ԿԵՐՏԵԼՈՎ ԱՊԱԳԱՆ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԻ ՎՐԱ

 

 

 

 

 

Ավարտվեց 8-րդ ՀԲԸՄ Երևանի ամառային մասնագիտական փորձառության ծրագիրը

Արդեն 8-րդ տարին անընդմեջ, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունն ամառային ամիսներին կազմակերպում է փորձառության ծրագիր այն երիտասարդ սփյուռքահայերի համար, ովքեր ցանկություն ունեն ոչ միայն ամառն անցկացնել Հայաստանում, այլ այդ հանգիստն օգտագործել իրենց իսկ մասնագիտություններում էլ ավելի հմտանալու, փորձն ու գիտելիքներն ամրապնդելու և հայրենիքում իրենց ներդրումն ունենալու նպատակով: Սա հնարավորություն է ինքնահաստատման և ինքնադրսևորման, կյանքի և ինքնության վերաիմաստավորման, հնարավորություն մի բան փոխելու և սեփական ներդրումն ունենալու, սովորելու և սովորեցնելու, օգտագործելու սեփական կարողությունները և փորձելու հայրենիքի հետ ունեցած կապի ամրությունը: ՀԲԸՄ 8-րդ Երևանի ամառային փորձառության ծրագիրն այս տարի մեկ հարկի տակ էր հավաքել 20 սփյուռքահայ երիտասարդների 6 երկրներից` ԱՄՆ, Ռուսաստան, Լիբանան, Սիրիա, Բուլղարիա և Ավստրիա: Վեց շաբաթ շարունակ նրանք ապրեցին հայաստանցու կյանքով ու հայաստանցու առօրյայով: Ծրագիրն, ինչպես միշտ, հագեցած էր. առավոտյան աշխատանք, հետո միասին հայերենի ու հայկական ժողովրդական պարերի դասընթացներ, երեկոյան հաճելի զբոսանքներ ու զրույցներ միմյանց և իրենց հայրենաբնակ հասակակիցների ու ընկերների հետ, իսկ հանգստյան օրերին` այցելություններ հայրենի տեսարժան վայրեր: «Յուրաքանչյուր հայ պետք է այցելի Հայաստան, ոչ միայն Երևան, այլ Հայաստանն ամբողջությամբ, վերևից ներքև և իհարկե Արցախ: Եթե մարդ հեռու մնա իր արմատներից և չճանաչի իր արմատները, չի կարող ստեղծագործ լինել, իսկ ստեղծագործ լինելը յուրաքանչյուր անհատի առաջին նպատակներից մեկն է կյանքում: Այս ծրագիրը թե ոգևորիչ է և թե մտահոգիչ: Առաջին շաբաթն անցնում է ոգևորվելով, երկրորդ-երրորդն` ավելի խորը մտածելով. ինչ պետք է անել ներկա խնդիրները հաղթահարելու համար, ինչպես կարող ես քո գիտելիքներով և քո հնարավորության սահմաններում օգտակար լինել հայրենիքիդ», ասում է ծրագրի մասնակից Մեղրիկ Հայիթյանը Ավստրիայից: Ծրագրի մասնակիցներին այս տարի հյուրընկալել էին այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF), ՀՀ սփյուռքի նախարարությունը, Կանանց ռեսուրսների կենտրոնը, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը, «Արաբկիր» բժշկական կենտրոնը, Deem Communications ընկերությունը, Բիբլոս բանկը, Մաշտոցի անվան Մատենադարանը, Ստորակետ ճարտարապետական ընկերությունը, Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիրը (AMAP), հայ-բրիտանական գործարարության պալատը, USAID-ն, OneArmenia, National Instruments և այլ առաջատար կազմակերպություններ: Խոսելով ծրագրի մասին` Կանանց ռեսուրսների կենտրոն հ/կ ներկայացուցիչ Էլվիրա Մելիքսեթյանն ասաց. «Առաջին անգամ չէ, որ համագործակցում ենք ՀԲԸՄ-ի հետ և շատ ուրախ ենք այդ առիթով, քանի որ մշտապես ունենում ենք շատ ակտիվ, կազմակերպված ու խելացի երիտասարդներ, որոնց հետ աշխատելն արդյունավետ է թե՛ մեզ համար, և թե՛ իրենց համար: Միասին կազմակերպել ենք թատերական ներկայացում, մասնակցել տարբեր ակցիաների: Նրանց մասնակցությունն ավելի ստեղծագործ է, քան զուտ տեխնիկական»: Ծրագրի շրջանակներում խումբն այցելեց նաև Արցախ, ծանոթացավ Արցախի պատմությանն ու մշակութային հուշարձաններին, հանդիպեց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի և ԼՂՀ Արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի հետ: Եղան նաև Շուշիում, զբոսնեցին ու բացահայտեցին Շուշիի իրական գեղեցկությունն ու հիացան նրա կոթողներով ու բնությամբ: Երևանում երիտասարդները ներկա եղան նաև «Անուշ» օպերային և այդ օրերին Հայաստանում հյուրախաղերով հանդես եկող Վահե Բերբերյանի ներկայացմանը:

ՀԲԸՄ «ԱՆԴՐԱՆԻԿ» ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՃԱՄԲԱՐԸ 7-ՐԴ ԱՆԳԱՄ ԲԱՑԵՑ ԻՐ ԴՌՆԵՐԸ ՄԻՈՒԹՅԱՆ ՍԿԱՈՒՏՆԵՐԻ ԱՌՋԵՎ

 

 

 

 

 

 

Լոռու մարզի գեղատեսիլ բնությունը կրկին անգամ հյուրընկալեց աշխարհի չորս անկյուններից հայրենիք ժամանած ՀԲԸՄ սկաուտներին: Հուլիսի 9-ին, ՀԲԸՄ «Անդրանիկ» սկաուտական ճամբարն արդեն 7-րդ անգամ բացեց իր դռները Միության սկաուտների առջև: Ճամբարի այս տարվա առաջին հանգրվանին մասնակցեցին 220 սկաուտներ 6 երկրներից` Լիբանան, Սիրիա, Վրաստան, Միացյալ Արաբական Էմիրություններ, Բուլղարիա և Հայաստան: Բացման արարողությանն իր օրհնության խոսքն ասաց Գուգարաց Թեմի Առաջնորդ Սեպուհ արք. Չուլջյանը. «Պետք է թարմացնել պատմական հիշողությունը: Պետք է անցյալը լավ հիշել, որպեսզի ներկան ավելի ապահով դառնա: Այն ինչ այսօր հաջողվում է սկաուտներին ՀԲԸՄ-ի շնորհիվ, մեր նախնիների երազանքն էր, որ անկատար մնաց: Այս սերունդը պարտք ունի Մեծ Եղեռնի նահատակների առջև: Նրանք այս Հայաստանը տեսնել կփափագեին, այստեղ ապրել ու արարել կփափագեին, բայց ավաղ, չտեսան ու այդ բախտին չարժանացան: Նրանց փոխարեն այսօր այստեղ կանգնած եք դուք` նրանց թոռներն ու ծոռները»: Սկաուտական առօրյան սկսում է առավոտյան մարզանքով ու դրոշակի արարողությամբ, այնուհետև նախաճաշ, վրանի և տարածքի մաքրություն, արշավներ, դասախոսություններ, խաղեր, իսկ երեկոյան ընթրիք, երգ ու պար խարույկի շուրջ և կրկին դրոշակի արարողություն: «Սկաուտական ճամբարը, ինչպես նաև ՀԲԸՄ-ի մյուս բոլոր երիտասարդական ծրագրերը, ինքնանպատակ չեն անշուշտ: Սա ոչ միայն սկաուտական սկզբունքների զուտ կիրառական նշանակություն ունի, ի նկատի ունեմ ճամբարային մթնոլորտը, գիտելիքներն ու վարժանքները, այլ նաև առաջին հերթին ուղղված է հայրենաճանաչության», ասում է ՀԲԸՄ Հայաստանի փոխտնօրեն Հովիկ Եորդեկյանը: Սկաուտական ամենամյա այս հավաքները հիանալի առիթ են սփյուռքահայ երիտասարդների համար իրենց սեփական աչքերով տեսնելու հայրենիքը, նրա պատմական հուշարձաններն ու տեսարժան վայրերը, ինչպես նաև շփվելու տարբեր երկրներից հայրենիք ժամանած իրենց հասակակիցների հետ: Բնության գրկում անցկացրած օրերն ու փորձություններն էլ ավելի են ամրացնում մեր երիտասարդների մեջ կարգապահության, միմյանց օգնելու և միասին դժվարություններ հաղթահարելու, ինչպես նաև տարբեր կամավոր համայնքային ծրագրերում ներգրավվելու ձգտումը: Ծրագրի շրջանակներում ճամբարականներն այցելեցին Էջմիածին, Գեղարդ, Սևան, Հաղպատ, Գոշավանք և Գոշի լիճ, Ծիծեռնակաբերդ և Մատենադարան: Կազմակերպվեց նաև այցելություն ՀԲԸՄ-ի և Հայկական վիրտուալ համալսարանի Երևանյան գրասենյակներ, ինչպես նաև ՀԲԸՄ և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Նորքի հայորդյաց տուն: ՀՀ սփյուռքի նախարարությունում ճամբարականներին հյուրընկալեց նախարար Հրանուշ Հակոբյանը: «Մենք ողջունում ենք, մենք ծափահարում ենք ՀԲԸՄ-ին այս գործունեության համար, որովհետև սփյուռքում ապրող երիտասարդը հայրենիքը հեռվից ճանաչել չի կարող, նա պետք է այցելի և զգա հայրենիքը: Այս ծրագրերը կարևոր նշանակություն ունեն սփյուռքի մեր երիտասարդներին հայրենիքին հավերժ կապելու համար: Սա ամենակարևորն է նրանց ինքնության, նրանց արմատներին ու հայրենիքին հավատարիմ մնալու համար», ասաց նախարարը: Չնայած ծրագրային ընդհանրություններին, ճամբարի յուրաքանչյուր տարին իր հետ բերում է փոփոխություններ, նոր ու անմոռանալի հանդիպումներ: Այդպիսին էր այս տարվա այցը Գյումրի, որտեղ սկաուտներն առիթ ունեցան ներկա գտնվել «Գոհար» անսամբլի փորձին և ունկնդրել նրանց չքնաղ երաժշտության հնչյունները: Անմոռանալի էր նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում անցկացրած օրը, որտեղ սկաուտները շփվեցին Թումոի սաների ու աշխատակազմի հետ, ծանոթացան կենտրոնի ծավալած գործունեությանը, կատարեցին իրենց առջև դրված հանձնարարությունները: Համակարգչային խաղեր, անիմացիա և համակարգչային գրաֆիկա, երաժշտություն, ռոբոտաշինություն, վեբ դիզայն. այստեղ յուրաքանչյուրը կարող է գտնել իր նախասիրություններին համապատասխան զբաղմունք: Իսկ հուլիսի 15-ին, իր խոստմանը համաձայն, ճամբար այցելեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, որը մի քանի ժամ անցկացրեց սկաուտների հետ` մտերմիկ զրուցելով ու շփվելով նրանց հետ: «Անդրանիկ» բանակումի առաջին փուլի խարույկահանդեսը տեղի ունեցավ հուլիսի 20-ին: Բացի սկաուտներից խարույկահանդեսին ներկա էին նաև ՀԲԸՄ Երևանի ամառային փորձառության և «Երաժշտական Հայաստան» ծրագրերի մասնակիցները, ՀԲԸՄ անդամներ և բարեկամներ` Հայաստանի գրասենյակի փոխտնօրեն Հովիկ Եորդեկյանի գլխավորությամբ, բազմաթիվ ծնողներ և հյուրեր: Իր ելույթով կրկին անգամ փայլեց ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբի փողային նվագախումբը: 

ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ ՎԵՐԱԲԱՑՎԵՑ ՀԲԸՄ ՆԱԽԱԳԱՀ ՊԵՐՃ ԵՎ ՏԻԿԻՆ ՎԵՐԱ ՍԵԴՐԱԿՅԱՆՆԵՐԻ ԲԱՐԵՐԱՐՈՒԹՅԱՄԲ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԱԾ ՀԻՆ ՎԵՀԱՐԱՆԻ ՇԵՆՔԸ

 

Հուլիսի 5-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ Հին Վեհարանի վերաբացման հանդիսավոր արարողությունը: Պատմական կառույցը հիմնանորոգվել ու բարեկարգվել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանի և տիկին Վերա Սեդրակյանի ազնիվ բարերարությամբ: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Սեդրակյան և Նազարյան ընտանիքների անդամներ և հյուրեր:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ՆՇՎԵՑ ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԻ 10-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ

 

 

Հունիսի 6–ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր երեկո` նվիրված Արցախի պետական կամերային նվագախմբի 10-ամյակի հոբելյանին, որին հաջորդեց տոնական համերգ: Նվագախմբի 10-ամյակի հանդիսավոր երեկոյին ելույթ ունեցան ու նվագախմբի տարեդարձը շնորհավորեցին ու բարեմաղթանքների խոսք ասացին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության նախարար Նարինե Աղաբալյանը, որոնք բարձր գնահատեցին նվագախմբի գործունեությունը: Աշոտ Ղուլյանն ասաց. «Լինելով Հայկական բարեգործական ընդհանուր միության` Արցախում իրականացվող ամենահեղինակավոր ծրագրերից մեկը, Արցախի պետական կամերային նվագախումբն իր շարքերում ունի ծննդով արցախցի երաժիշտների մի աստղաբույլ, որոնք այսօր կազմում են խմբի անբաժանելի մասը»: Եզրափակելով իր խոսքը, Աշոտ Ղուլյանը նվագախմբի ղեկավար Գևորգ Մուրադյանին հանձնեց Ղարաբաղյան ազգային-ազատագրական պայքարի 25-ամյակին նվիրված հուշամեդալ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի ու երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանն իր ելույթում նշեց, որ Արցախի մշակութային կյանքն այլևս անհնար է պատկերացնել առանց պետական կամերային նվագախմբի: 

ՊՈԼՍԱՀԱՅ «ԺԱՄԱՆԱԿ» ՕՐԱԹԵՐԹԻ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ «ԺԱՄԱՆԱԿԻ ԺԱՄԱՆԱԿԸ» ՖԻԼՄԸ ՑՈՒՑԱԴՐՎԵՑ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

 

Պոլսում հրատարակվող «Ժամանակ» օրաթերթը հայաշխարհի ամենահին օրաթերթն է, որն անընդհատ հրատարակվում է արդեն 106 տարի շարունակ: Պոլսահայ անվանի արձակագիր ու հրապարակախոս Միսակ Գոչունյանի (Քասիմ) հիմնադրած օրաթերթը, որի գործը շարունակել են Գոչունյան գերդաստանի հաջորդող սերունդները, անցնող տարիներին իրարահաջորդ հանդիսություններով նշեց իր դարադարձը: Հոբելենական այդ հանդիսությունների շրջանակներում հայրենի բեմագիր Տիգրան Պասկևիչյանի ու ռեժիսոր Արա Շիրինյանի հեղինակությամբ նկարահանվել էր «Ժամանակի ժամանակը» վերնագրով փաստավավերագրական տեսաՖիլմը, որը վավերագրում է պոլսահայ այդ թերթի պատմությունը: Ֆիլմը պատրաստվել է չորս լեզուներով՝ հայերեն, անգլերեն, Ֆրանսերեն ու թուրքերեն: Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կազմակերպությամբ ու ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ, մայիսի 16-ին, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության դահլիճում, տեղի ունեցավ Ֆիլմի շնորհանդեսը: Ավելի քան 100 հանդիսականներ՝ ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչներ, մտավորականներ, պատմաբաններ, մատենագետներ, մշակույթի գործիչներ, լրագրողներ ու բազմաթիվ հյուրեր, ներկա գտնվեցին Ֆիլմի ցուցադրությանը ու բարձր գնահատեցին ֆիլմի վրա կատարված աշխատանքը:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2014 Տեսանյութեր

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: