ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՅՈՐԴՅԱՑ ՏԱՆ ԲԱՑՈՒՄԸ

Դեկտեմբերի 4-ին, տեղի ունեցավ Գյումրիի հայորդյաց տան բացման հանդիսավոր արարողությունը` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Սա Մայր Աթոռի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հովանու ներքո գործող ութերորդ հայորդյաց տունն է, որն ամբողջությամբ նորոգվել և բարեկարգվել է ազնիվ բարերարությամբ ամերիկաբնակ տիկին Սանդրա Լայթներ-Շահինյանի: Վեհափառ Հայրապետին ուղեկցում էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը: Արարողությանը ներկա էին նաև Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և այլոք: Հայորդյաց տան առջև Նորին Սրբությանն աղ ու հացով ողջունեցին հայորդյաց տան սաները: Ապա Ամենայն Հայոց Հայրապետը, Շիրակի մարզպետը և Գյումրու քաղաքապետը հատեցին մուտքի կարմիր ժապավենը և մուտք գործեցին հայորդյաց տուն: Ներսում, նախագահությամբ Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի, կատարվեց նորաբաց կրթական հաստատության օրհնության կարգ, որից հետո հյուրերը ծանոթացան հայորդյաց տան պայմաններին, այցելեցին հաստատության հարկի ներքո գործող տարբեր խմբակներ, զրուցեցին մանուկների ու պատանիների հետ: Այնուհետև հայորդյաց տան դահլիճում տեղի ունեցավ հանդիսություն, որը բացվեց Տերունական աղոթքով և Մայր Աթոռի և ՀԲԸՄ Հայորդյաց տների հոգևոր տեսուչ Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյանի ողջույնի խոսքով: Նա հույս հայտնեց, որ, համաձայն Վեհափառ Հայրապետի տեսիլքի, մի օր Հայրենիքի ամեն քաղաք և գյուղ կունենա նման հրաշալի հայորդյաց տուն: Իրենց սրտի խոսքն ասացին նաև Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը` կարևորելով մարզկենտրոնում հայորդյաց տան բացումը և վստահություն հայտնելով, որ այն կդառնա մարզի մշակութային դիմագիծը ներկայացնող կարևոր օղակ: Նրանք շնորհակալություն հայտնեցին Նորին Սրբությանը Գյումրուն նման արժեքավոր ընծա մատուցելու համար, ինչպես նաև նվերներ փոխանցեցին իր գործունեությունն սկսող հաստատությանը: Այս առիթով Ամենայն Հայոց Հովվապետի այցը Շիրակի թեմ ողջունեց Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը` ներկայացնելով հայորդյաց տան հաստատման պատմությունն ու շնորհակալություն հայտնելով Վեհափառ Հայրապետին, բարերարին և բոլոր զորակցողներին այս կրթական հաստատության մտահղացման իրականացման համար: Հանդիսությունը փակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: «Մենք գիտենք, որ Գյումրին շնորհալիների քաղաք է. այն առանձնահատուկ բույր ունի, համ ու հոտ ունի: Եվ մենք վստահ ենք, որ այս հաստատությունն իր նպաստը կբերի դրան», - ասաց Վեհափառ Հայրապետը: Խոսքի ավարտին, բարի երթ մաղթելով Գյումրիի հայորդյաց տանը, Ամենայն Հայոց Հայրապետն աղոթեց Հայրենիքի անսասանության, Շիրակի մարզի և Գյումրիի բնակչության բարօրության համար: Ցերեկույթի ընթացքում երաժշտական կատարումներով հանդես եկան Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավարությամբ Երվանդ Վարոսյանի, Գյումրու ժողովրդական գործիքների պետա-կան նվագախումբը` գեղարվեստական ղեկավարությամբ արվեստի վաստակավոր գործիչ Ջ. Քաղցրիկյանի և Հայորդյաց տան «Հայկական զարդանախշեր» պարային համույթի և թատերական դասարանի սաներ: Այս հայորդյաց տան բացումն անկասկած պիտի իր կարևոր ներդրումն ունենա Գյումրիի մանուկների հոգևոր, ազգային դաստիարակության գործում:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2014 Նորություններ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՅՈՐԴՅԱՑ ՏԱՆ ԲԱՑՈՒՄԸ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: