ՀԲԸՄ-Ն ՄԱՍՆԱԿՑԵՑ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱՎԱՃԱՌԻՆ

 

Դեկտեմբերի 5-ին, Կամավորների միջազգային օրվա առթիվ, ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի շենքում տեղի ունեցավ կամավորական տոնավաճառ: Տոնավաճառի դռները բաց էին բոլոր նրանց համար, ում հոգեհարազատ է կամավորության գաղափարը: Կամավորության տոնավաճառն ուղղված էր երիտասարդության շրջանում կամավորության խթանմանը և Հայաստանում կամավորական աշխատանք ու հնարավորություններ ապահովող կազմակերպությունների պատշաճ ներկայացմանը: Տոնավաճառը հնարավորություն ընձեռեց բոլոր ցանկացողներին տեղեկություն ստանալ 20 ազգային և միջազգային կազմակերպություններում կամավորության հնարավորությունների մասին: Տոնավաճառին մասնակցելու հրավեր էր ստացել նաև Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), որն այս ասպարեզում ունի տարիների ընթացքում կուտակած հզոր փորձ: ՀԲԸՄ Երևանի ամառային փորձառության ծրագրի համակարգող Աննա Աղաջանյանը և ՀԲԸՄ սփյուռքահայ երիտասարդական ծրագրերի համակարգող Հերմինե Դուզյանը ներկայացրին Միության ծրագրերն ու կամավոր գործունեության հնարավորությունները: Տոնավաճառին մասնակցեցին Հայաստանում մարդու իրավունքների և համայնքների զարգացման ոլորտում աշխատող ավելի քան 20 կազմակերպություններ: Սա լավ հնարավորություն էր երիտասարդների համար գտնելու կամավորության հնարավորություններ, որպեսզի կարողանան օգնել իրենց համայնքներին և ազդեցություն ունենալ այնտեղ: