ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԽՈՒՄԲ. ԾԱՂԿԱՀԱՎԱՔ ԵՎ ԵՌՕՐՅԱ ԲԱՆԱԿՈՒՄ

ՀԲԸՄ Երևանի սկաուտական խումբը շարունակում է իր ակտիվ գործունեությունը` հավատարիմ իր երդմանն ու դավանանքին: Այս անգամ սկաուտներն առիթը բաց չթողեցին օգնության ձեռք մեկնելու Ծիծեռնակաբերդում կազմակերպված ծաղկահավաքին: Արդեն չորս տարի շարունակ ապրիլի 24-ին հաջորդած օրերին Ցեղասպանության հուշակոթողի մոտ, ՎիվաՍել ընկերության աջակցությամբ, Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամը կազմակերպում է ծաղկահավաք: Կուտակված մոտ 2 տոննա ծաղիկներն այրվելու կամ թափվելու փոխարեն ստանում են երկրորդ կյանք բազմաթիվ հասարակական կազմակերպությունների ու կամավորների օգնությամբ, որոնք առանձնացնում են ծաղիկների ցողունները պսակաթերթիկներից: Առաջիններն օգտագործվում են որպես պարարտանյութ, իսկ վերամշակված պսակաթերթիկներից պատրաստվում են բացիկներ և շնորհակալագրեր: ՀԲԸՄ Երևանի սկաուտական խումբը նույնպես իր ակտիվ մասնակցությունն է բերում այս բնապահպանական և օգտակար նախաձեռնությանը: Մայիսի 9-11-ը, ՀԲԸՄ Երևանի սկաուտները մեկնեցին Լոռու մարզ` հերթական եռօրյա բանակումին: Սկաուտների 50 հոգանոց խումբը վաղ առավոտյան ուղևորվեց ՀԲԸՄ և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Արաբկիրի Հայորդյաց տնից: Հասնելով ճամբար` սկաուտները լարեցին վրաններն ու անցան բանակավայրի մաքրման աշխատանքներին: Հետո միասին պատրաստեցին ճաշը, իսկ ուտելուց հետո սկսեցին դասերն ու վարժությունները: Պատրաստեցին սկաուտական կայմն իր զույգ ծածանվող դրոշներով: Երեկոյան` զրույց, կատակներ, երգ ու պար` խարույկի շուրջ: Եռօրյա բանակումի շրջանակներում կազմակերպվեցին նաև տարբեր խաղեր ու արշավներ: Ակտիվ հանգստի ևս 3 օր, որ ընդմիշտ կմնան սկաուտների հիշողությունում: Իսկ առջևում տարվա հիմնական ու ամենասպասված իրադարձությունն է` «Անդրանիկ» սկաուտական բանակումը, որն ամեն տարի ողջ աշխարհից ավելի քան 300 ՀԲԸՄ սկաուտներ է բերում Հայաստան: