ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ` 5 ՏԱՐԵԿԱՆ

ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբի համար անցյալ տարվա ամենահիշարժան օրերից մեկը վստահաբար նոյեմբերի 23-ն էր: Երկու կարևոր միջոցառում մեկ օրում: ՀԲԸՄ Երևանի սկաուտներն այդ օրը նշում էին իրենց հիմնադրման 5-ամյակը: ՀԲԸՄ և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Արաբկիրի Հայորդյաց տունն առավոտից լեփ-լեցուն էր: Տեղի ունեցավ ավանդական սկաուտական երդման արարողություն և շարժումը կրկին անգամ համալրվեց նոր անդամներով: Նորեկները ստացան իրենց սկաուտական համազգեստներն ու փողկապները, որոնք կրելու են հպարտությամբ, իսկ համազգեստի հետ նույն հպարտությամբ կրելու են նաև այն պատասխանատվությունը, որ իր հետ բերում է սկաուտությունը: Ողջույնի և շնորհավորական խոսքերով հանդես եկան ՀԲԸՄ Հայաստանի փոխտնօրեն Հովիկ Եորդեկյանը, ՀԲԸՄ սփյուռքահայ երիտասարդական ծրագրերի համակարգող Հերմինե Դուզյանը և Հայորդյաց տների հոգևոր տեսուչ Կոմիտաս վարդապետ Հովնանյանը: ՀԲԸՄ Երևանի սկաուտական շարժման 5-ամյակի կապակցությամբ շնորհակալագրեր շնորհվեցին շարժման նախկին անդամներին ու ատենապետներին և բոլոր նրանց ովքեր կանգնած են շարժման ակունքներում և անուրանալի դեր են ունեցել շարժման զարգացման գործում: ՀԲԸՄ Երևանի սկաուտական շարժումը մեկնարկեց 2008թ.: Խումբն այն ժամանակ բաղկացած էր մի քանի անդամներից, որոնք ամենշաբաթյա հավաքներ էին կազմակերպում Արաբկիրի Հայորդյաց տանը: Այժմ, ստեղծման օրից հինգ տարի անց, խումբն ունի մոտ 200 անդամ և գործունեություն է ծավալում ոչ միայն Արաբկիրի, այլ նաև Նորքի Հայորդյաց տանը: Նրանք կազմակերպում են տարբեր միջոցառումներ, այցելություններ, տոնախմբություներ ու արշավներ, աչքի են ընկնում իրենց գիտելիքներով ու կարգապահությամբ, միմյանց և ուրիշներին օգնելու պատրաստակամությամբ ու տարբեր հասարակական նախաձեռնություններում իրենց ակտիվ մասնակցությամբ: Սկաուտների տարեկան գործունեության գագաթնակետը ՀԲԸՄ «Անդրանիկ» սկաուտական ճամբարն է, որն ամեն ամառ Լոռու մարզում տեղա-կայված բանակավայրում մեկ հարկի տակ է հավաքում ՀԲԸՄ սկաուտներին ամբողջ աշխարհից: Անցյալ հինգ տարիների ընթացքում շարժմանն անդամակցել է 500 սկաուտ: Նոյեմբերի 23-ի երեկոյան Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի ունեցավ նաև ՀԲԸՄ Երևանի սկաուտական շարժման ամենամյա գալա-երեկոն: Հոբելյանական շքեղ միջոցառմանը ներկա էին ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամներ Վազգեն Յակուբյանը և Դր. Երվանդ Զորյանը, Կոմիտաս վարդապետ Հովնանյանը, ՀԲԸՄ Հայաստանի տնօրեն Արփի Վարդանյանը, Հովիկ Եորդեկյանը, Հերմինե Դուզյանը, բազմաթիվ հյուրեր, բարերարներ ու աջակիցներ: Մի խոսքով, ներկա էին բոլորը, ովքեր գեթ չնչին ներդրում էին ունեցել ՀԲԸՄ Երևանի սկաուտական շարժման ստեղծման ու կայացման գործում: Ինչպես միշտ երեկոն լի էր երգ ու պարով, տարբեր խաղերով ու բեմադրություններով, անակնկալներով ու նվիրատվություններով, նվերների խաղարկությամբ ու մրցանակներով: Հնչեցին բազմաթիվ շնորհավորական ուղերձներ ու բարեմաղթանքներ: 5-ամյակի կապակցությամբ հոբելյանական հուշանվերներով պարգևատրվեցին շարժման հիմնադիրներն ու երկարամյա աջակիցները` ՀԲԸՄ Հոգաբարձուների Խորհրդի անդամ Գառնիկ Յակուբյանն իր տիկնոջ` Անի Յակուբյանի հետ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը, ՀԲԸՄ Հայաստանի փոխտնօրեն Հովիկ Եորդեկյանը, ՀԲԸՄ սփյուռքահայ երիտասարդական ծրագրերի համակարգող Հերմինե Դուզյանը, «Անդրանիկ» սկաուտական բանակումի ընդհանուր պատասխանատու Գևորգ Սանթուրյանը, տեր և տիկին Վարուժան և Սեդա Մասարաջյանները, տեր և տիկին Գևորգ և Ալին Սարյանները, նախկին ատենապետներ Կարեն Տիրարյանը և Էդուարդ Տեր-Գասպարյանը, Սոնա Ռաստգելենյանը: