{source}<iframe width="350"height="200"src=&q" />

ՎԵՐԱԴԱՐՁ ԱՐՄԱՏՆԵՐԻՆ` ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ

 

 

 

ՀԲԸՄ ամառային երիտասարդական ծրագրերից ամենաերիտասարդը` «Երաժշտական Հայաստան»-ն այս տարի տոնեց իր 3-ամյակը: Ծրագրի երրորդ շրջանը հայրենիք էր բերել 12 տաղանդավոր սփյուռքահայ երաժիշտների աշխարհի յոթ երկրներից` ԱՄՆ, Կանադա, Կիպրոս, Մեծ Բրիտանիա, Սիրիա, Ռուսաստան և Ուրուգվայ: 3-շաբաթյա ծրագիրը ներառում է անհատական վարպետության դասեր և խմբային դասախոսություններ ոլորտի լավագույն մասնագետների մատուցմամբ, բազմաթիվ մշակութային միջոցառումներ և այցելություններ տեսարժան վայրեր: Մեկնարկից ի վեր «Երաժշտական Հայաստան» ծրագիրն արդեն իսկ հյուրընկալել է 30 տաղանդավոր սփյուռքահայ երիտասարդների: Նրանցից մի քանիսը մնացել կամ հետագայում վերադարձել են Հայաստան և այժմ իրենց ստեղծագործական գործունեությունը շարունակում են ծավալել հայրենի հողի վրա: Թվով երրորդ «Երաժշտական Հայաստանը» մեկնարկեց հուլիսի 14-ին և ավարտվեց օգոստոսի 4-ին: Այս տարվա մասնակիցները մասնագիտացած էին երաժշտական հետևյալ բնագավառներում` ջութակ, ալտ, քանոն, ֆլեյտա, կիթառ, դաշնամուր, վոկալ և ստեղծագործական հմտություններ: Միասնական դասընթացներն ու անհատական վարպետության դասերն անցկացրին ոլորտի այնպիսի մասնագետներ ինչպիսիք են Արմեն Թութունջյանը, Հակոբ Ջաղացպանյանը, Լիլիթ Պիպոյանը, Ծովինար Հովհաննիսյանը, Մհեր Նավոյանը, Բագրատ Վարդանյանը, Ալեքսանդր Կոսեմյանը, Արթուր Շահնազարյանը, Թովմաս Պողոսյանը, Լուսինե Գրիգորյանը, Արուսյակ Սահակյանը, Արամ Հովհաննիսյանը, Արման Աբրահամյանը և Հայկ Արսենյանը:«Այս ծրագիրն իսկական հայտնագործություն է: 3-րդ տարին է համագործակցում եմ ՀԲԸՄ-ի հետ այս ծրագրի շրջանակներում և առիթ ունեցա շփվել հայազգի տաղանդավոր երիտասարդների հետ: Ոմանք իրոք օգնության և ուղղորդման կարիք ունեք, մյուսներն արդեն կայացած երաժիշտներ են, բայց միևնույն է մասնակցում են ծրագրին, քանի որ հայ երաժշտության հետ իսկական շփումը հնարավոր է լինում միմիայն Հայաստան այցելելով: Ուրախ եմ, որ դիմում են ինձ և որ մասնակցում եմ այս ծրագրին: Սփյուռքի երիտասարդին հայրենիքի հետ կապելու ամենաճիշտ ուղին է մշակույթը, քանզի մշակույթի մեջ կա սեր: Արվեստն է, որ կարողանում է կապել մարդկանց միմյանց: Ես ինքս շատ կապվում եմ իմ աշակերտների հետ», ասաց ԵՊԿ պրոֆեսոր, ջութակահար Բագրատ Վարդանյանը: