ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 23 ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ԿՐԿԻՆ ԱՐԺԱՆԱՑԱՆ ՀԲԸՄ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գ.Սունդուկյանի անվան մայր թատրոնը դեկտեմբերի 5-ին կրկին անգամ հյուրընկալել էր Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀ) ավարտական հանդիսությունը: Ֆրանսիական համալսարանի երեք բաժինների` կառավարում, իրավագիտություն և տնտեսագիտություն, մոտ 250 ուսանողներ այդ օրը ստացան բակալավրի և մագիստրոսի իրենց դիպլոմները: Հանդիսավոր արարողությանը ներկա էին և իրենց շնորհավորական խոսքն ասացին ՀՖՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն, ՀՖՀ ռեկտոր Ժան-Ժակ Մոնտուան, Ֆրանսիայի Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի ներկայացուցիչ Ժակ Կոմբին և ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը: Օրը տոնական էր ոչ միայն շրջանավարտների համար: Ավանդույթի համաձայն ՀՖՀ 2-4 կուրսերի 23 լավագույն ուսանողներ այդ օրն արժանացան ՀԲԸՄ գերազանցության կրթաթոշակի: Վազգեն Յակուբյանը նախ ընթերցեց ՀԲԸՄ Նախագահ Պերճ Սեդրակյանի շնորհավորական ուղերձը, այնուհետև ուսանողներին հանձնեց ուսման վարձերի փոխհատուցման հավաստագրերը: ՀԲԸ Միության և Հայաստանի ֆրանսիական համալսարանի (ՀՖՀ) միջև համագործակցությունն այս տարի տոնեց իր տասնամյակը: 2004թ.-ից ի վեր Միությունը ֆինանսավորում է ՀՖՀ լավագույն ուսանողների մասնագիտական փորձառության շրջանը Ֆրանսիայի տարբեր քաղաքներում: Մոտ 100 ՀՖՀ ուսանողներ այս աջակցության շնորհիվ մեկնել են Ֆրանսիա և մեկ ամիս շարունակ աշխատել տեղի առաջատար ընկերություններում: 2007թ. ի վեր ՀԲԸՄ-ն վճարում է նաև համալսարանի 2-4-րդ կուրսերի լավագույն ուսանողների կրթաթոշակները: Այս ընթացքում ՀՖՀ ավելի քան 200 ուսանողներ արժանացել են ՀԲԸՄ կրթաթոշակի: 2012թ. ֆրանսիական համալսարանի ուսանողների առջև իր դռները բացեց նաև ՀԲԸՄ-ի միջոցներով վերանորոգված համալսարանական գրադարանը: ՀՖՀ-ն հիմնադրվել է 2003թ.: Համալսարանի վարչական և ուսումնական կառավարումն իրականացնում է հայ և ֆրանսիացի մասնագետներից կազմված աշխատակազմը` ՀՖՀ ռեկտոր Ժան-Ժակ Մոնտուայի գլխավորությամբ: Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանը ՀՖՀ-ի առաջին կրթական գործընկերն է: Համալսարանի երկարամյա գործընկերներից է նաև ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ Բանկը: Ներկայումս համալսարանում սովորում է ավելի քան 900 ուսանող: Առ այսօր համալսարանը տվել է ավելի քան 1500 շրջանավարտ, որոնց մոտ 80%-ն աշխատում է Հայաստանում, 12%-ը շարունակում է կրթությունը ՀՖՀ Մագիստրատուրայում և մոտ 6-7%-ը սովորում կամ աշխատում է արտասահմանում:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2014 Նորություններ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 23 ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ԿՐԿԻՆ ԱՐԺԱՆԱՑԱՆ ՀԲԸՄ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: