ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԵՌՕՐՅԱ ԲԱՆԱԿՈՒՄԸ

ՀՀ Լոռու մարզի Լեռմոնտովո համայնքում տեղակայված ՀԲԸՄ սկաուտական բանակավայրն անշուշտ ամենահարազատ վայրերից է ՀԲԸՄ սկաուտների համար: Այդ իսկ պատճառով, բացի ամենամյա ամառային սկաուտական հավաքներից, որին մասնակցում են մոտ 300 ՀԲԸՄ սկաուտներ ողջ աշխարհից, ՀԲԸՄ Երևանի սկաուտական շարժման անդամները ժամանակ առ ժամանակ այցելում են բանակավայր և մի քանի օր անցկացնում այնտեղ: ՀԲԸՄ սկաուտների հերթական եռօրյա բանակումը կազմակերպվեց հոկտեմբերի 24-ին: Շարժման առաջնորդներն ու խմբապետական կազմը որոշեց հերթական սեմինարն անցկացնել հարազատ բանակավայրում: Սկաուտների 15 հոգանոց խումբն ուղևորվեց բանակավայր` աշխատելու կիրակօրյա ծրագրերի պատրաստման վրա և միևնույն ժամանակ կատարելու բանակավայրի մաքրման և չափագրման որոշ աշխատանքներ և մասնակցելու կազմակերպված սեմինարին: Բանակավայրում մի փոքր հանգստանալուց հետո աղջիկներն սկսեցին ծանոթանալ նոր ճաշատեսակների պատրաստման եղանակներին, իսկ տղաները գնացին խարույկի համար ցախ հավաքելու: Հաջորդ առավոտյան նախավարժանքից ու նախաճաշից հետո, հավաքվեցին սրահում ու սկսեցին առաջիկա ամիսների կիրակնօրյա նոր ծրագրեր կազմել: Կեսօրին, սկաուտական խմբապետ Արման Օքջյանի առաջնորդությամբ, սկսեցին բանակավայրի չափագրման աշխատանքները` վերջինիս մակետն առաջիկայում պատրաստելու մտադրությամբ: Ավելի ուշ բոլորը հավաքվեցին սկաուտական խորհրդի անդամ Սերոբ Սերոբյանի IT-ի մասին դասախոսությանը: Անչափ հետաքրքիր էր լսել և իմանալ ոլորտի վերջին նորություններն ու առաջիկա տենդենցները: Երրորդ օրը սկաուտները ճանապարհ ընկան դեպի Երևան` մասնակցելու ՀԲԸՄ Հայորդյաց տանն անցկացվող հերթական հավաքին: