«ՏՊԱՎՈՐՎԱԾ ԵՄ, ԿՓՆՏՐԵՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆԵՐ»

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն այցելեց ՀԲԸՄ Հայկական 

վիրտուալ համալսարան

«Ողջույն, ես Հայաստանում ներկայացնում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգները»: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը մի քանի անկեղծ բառ փոխանակեց ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) սինգապուրցի ուսանող Քարմոն Խուի հետ, որը բնակվում է Ավստրալիայում և արդեն մի քանի ամիս է, ինչ հայերեն է սովորում: Ջոն Հեֆերնը Հայկական վիրտուալ համալսարան այցելեց նոյեմբերի 24-ին: Հանդիպումը ոչ պաշտոնական էր, ջերմ և բովանդակալից: ՀՎՀ հիմնադիր և նախագահ Երվանդ Զորյանը, ակադեմիական տնօրեն Հասմիկ Խալափյանը և վարչական տնօրեն Աննա Ենգիբարյանը ԱՄՆ դեսպանին ներկայացրին ՀՎՀ-ի հիմնական գաղափարը, որդեգրած ուսումնական և տեխնոլոգիական մեթոդները, ծրագրերն ու վերջին նախաձեռնությունները: Դր. Զորյանը ներկայացրեց նաև ՀՎՀ ուշագրավ վիճակագրական տվյալներ, ներառյալ ուսանողների աշխարհագրական և տարիքային սանդղակները: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը: Ի պատասխան ԱՄՆ դեսպանի հարցադրմանը` կապված միմյանց և ուսուցիչների հետ ուսանողների դեմ-առ-դեմ շփումներին, Երվանդ Զորյանը ներկայացրեց ՀՎՀ կողմից կազմակերպվող վիրտուալ շրջայցերը, որոնք հնարավորություն են տալիս այցելել Հայաստանի թանգարաններ, պատմամշակութային վայրեր, զբոսնել Երևանի փողոցներում և մասնակցել տարատեսակ միջոցառումների: Ջոն Հեֆերնը հետաքրքրվեց ՀՎՀ ծրագրերով, կրթության տրամադրման օնլայն և հիբրիդ մոդելներով` նշելով դեսպանատան հետաքրքրությունը զանգվածային բաց առցանց դասընթացների հանդեպ և հույս հայտնելով, որ երկու կառույցների համագործակցությունը երկուստեք փոխշահավետ կլինի: Այցի ընթացքում խոսվեց նաև ՀՎՀ-ի հեղինակած էլեկտրոնային գրքերի շարքի մասին: «Նոյեմբերի 24-ին ես հաճույքով այցելեցի ՀՎՀ գրասենյակ: ՀԲԸՄ-ի կողմից ֆինանսավորվող կրթական այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս ողջ աշխարհում բնակվող հայերին կապ հաստատել Հայաստանի, հայոց լեզվի, մշակույթի և կրոնի հետ: Ես տպավորված եմ ՀՎՀ-ի տրամադրած դասընթացների ընդգրկունությամբ ու խորությամբ և առաջիկա ամիսներին համագործակցելու ուղիներ կփնտրեմ», - այցից հետո ասաց դեսպանը:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2014 Նորություններ «ՏՊԱՎՈՐՎԱԾ ԵՄ, ԿՓՆՏՐԵՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆԵՐ»

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: