոց ցեղասպանությունը: «Պատասխանը պարզ է՝ Ցեղասպանությունը որևէ էթնիկ խմբի կամ ժողովրդի հարցը չէ, դա մարդկության խնդիրն է:

Ամբողջական հոդվածը կարդալու համար սեղմեք այստեղ:

«ՀԱՄԱՁՈՒԼՄԱՆ ՃԱՄՓԵՔՈՎ» ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ Է ԲԱՑՈՒՄ ՍԻՐԻԱՅԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

 

 

Ապրիլի 28-ին ՀԱՀ բիզնես կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ սիրիահայության խնդիրներին ու մարտահրավերներին նվիրված համագումար: «Համաձուլման ճամփեքով» մեկօրյա համագումարի նպատակն էր ներկայացնել Սիրիայում ծավալվող պատերազմական գործողությունների հետևանքով Հայաստան տեղափոխված ընտանիքների կարիքներն ու շահերը և փորձել գտնել լուծումներ սիրիահայության առջև ծառացած խնդիրներին: Համագումարը կազմակերպել էր «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հ/կ-ն (ՍՀԿԿ)` ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի (UNHCR) կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում: Համագումարի մասնակիցները, այդ թվում` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան և «Փյունիկ» հիմնադրամի նախա-գահ Լևոն Սարգսյանը, ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրա-սենյակի ղեկավար Քրիստոֆ Բիերվիրթը, ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, պետական գերատեսչությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների, տեղական և միջազգային կառույցների ներկայացուցիչները, ինչպես նաև սիրիահայ գործարարներ, բժիշկներ, արվետսագետներ, ուսանողներ քննարկեցին ինտեգրմանն առնչվող հիմնախնդիրները` Հայաստանում սոցիալ-տնտեսական և մշակութային ինտեգրման ճանապարհին տեղահանված կարիքավոր սիրիահայ ընտանիքների համար ծագող մարտահրավերները, ինչպես նաև նրանց հաջողությունները: Համագումարը հնարավորություն ընձեռեց մասնակիցներին ներկայացնել տեղահանված ընտանիքների ձեռքբերումները` միաժամանակ վեր հանելով ինտեգրման գործընթացում առկա խոչընդոտները, մասնավորապես` լեզվական արգելքն ու մշակութային առանձնահատկությունները, բարձր վարձատրվող աշխատանքի սահմանափակ հնարավորությունները, եկամտաբերության հեռանկարները, սոցիալ-տնտեսական խիստ միջավայրը, որին սիրիահայերը սովոր չեն, և Հայաստանի գործարար ոլորտն ու հարկային, մաքսային օրենսդրությունը, որին նրանք դեռևս քաջատեղյակ չեն:

ՀԲԸՄ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ՇԱԽՄԱՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

 

 

 

 

 

Շախմատը շարունակում է իր հաղթարշավը, որպես ամենատարածված ու սիրված սպորտաձևերից մեկը Հայաստանում: Վերջին տարիներին, շնորհիվ շախմատի հանրապետական համադպրոցական օլիմպիադայի, որը կազմակերպում են Շախմատի ակադեմիան և ՀՀ կրթության նախարարությունը ՀԲԸՄ-ի աջակցությամբ, զգալիորեն աճել է հետաքրքրությունն այս մարզաձևի հանդեպ հատկապես երեխաների շրջանում: Սրան անշուշտ նպաստեց նաև շախմատի ներառումը հանրակրթական դպրոցների ուսումնական ծրագրում: Շախմատի համադպրոցական 8-րդ օլիմպիադան մեկ-նարկել էր անցյալ տարվա սեպտեմբերին: Առաջին երկու փուլերը հաղթահարած թիմերը շարունակում են պայքարը կիսաեզրափակչում, որն անցկացվում է մարտի 25-ից ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածում, Հայաստանի բոլոր մարզերում, Երևանում, Լեռնային Ղարաբաղում և Ջավախքում: ՀԲԸՄ ներկայացուցիչները` ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը, ՀԲԸՄ Հայաստանի տնօրենի պաշտոնակատար Հովիկ Եորդեկյանը, ՀԲԸՄ Հայաստանի աշխատակազմն այս օրերին ներկա են լինում բոլոր կիսաեզրափակիչ հանդիումներին` այցելելով մարզեր և Արցախ: Երևանյան հանդիպմանը ներկա էին նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ և փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը և Շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը: Երևանյան մրցաշարի երեք լավագույն թիմերը կշարունակեն պայքարը եղրափակիչ փուլում, որը տեղի կունենա առաջիկա մայիսին Ստեփանակերտում: Մայրաքաղաքի լավագույն եռյակն այսպիսի տեսք ունի. երրորդ հորիզոնական` թիվ 187 ավագ դպրոց, երկրորդ հորիզոնական` թիվ 119 ավագ դպրոց և առաջին հորիզոնական` թիվ 2 ավագ դպրոց: Հենց այս երեք թիմերն էլ եզրափակիչ փուլում հաղթողի կոչման համար կմրցեն մարզերի լավագույն թիմերի հետ: «Առաջին երեք տեղերը զբաղեցրած թիմերը կշարունակեն պայքարը: Մենք արդեն գրեթե ապահովել ենք մեր տեղը: Կաշխատենք եզրափակիչում ավելի լավ խաղալ ու բարձր պահել մեր դպրոցի ու քաղաքի պատիվը», - ասաց Մարիամը 2-րդ տեղը զբաղեցրած թիվ 119 դպրոցից: «Ցանկություն ունեինք որևէ կերպ աջակցել շախմատի զարգացմանը մեր հայրենիքում և երբ առիթը հանդիսացավ դպրոցական այս մրցաշարը հովանավորելու մենք մեծ ուրախությամբ ընդունեցինք և արդեն 7 տարի է աջակցում ենք այս օլիմպիադայի անցկացմանը», - ասաց ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը: ՀԲԸՄ-ն, որն ապահովում է օլիմպիադայի մրցանակային ֆոնդը, ինչպես միշտ պատրաստել է նվերներ ու մրցանակներ կիսաեզրափակչի բոլոր մասնակիցների համար: Փուլի բոլոր մասնակիցներն ու թիմերն այս անգամ ստացան MP3 նվագարկիչներ և գավաթներ, ամենաակտիվ մարզերի թիմերը` նաև պրոյեկտորներ, իսկ հաղթողներն արժանացան պլանշետների: Եզրափակչի հաղթող թիմերն ու նրանց մարզիչները ՀԲԸՄ հովանավորության շնորհիվ նույնպես կարժանանան մրցանակների:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2014 Տեսանյութեր

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: