{source}<iframe width="350"height="200"src=&q" />

ՀԲԸՄ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ՇԱԽՄԱՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

 

 

 

 

 

Շախմատը շարունակում է իր հաղթարշավը, որպես ամենատարածված ու սիրված սպորտաձևերից մեկը Հայաստանում: Վերջին տարիներին, շնորհիվ շախմատի հանրապետական համադպրոցական օլիմպիադայի, որը կազմակերպում են Շախմատի ակադեմիան և ՀՀ կրթության նախարարությունը ՀԲԸՄ-ի աջակցությամբ, զգալիորեն աճել է հետաքրքրությունն այս մարզաձևի հանդեպ հատկապես երեխաների շրջանում: Սրան անշուշտ նպաստեց նաև շախմատի ներառումը հանրակրթական դպրոցների ուսումնական ծրագրում: Շախմատի համադպրոցական 8-րդ օլիմպիադան մեկ-նարկել էր անցյալ տարվա սեպտեմբերին: Առաջին երկու փուլերը հաղթահարած թիմերը շարունակում են պայքարը կիսաեզրափակչում, որն անցկացվում է մարտի 25-ից ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածում, Հայաստանի բոլոր մարզերում, Երևանում, Լեռնային Ղարաբաղում և Ջավախքում: ՀԲԸՄ ներկայացուցիչները` ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը, ՀԲԸՄ Հայաստանի տնօրենի պաշտոնակատար Հովիկ Եորդեկյանը, ՀԲԸՄ Հայաստանի աշխատակազմն այս օրերին ներկա են լինում բոլոր կիսաեզրափակիչ հանդիումներին` այցելելով մարզեր և Արցախ: Երևանյան հանդիպմանը ներկա էին նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ և փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը և Շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը: Երևանյան մրցաշարի երեք լավագույն թիմերը կշարունակեն պայքարը եղրափակիչ փուլում, որը տեղի կունենա առաջիկա մայիսին Ստեփանակերտում: Մայրաքաղաքի լավագույն եռյակն այսպիսի տեսք ունի. երրորդ հորիզոնական` թիվ 187 ավագ դպրոց, երկրորդ հորիզոնական` թիվ 119 ավագ դպրոց և առաջին հորիզոնական` թիվ 2 ավագ դպրոց: Հենց այս երեք թիմերն էլ եզրափակիչ փուլում հաղթողի կոչման համար կմրցեն մարզերի լավագույն թիմերի հետ: «Առաջին երեք տեղերը զբաղեցրած թիմերը կշարունակեն պայքարը: Մենք արդեն գրեթե ապահովել ենք մեր տեղը: Կաշխատենք եզրափակիչում ավելի լավ խաղալ ու բարձր պահել մեր դպրոցի ու քաղաքի պատիվը», - ասաց Մարիամը 2-րդ տեղը զբաղեցրած թիվ 119 դպրոցից: «Ցանկություն ունեինք որևէ կերպ աջակցել շախմատի զարգացմանը մեր հայրենիքում և երբ առիթը հանդիսացավ դպրոցական այս մրցաշարը հովանավորելու մենք մեծ ուրախությամբ ընդունեցինք և արդեն 7 տարի է աջակցում ենք այս օլիմպիադայի անցկացմանը», - ասաց ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը: ՀԲԸՄ-ն, որն ապահովում է օլիմպիադայի մրցանակային ֆոնդը, ինչպես միշտ պատրաստել է նվերներ ու մրցանակներ կիսաեզրափակչի բոլոր մասնակիցների համար: Փուլի բոլոր մասնակիցներն ու թիմերն այս անգամ ստացան MP3 նվագարկիչներ և գավաթներ, ամենաակտիվ մարզերի թիմերը` նաև պրոյեկտորներ, իսկ հաղթողներն արժանացան պլանշետների: Եզրափակչի հաղթող թիմերն ու նրանց մարզիչները ՀԲԸՄ հովանավորության շնորհիվ նույնպես կարժանանան մրցանակների: