ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՊԱՐԱՀԱՆԴԵՍ

Նոյեմբերի 29-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի ունեցավ ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբի ամանորյա պարահանդեսը, որը դարձել է գեղեցիկ ավանդույթ և ամենասպասվածներից է սկաուտական բազմաթիվ միջոցառումների շարքում: Տարիներ շարունակ ՀԲԸՄ Երևանի սկաուտական շարժման Ծնողաց հանձնախմբի ջանքերով կազմակերպվող ամենամյա ճաշկերույթ-պարահանդեսն այս տարի նույնպես մեկ հարկի տակ համախմբեց ՀԲԸՄ սկաուտական խմբի բոլոր բարեկամներին: Ներկաների շարքերում էին ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը, ՀԲԸՄ Հայաստանի տնօրենի պաշտոնակատար Հովիկ Եորդեկյանը, ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբի կնքամայր Հերմինե Դուզյանը, ՀԲԸՄ և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Հայորդյաց Տների հոգևոր տեսուչ Կոմիտաս վարդապետ Հովնանյանը, ինչպես նաև դեսպաններ, մտավորականներ և այլ հյուրեր: Հնչեցին բազմաթիվ շնորհավորական և շնորհակալական խոսքեր: Տարիների ընթացքում կատարած իր անձնվեր աշխատանքի համար պարգևատրվեց ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբի ընդհանուր խմբապետ Գևորգ Սիմոնյանը: Ինչպես միշտ երեկոն լի էր երգ ու պարով, առատաձեռն նվիրատվություններով և խաղարկություններով: Երեկոյի արդյունքում ստացված ողջ հասույթը ծառայելու է սկաուտական նոր ծրագրերի իրականացմանն ու շարժման զարգացմանը: ՀԲԸՄ Երևանի սկաուտական խումբը ստեղծվել է 2008թ.: Իր գործունեության 6 տարիների ընթացքում այն անդադար իր շարքերն է ընդունել նոր անդամների, ինչի արդյունքում այժմ սկաուտական հավաքներին և բանակումներին մասնակցում են տարբեր տարիքի հարյուրավոր երիտասարդներ: Սկաուտները պարբերաբար կազմակերպում են տարբեր միջոցառումներ, այցելություններ ու արշավներ, աչքի են ընկնում իրենց գիտելիքներով ու կարգապահությամբ, միմյանց և ուրիշներին օգնելու պատրաստակամությամբ ու տարբեր հասարակական նախաձեռնություններում իրենց ակտիվ մասնակցությամբ: Սկաուտների տարեկան գործունեության գագաթնակետը ՀԲԸՄ «Անդրանիկ» սկաուտական ճամբարն է, որն ամեն ամառ Լոռու մարզում տեղակայված բանակավայրում է հավաքում ՀԲԸՄ սկաուտներին ամբողջ աշխարհից:

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2014 Սկաուտական շարժում ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՊԱՐԱՀԱՆԴԵՍ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: