ՀԲԸՄ ՍԻԴՆԵՅԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԵՑ ԵՐԵՎԱՆԻ ՕԼԻՄՊՈՍ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԸ

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Սիդնեյի մասնաճյուղի հովանավորությամբ սույն թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին Երևանի «Օլիմպոս» կրթահամալիրում իրականացվեցին վերանորոգման աշխատանքներ: Այս նվիրատվության շնորհիվ այսօր կրթահամալիրի աշակերտներն ու անձնակազմն իր առօրյան կազմակերպում է ավելի բարեկարգ ու հարմարավետ պայմաններում: Հոկտեմբերի 3-ին, վերանորոգման աշխատանքների ավարտից հետո, դպրոցը հյուրընկալեց ՀԲԸՄ Սիդնեյի մասնաճյուղի փոխատենապետ Հովհաննես Գույումջյանին` իր տիկնոջ Մարիի հետ, և ՀԲԸՄ Սիդնեյի Վարչության անդամ Կարո Սեթյանին` տիկնոջ` Ջոյսի հետ: Հյուրերը շրջեցին վերանորոգված դպրոցում, հանդիպեցին տնօրենին և ուսուցիչներին, ծանոթացան դպրոցի խնդիրներին: Դպրոցի անձնակազմն էլ իր հերթին իր խորին երախտագիտությունը հայտնեց ՀԲԸ Միության Սիդնեյի մասնաճյուղին ի դեմս ներկաների և մասնաճյուղի ատենապետ Թորոս Պողոսյանի, բոլոր անհատներին ու կազմակերպություններին, որոնք իրենց ներդրումն ու աջակցությունն էին բերել այս գործում: Հայաստան այցի շրջանակներում Հովհաննես Գույումջյանն ու Կարո Սեթյանն այցելեցին նաև ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակ, հանդիպեցին ՀԲԸՄ Հայաստանի տնօրենի պաշտոնակատար Հովիկ Եորդեկյանին և Միության սփյուռքահայ երիտասարդական ծրագրերի համակարգող Հերմինե Դուզյանին: