ԱՐՑԱԽԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀԱՄԵՐԳԸ ՆՎԻՐՎԱԾ ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ 75-ԱՄՅԱԿԻՆ

Հոկտեմբերի 18-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցավ Արցախի կամերային նվագախմբի հերթական համերգը, որն այս անգամ նվիրված էր մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 75-ամյակին: Համերգը նախաձեռնել էր կոմպոզիտորի քույրը` հանրաճանաչ սոպրանո Արաքս Մանսուրյանը, որն այժմ բնակվում է Ավստրալիայում և որը Արցախ էր ժամանել իր երեք աշակերտների հետ, ովքեր էլ ելույթ ունեցան Արցախի պետական կամերային նվագախմբի հետ: Բացման խոսքով հանդես եկավ ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը նշելով, որ Արցախում կոմպոզիտորին միշտ սպասել ու սպասում են և շատ ուրախ են, որ Տիգրան Մանսուրյանն իր 75-ամյակը որոշել է անցկացնել արցախցի հանդիսատեսի հետ: Համերգի ընթացքում Արցախի կամերային նվագախմբի և Ջիանգ Հոնգշի /տենոր/, Ջեորջիա Կոկկորիսի /կոլորատուր սոպրանո/, Ռիան Սաունդերսի /սոպրանո/ և Արթուր Ավանեսովի /դաշնամուր/ կողմից հնչեցին Տիգրան Մանսուրյանի, Կոմիտասի, Բարսեղ Կանաչյանի, Մոցարտի և Վերդիի ստեղծագործությունները: Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՀ վաստակավոր երգչուհի Շուշան Պետրոսյանը, երկրպագուներ, հյուրեր: Համերգի վերջում Նարինե Աղաբալյանը մաեստրո Մանսուրյանին հանձնեց մշակույթի նախարարության նվերը: Իր հերթին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Տիգրան Մանսուրյանն ասաց. «Ես խորապես հուզված եմ այս դահլիճում գտնվելով, այսքան ջերմության արժանանալով: Ես, այստեղ լինելով, նորից ուժ եմ առնում այս հողից որն ինձ միշտ կուղեկցի, հատկապես առաջիկայում պլանավորված ծրագրերի իրականացման ժամանակ»: Արցախ կատարած այցի շրջանակներում անվանի երաժիշտը քրոջ` Արաքս Մանսուրյանի և զարմուհու` Շուշան Պետրոսյանի հետ այցելեց նաև Շուշի: Նրանց ուղեկցում էր նաև ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը: Հյուրերը եղան Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Եկեղեցում, ապա նաև Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանում, որտեղ մեծ երգահանը թանգարան այցելած իր երկրպագուների համար նվագեց հանրահայտ «Կտոր մը երկինք» ֆիլմի համար գրած իր ստեղծագործությունը, իսկ այնուհետև գրառում կատարեց նաև այցելուների տպավորությունների գրքում: Տիգրան Մանսուրյանին հյուրընկալեցին նաև ԼՂՀ մշակույթի նախարարությունում, որին կից «Խաղաղության ծառուղում» մաեստրոն տնկեց իր անվանական արծաթագույն եղևնին: «Խաղաղության ծառուղին» հիմնվել է 2013թ.: Առաջին արծաթափայլ եղևնին տնկել է Պլասիդո Դոմիգո կրտսերը, այնուհետև իրենց եղևնիներն են տնկել նաև կոմպոզիտոր, դերասան Լևոն Օգանեզովը, գերմանացի աշխարհահռչակ արվեստաբան Վոլքմար Գանցհորնը, աշխարհահռչակ սոպրանո Մոնսերատ Կաբալիեն: Արցախի կամերային նվագախումբն ստեղծվել է 2004թ. ՀԲԸՄ-ի նախաձեռնությամբ ու աջակցությամբ: Այդ օրվանից Միությունը շարունակում է հովանավորել նվագախումբը, որը մասետրո Գևորգ Մուրադյանի ղեկավարությամբ, բազմաթիվ համերգներով հանդես է եկել Արցախում, Հայաստանում և արտերկրում:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2014 Նորություններ ԱՐՑԱԽԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀԱՄԵՐԳԸ ՆՎԻՐՎԱԾ ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ 75-ԱՄՅԱԿԻՆ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: