{source}<iframe width="350"height="200"src=&q" />

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ՆՇՎԵՑ ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԻ 10-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ

 

 

Հունիսի 6–ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր երեկո` նվիրված Արցախի պետական կամերային նվագախմբի 10-ամյակի հոբելյանին, որին հաջորդեց տոնական համերգ: Նվագախմբի 10-ամյակի հանդիսավոր երեկոյին ելույթ ունեցան ու նվագախմբի տարեդարձը շնորհավորեցին ու բարեմաղթանքների խոսք ասացին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության նախարար Նարինե Աղաբալյանը, որոնք բարձր գնահատեցին նվագախմբի գործունեությունը: Աշոտ Ղուլյանն ասաց. «Լինելով Հայկական բարեգործական ընդհանուր միության` Արցախում իրականացվող ամենահեղինակավոր ծրագրերից մեկը, Արցախի պետական կամերային նվագախումբն իր շարքերում ունի ծննդով արցախցի երաժիշտների մի աստղաբույլ, որոնք այսօր կազմում են խմբի անբաժանելի մասը»: Եզրափակելով իր խոսքը, Աշոտ Ղուլյանը նվագախմբի ղեկավար Գևորգ Մուրադյանին հանձնեց Ղարաբաղյան ազգային-ազատագրական պայքարի 25-ամյակին նվիրված հուշամեդալ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի ու երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանն իր ելույթում նշեց, որ Արցախի մշակութային կյանքն այլևս անհնար է պատկերացնել առանց պետական կամերային նվագախմբի: