{source}<iframe width="350"height="200"src=&q" />

«ՀԱՄԱՁՈՒԼՄԱՆ ՃԱՄՓԵՔՈՎ» ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ Է ԲԱՑՈՒՄ ՍԻՐԻԱՅԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

 

 

Ապրիլի 28-ին ՀԱՀ բիզնես կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ սիրիահայության խնդիրներին ու մարտահրավերներին նվիրված համագումար: «Համաձուլման ճամփեքով» մեկօրյա համագումարի նպատակն էր ներկայացնել Սիրիայում ծավալվող պատերազմական գործողությունների հետևանքով Հայաստան տեղափոխված ընտանիքների կարիքներն ու շահերը և փորձել գտնել լուծումներ սիրիահայության առջև ծառացած խնդիրներին: Համագումարը կազմակերպել էր «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հ/կ-ն (ՍՀԿԿ)` ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի (UNHCR) կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում: Համագումարի մասնակիցները, այդ թվում` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան և «Փյունիկ» հիմնադրամի նախա-գահ Լևոն Սարգսյանը, ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրա-սենյակի ղեկավար Քրիստոֆ Բիերվիրթը, ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, պետական գերատեսչությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների, տեղական և միջազգային կառույցների ներկայացուցիչները, ինչպես նաև սիրիահայ գործարարներ, բժիշկներ, արվետսագետներ, ուսանողներ քննարկեցին ինտեգրմանն առնչվող հիմնախնդիրները` Հայաստանում սոցիալ-տնտեսական և մշակութային ինտեգրման ճանապարհին տեղահանված կարիքավոր սիրիահայ ընտանիքների համար ծագող մարտահրավերները, ինչպես նաև նրանց հաջողությունները: Համագումարը հնարավորություն ընձեռեց մասնակիցներին ներկայացնել տեղահանված ընտանիքների ձեռքբերումները` միաժամանակ վեր հանելով ինտեգրման գործընթացում առկա խոչընդոտները, մասնավորապես` լեզվական արգելքն ու մշակութային առանձնահատկությունները, բարձր վարձատրվող աշխատանքի սահմանափակ հնարավորությունները, եկամտաբերության հեռանկարները, սոցիալ-տնտեսական խիստ միջավայրը, որին սիրիահայերը սովոր չեն, և Հայաստանի գործարար ոլորտն ու հարկային, մաքսային օրենսդրությունը, որին նրանք դեռևս քաջատեղյակ չեն: