{source}<iframe width="350"height="200"src=&q" />

ԿԵՐՏԵԼՈՎ ԱՊԱԳԱՆ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԻ ՎՐԱ

 

 

 

 

 

Ավարտվեց 8-րդ ՀԲԸՄ Երևանի ամառային մասնագիտական փորձառության ծրագիրը

Արդեն 8-րդ տարին անընդմեջ, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունն ամառային ամիսներին կազմակերպում է փորձառության ծրագիր այն երիտասարդ սփյուռքահայերի համար, ովքեր ցանկություն ունեն ոչ միայն ամառն անցկացնել Հայաստանում, այլ այդ հանգիստն օգտագործել իրենց իսկ մասնագիտություններում էլ ավելի հմտանալու, փորձն ու գիտելիքներն ամրապնդելու և հայրենիքում իրենց ներդրումն ունենալու նպատակով: Սա հնարավորություն է ինքնահաստատման և ինքնադրսևորման, կյանքի և ինքնության վերաիմաստավորման, հնարավորություն մի բան փոխելու և սեփական ներդրումն ունենալու, սովորելու և սովորեցնելու, օգտագործելու սեփական կարողությունները և փորձելու հայրենիքի հետ ունեցած կապի ամրությունը: ՀԲԸՄ 8-րդ Երևանի ամառային փորձառության ծրագիրն այս տարի մեկ հարկի տակ էր հավաքել 20 սփյուռքահայ երիտասարդների 6 երկրներից` ԱՄՆ, Ռուսաստան, Լիբանան, Սիրիա, Բուլղարիա և Ավստրիա: Վեց շաբաթ շարունակ նրանք ապրեցին հայաստանցու կյանքով ու հայաստանցու առօրյայով: Ծրագիրն, ինչպես միշտ, հագեցած էր. առավոտյան աշխատանք, հետո միասին հայերենի ու հայկական ժողովրդական պարերի դասընթացներ, երեկոյան հաճելի զբոսանքներ ու զրույցներ միմյանց և իրենց հայրենաբնակ հասակակիցների ու ընկերների հետ, իսկ հանգստյան օրերին` այցելություններ հայրենի տեսարժան վայրեր: «Յուրաքանչյուր հայ պետք է այցելի Հայաստան, ոչ միայն Երևան, այլ Հայաստանն ամբողջությամբ, վերևից ներքև և իհարկե Արցախ: Եթե մարդ հեռու մնա իր արմատներից և չճանաչի իր արմատները, չի կարող ստեղծագործ լինել, իսկ ստեղծագործ լինելը յուրաքանչյուր անհատի առաջին նպատակներից մեկն է կյանքում: Այս ծրագիրը թե ոգևորիչ է և թե մտահոգիչ: Առաջին շաբաթն անցնում է ոգևորվելով, երկրորդ-երրորդն` ավելի խորը մտածելով. ինչ պետք է անել ներկա խնդիրները հաղթահարելու համար, ինչպես կարող ես քո գիտելիքներով և քո հնարավորության սահմաններում օգտակար լինել հայրենիքիդ», ասում է ծրագրի մասնակից Մեղրիկ Հայիթյանը Ավստրիայից: Ծրագրի մասնակիցներին այս տարի հյուրընկալել էին այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF), ՀՀ սփյուռքի նախարարությունը, Կանանց ռեսուրսների կենտրոնը, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը, «Արաբկիր» բժշկական կենտրոնը, Deem Communications ընկերությունը, Բիբլոս բանկը, Մաշտոցի անվան Մատենադարանը, Ստորակետ ճարտարապետական ընկերությունը, Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիրը (AMAP), հայ-բրիտանական գործարարության պալատը, USAID-ն, OneArmenia, National Instruments և այլ առաջատար կազմակերպություններ: Խոսելով ծրագրի մասին` Կանանց ռեսուրսների կենտրոն հ/կ ներկայացուցիչ Էլվիրա Մելիքսեթյանն ասաց. «Առաջին անգամ չէ, որ համագործակցում ենք ՀԲԸՄ-ի հետ և շատ ուրախ ենք այդ առիթով, քանի որ մշտապես ունենում ենք շատ ակտիվ, կազմակերպված ու խելացի երիտասարդներ, որոնց հետ աշխատելն արդյունավետ է թե՛ մեզ համար, և թե՛ իրենց համար: Միասին կազմակերպել ենք թատերական ներկայացում, մասնակցել տարբեր ակցիաների: Նրանց մասնակցությունն ավելի ստեղծագործ է, քան զուտ տեխնիկական»: Ծրագրի շրջանակներում խումբն այցելեց նաև Արցախ, ծանոթացավ Արցախի պատմությանն ու մշակութային հուշարձաններին, հանդիպեց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի և ԼՂՀ Արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի հետ: Եղան նաև Շուշիում, զբոսնեցին ու բացահայտեցին Շուշիի իրական գեղեցկությունն ու հիացան նրա կոթողներով ու բնությամբ: Երևանում երիտասարդները ներկա եղան նաև «Անուշ» օպերային և այդ օրերին Հայաստանում հյուրախաղերով հանդես եկող Վահե Բերբերյանի ներկայացմանը: