{source}<iframe width="350"height="200"src=&q" />

ՀԲԸՄ-Ն ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՆՈՐ ԾՐԱԳԻՐ

 

 

 

 

Մեծապես կարևորելով Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գործունեությունը, երիտասարդ գիտնականների պատրաստման ու որակավորման, ինչպես նաև հետազոտական ծրագրերի խթանման գործը` Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) կրթաթոշակներ տրամադրեց Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողներին, «Մատենադարան» գիտահետազոտական ինստիտուտի և ՀՀ Կրթության և գիտության նախարարության համատեղ ասպիրանտական կրթության ծրագրի շրջանակներում: Մատենադարանի հեռանկարային զարգացման առաջնահերթություններից հանդիսացող այս ծրագրի շրջանակներում, պատմագրության, աղբյուրագիտության, արվեստի պատմության և տեսության ու համամաշխարհային պատմության գծով Մատենադարանի ութ երիտասարդ ասպիրանտներ արժանացան ՀԲԸՄ-ի տարեկան կրթաթոշակներին: Երիտասարդ ասպիրանտներն աշխատում են Մատենադարանի թվայնացման, արվեստի պատմության ու գրչության, արաբատառ ձեռագրերի ուսումնասիրման, միջազգային կապերի, արխիվային փաստաթղթերի պահպանման և գիտական մշակման բաժիններում: Այս ծրագրով ՀԲԸՄ-ն շարունակում է իր աջակցությունը Մատենադարանին: ՀՀ անկախության առաջին տարիների էներգետիկ ճգնաժամի օրերին ՀԲԸՄ-ն ու նրա բարերարները միջոցներ են տրամադրել Մատենադարանին` ձեռք բերելու գրապահոցի համար կենսական նշանակություն ունեցող օդորակիչներ, հակահրդեհային ու անվտանգության համակարգեր: ՀԲԸՄ-ն հովանավորել է նաև Մատենադարանի մի շարք հրատարակություններ: Հավաստագրերի հանձնման արարողությունը տեղի ունեցավ Մատենադարանում` ներկայությամբ Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի, ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանի, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրենի պաշտոնակատար Հովիկ Եորդեկյանի, նախկին տնօրեն և այժմ ՀԱՀ փոխնախագահ Աշոտ Ղազարյանի և բազմաթիվ այլ հյուրերի: