ՀԲԸՄ ՀԱԼԵՊԻ ԼԱԶԱՐ ՆԱՋԱՐՅԱՆ-ԳԱԼՈՒՍՏ ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԸ ՏՈՆԵՑ ԻՐ 60-ԱՄՅԱԿԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 

Դեկտեմբերի 5-ին, Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ հանդիսութուն նվիրված ՀԲԸՄ Հալեպի Լազար Նաջարյան-Գալուստ Գյուլբենկյան կենտրոնական վարժարանի հիմնադրության 60-ամյակին: ՀԲԸՄ Հայաստանի հովանավորությամբ կայացած հանդիսությանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ, Հայաստանի ու Միջին Արևելքի պատասխանատու Վազգեն Յակուբյանը, ՀԲԸՄ Հայաստանի տնօրենի պաշտոնակատար Հովիկ Եորդեկյանը, շուրջ 400 շրջանավարտներ, համակիրներ ու բարեկամներ: Հանդիսությունն սկսվեց ՀՀ և ՀԲԸՄ օրհներգերով` կատարմամբ ՀԲԸՄ Երևանի սկաուտական փողերախըմբի: Երեկոյի գեղարվեստական ծրագրին մասնակցեցին Հովհաննես Մուբբայեդն ու իր ղեկավարած «Փոքրիկ ջութակահարները», Լուսնակ Սամվելյանը, Նանոր Ռասդգելենյանը, Արեկ Յազեջյանը, Արազ Այվազյանն ու Շահե Քեշիշյանն իր երգչախմբով: Օրվա բանախոսն էր հալեպահայ հայտնի մտավորական, Լ.Ն.-Գ.Գ. դպրոցի նախկին տնօրեն Հակոբ Միքայելյանը, որ բարձր գնահատեց ՀԲԸ Միության հովանու ներքո կանգուն մնացած վարժարանի դերը որպես ազգային դարբնոց: «Այս ազգապահպանումի օջախը իր 60-ամյա փառավոր երթին ընթացքին զինվորագրելով Հալեպի լավագույն ուսուցիչները, երկրի մակարդակով պետական քննություններուն փայլուն հաջողություններ արձանագրեց, գիտությամբ և հայրենասիրությամբ զինեց իրերահաջորդ սերունդները: Այսօր, աշխարհի տարածքին ավելի քան 2500 շրջանավարտներ հպարտությամբ կհիշեն զիրենք դիեցնող վարժարանը: Անոնք ամենատարբեր ասպարեզներու մեջ հմտանալով և դիրքեր գրավելով, փայլած են իրենց գիտելիքներու մակարդակով, նկարագրային հատկանիշներով և ազգասիրությամբ», - ասաց պարոն Միքայելյանը: ՀԲԸՄ-ի անունից խոսք ասաց ՀԲԸՄ Հայաստանի տնօրենի պաշտոնակատար Հովիկ Եորդեկյանը, որն իր խոսքում շեշտեց, որ վարժարանը կաղնու նման կանգուն պիտի մնա` դիմակայելով բոլոր մարտահրավերները. «Լազար Նաջարյան-Գալուստ Գյուլբենկյան կենտրոնական վարժարանը զուտ դպրոց չէ, այլ ազգային, միութենական ջերմ ու տաքուկ միջավայր և երկրորդ տուն եղած է: Դպրոցեն ակումբ-ակումբեն դպրոց, հազիվ երկու քայլ, ճամփան էր հազարավոր երիտասարդներու, որոնց ազգասիրական ոգին ու հայրենասիրությունը թրծված է հարազատ այս միջավայրին մեջ: Այդպես եղած էր դպրոցը միշտ, այդպես ալ կմնա այսօր, հակառակ պատերազմին պատճառած աղետներուն և գործված ավերներուն»: Այնուհետև, Սերժ Սրապիոնյանը փոխանցեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական խոսքն ուղղված վարժարանի մեծ ընտանիքին` բարձր գնահատելով վարժարանի դերը հայապահպանման գործում:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

end faq