ԴԻԼԻՋԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ ԲԱՑԵՑ ԻՐ ԴՌՆԵՐԸ

 

ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Նուբար Աֆեյանը պարգևատրվեց

Հոկտեմբերի 11-ին, ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի, Սերբիայի Հանրապետության Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի, Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի, դպրոցի հիմնադիրների ու գործընկերների, ինչպես նաև բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ տեղի ունեցավ Դիլիջան միջազգային դպրոցի (UWC Dilijan College) բացման հանդիսավոր արարողությունը: Դիլիջան միջազգային դպրոցի նախագծի հեղինակն ու հիմնադիրը ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանն է, իր տիկնոջ` Վերոնիկա Զոնաբենդի հետ: Դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամներն են կրթության ոլորտի և բիզնեսի ականավոր գործիչներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Ճապոնիայից: Սա Աշխարհի միացյալ քոլեջներ կրթական ցանցի առաջին միջազգային դպրոցն է Արևելյան Եվրոպայում և ԱՊՀ տարածքում: Նախագծի իրականացմանը իրենց օժանդակությունն են բերել ավելի քան երկու հարյուր դոնոր աշխարհի տարբեր երկրներից: Բացման պահի դրությամբ զուտ շինարարական ծախսը կազմել է 115 միլիոն դոլար: Երկրորդ փուլի շինարարության արժեքը 75 միլիոն դոլար է: Հայաստանում միջազգային դպրոցի ստեղծման գաղափարը ծագել էր դեռեւս 2006թ, իսկ շինարարությունը մեկնարկել գաղափարից վեց տարի անց` 2012-ին: Ներկայումս Դիլիջանի դպրոցում սովորում է 16-17 տարեկան 96 աշակերտ և դասավանդում 25 ուսուցիչ: Մինչև 2023թ. դպրոցը կհասցվի լիակատար ծանրաբեռնվածության և աշակերտների թիվը կկազմի 650, իսկ ուսուցիչներինը` ավելի քան 60: Տնօրենի պաշտոնը զբաղեցնում է Ջոն Փադըֆուդը: Դպրոցում ուսուցումն իրականացվում է աշխարհի առաջատար համալսարանների կողմից ճանաչված IB Diploma ծրագրով: 2017թ. Դիլիջանի դպրոցում կսկսվի 13-14 տարեկան աշակերտների ընդունելությունը: Ներկայումս դպրոցում սովորող 96 աշակերտներից միայն 10-ն են Հայաստանցի, մյուսները ժամանել են Իս-պանիայից, Բրազիլիայից, Գանայից, Թուրքիայից և աշխարհի այլ երկրներից: Հիմնադիր-գործընկերների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը նշեց. «Հուսով եմ, որ դպրոցը նոր օրինակ կդառնա համաշխարհային չափանիշներին համապատասխան որակյալ կրթություն ապահովելու համար: Ես երազում եմ, որ դպրոցը կդառնա աշխարհի լավագույն դպրոցներից մեկը և այստեղ կսովորեն հրաշալի երեխաներ, որոնք կրթվելուց բացի սիրով կլցվեն դեպի Հայաստանը»: Հայաստանի Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխանող կրթական համալիրի` Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցմանն ու գործարկմանը բերած ակնառու ավանդի համար Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և Հայկական բարեգործական ընդհանուր միության Կենտրոնական վարչական ժողովի անդամ Նուբար Աֆեյանը (ԱՄՆ) պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով: ՀՀ Պետական պարգևների արժանացան նաև Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարական աշխատանքներում անձնական մեծ ավանդ ներդրած և դպրոցի ծրագիրը կյանքի կոչած մի խումբ մարդիկ: Դպրոցը միջազգային է ու տարածաշրջանում միակը, ուստի ՀՀ նախագահը ցանկություն հայտնեց առաջիկայում այստեղ տեսնել նաև ադրբեջանցի ուսանողների. «Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ այս դպրոցում սովորեն նաև ադրբեջանցի ուսանողներ: Եվ վստահ եմ, որ այդ օրը գալու է, և ցանկանում եմ, որ այդ օրը գա հնարավորինս շուտ»: Արարողությանը ներկա էին նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը, Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրիգորյանը, Ռիչարդ և Րաֆֆի Հովհաննիսյանները, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը և ուրիշներ: