{source}<iframe width="350"height="200"src=&q" />

ՆՈՐ ՏԱՍՆԱՄՅԱԿԻ ՇԵՄԻՆ

 

 

 

ՀԲԸՄ «Բացահայտի՛ր Հայաստանը» ծրագրի 11-րդ շրջանը հայրենիք բերեց ևս 44 երիտասարդի

2013թ.-ին ՀԲԸՄ «Բացահայտիր Հայաստանը» ծրագիրը տոնեց իր 10-ամյա հոբելյանը: Այս տարի, նոր ուժով ու եռանդով, ծրագիրը բացեց նոր տասնամյակի առաջին էջը: 11-րդ «Բացահայտիր Հայաստանը» հայրենիք բերեց 44 սփյուռքահայ երիտասարդների աշխարհի 7 երկրներից` ԱՄՆ, Լիբանան, Կանադա, Մոնակո, Ռուսաստան, Սիրիա և Ֆրանսիա: 3-շաբաթյա ծրագրի շրջանակներում երիտասարդներն այցելեցին տեսարժան վայրեր, տարբեր մշակութային միջոցառումներ, հանդիպումներ ունեցան քաղաքական ու հասարակական գործիչների հետ: «Շատ բան չգիտեի իմ արմատների մասին, բայց միշտ էլ հետաքրքված եմ եղել իմ ինքնությամբ: Երբ այսպիսի հնարավորություն ընձեռվեց, որ եղբորս և քրոջս հետ այցելեմ Հայաստան մեկ ծրագրի շրջանակներում, որոշեցի անպայման օգտվել: Մինչև Հայաստան գալս բոլորովին այլ պատկերացում ունեի հայրենիքիս մասին և ուրախ եմ, որ այդ պատկերացումներս իրականությանը չեն համապատասխանում: Վստահ եմ, որ ապագայում էլ ավելի լավ է լինելու», ասաց Իեն Ուոլթերսը, ԱՄՆ-ից: Ծրագրի առանցքային բաղադրիչներից են կամավոր համայնքային ծրագրերն ու այցելությունը Արցախ: Համայնքային ծրագրերի շրջանակներում «Բացահայտիր Հայաստանն» արդեն երկար տարիներ համագործակցում է Fuller Armenia ընկերության հետ` օգնելով կացարանի խնդիր ունեցող անապահով ընտանիքներին: Այս անգամ այդ համագործակցությունը երիտասարդներին տարավ Երևանի Սիլիկյան թաղամաս, որտեղ Fuller Armenia-ն և ՀԲԸՄ երիտասարդներն օգնեցին Գդոյանների ընտանիքին ավարտին հասցնել կիսակառույց տունը: «Արդեն հինգ տարի է կառուցում ենք այս տունը և դեռ շատ աշխատանք կար անելու: Իմանալով, որ Ֆուլլեր ընկերությունը, ՀԲԸՄ-ի հետ նմանատիպ աջակցության ծրագրեր է իրականացնում, դիմեցի նրանց և պետք է ասեմ, որ հիացած եմ այս երեխաներով, հիացած եմ նրանց միասնությամբ: Սփյուռքից վեր են կացել եկել են հայրենիք, որ ինձ նմաններին օգնեն: Տարբեր երկրներից, իրար չճանաչելով կամ նոր ծանոթացած, համախմբվել են մեկ նպատակի շուրջ` այն է օգնել հային: Ես հիացած եմ ուղղակի: Շատ շնորհակալ եմ բոլորին», ասում է տանտիրուհին` Արփինե Գդոյանը: