«ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԿԵՆՏՐՈՆԸ» ՏՈՆԵՑ ԻՐ 2 ԱՄՅԱԿԸ

 

Նոյեմբերի 7-ին, ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի դահլիճում կայացավ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հ/կ-ի հիմնադրման երկրորդ տարեդարձին նվիրված միջոցառում, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հ/կ-ի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները: Ողջունելով ներկաներին` ՀՀ սփյուռքի նախարարը նշեց. «Նախ ուզում եմ շնորհավորել կառույցի երկամյակի առթիվ և շնորհակալություն հայտնել, որովհետև ամենածանր, ամենաբարդ աշխատանքը դուք եք կատարում, անցած երկու տարիների ընթացքում ձեր առաքելությունը պատվով եք իրականացրել, և մեր համատեղ աշխատանքը շատ ներդաշնակ է: Կենտրոնը կարողացել է ճիշտ կազմակերպել իր աշխատանքները մյուս կառույցների հետ: Իմ կարծիքով` «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությունը քաղաքացիական հասարակության կայացման լավագույն օրինակ է: Շնորհակալություն նաև ՀԲԸՄ-ին, որ առաջին օրերից օգնության ձեռք է մեկնել, աջակցել ու ուժ է տվել: Հատուկ շնորհակալություն մեր բոլոր բարերարներին, բարի կամքի տեր մարդկանց, որոնք Հայաստանում թե Սփյուռքում օգնության ձեռք մեկնեցին դժբախտության մեջ հայտնված մեր հայրենակիցներին: Եվ վերջում իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում բոլոր սիրիահայերին, որ եկել են Հայրենիք, երրորդ անգամ փախստական չեն դարձել, ու վայելում են գործատուների սերն ու հարգանքը իրենց աշխատասիրության, նվիրվածության, ազնվության ու հայրենասիրության շնորհիվ»: Հոբելյանի առթիվ սփյուռքի նախարարը ազգանվեր աշխատանքի համար շնորհակալագրեր հանձնեց Լենա Հալաջյանին, Ալեքսան Կարադանայանին, Ջորջ Բարսեղյանին, Նորա Փիլիպոսյանին, Թամար Ղարագյոզյանին, Գևորգ Շադոյանին և Սարգիս Ադամյանին: Ելույթ ունեցավ նաև ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը, ով շնորհավորեց հասարակական կազմակերպությանը հոբելյանի առթիվ և շնորհակալություն հայտնեց պրոֆեսիոնալ և կամավոր աշխատանքի համար: Հայրենանվեր արդյունավետ գործունեության երկամյակի առթիվ կենտրոնի աշխատակիցներին շնորհավորեց ՀԲԸՄ Հայաստանի տնօրենի պաշտոնակատար Հովիկ Եորդեկյանը: Միջոցառման շրջանակներում «Հայաստան» համահայկական հիմնադրամի Բրազիլիայի մասնաճյուղի կողմից սիրիահայ 400 դպրոցահասակ երեխաներին աջակցելու նպատակով տրամադրված դրամական օժանդակության առթիվ շնորհակալական խոսքով ու երաժշտական կատարումներով հանդես եկան սիրիահայ երեխաները:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2014 Նորություններ «ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԿԵՆՏՐՈՆԸ» ՏՈՆԵՑ ԻՐ 2 ԱՄՅԱԿԸ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: