ՀԲԸՄ ԿԱՀԻՐԵԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀՎՀ ՇԱԽՄԱՏԻ ԴԱՍԱՐԱՆ

Հոկտեմբերի 17-ից, ՀԲԸՄ Կահիրեի գրասենյակում գործում է շախմատի դասարան, որտեղ ուսանում են համայնքի մի շարք ներկայացուցիչներ: Շախմատի դասարանը սկսեց գործել ՀԲԸՄ գրասենյակի, ՀՎՀ ողջ թիմի և Կահիրեում ՀՎՀ ներկայացուցիչ Աննա Դոլաբջյանի ջանքերով: Այսօր դասարանում 12 ուսանող կա, սակայն հետաքրքրվածների թիվն ավելի մեծ է, և նրանք էլ մոտ ապագայում կընդգրկվեն ՀՎՀ ուսանողների շարքում: Այլ համայնքների պես այստեղ էլ դասընթացը կրթության հիբրիդ մոդելով է ընթանում: Կրթություն տրամադրելու ՀՎՀ-ի այս եզակի մոտեցումը, որտեղ բացի ՀՎՀ օնլայն ուսուցչից, դասարանում ուսանողների հետ աշխատում է ևս մեկ ուսուցիչ, աշխարհում բնակվող հայերին և ՀՎՀ-ի դասընթացներով հետաքրքրվողներին մեծապես օգնում է մատուցվող նյութը դյուրությամբ ընկալել և կրթական այս հետաքրքիր մեթոդից ստանալ առավելագույն արդյունքներ: Կահիրեի շախմատի դասարանում ուսուցիչը Գևորգ Ավանյանն է, ով դասընթացին և դասավանդման մեթոդներին ծանոթանալու նպատակով ավարտել է ՀՎՀ-ի կողմից տրամադրվող շախմատի ողջ դասընթացը և ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը: «Հայկական բարեգործական ընդհանուր միությունն ստեղծվել է Եգիպտոսում: Այս առումով Կահիրեում ՀՎՀ ծրագրի մեկնարկը մեզ համար առանձնահատուկ նշանակություն է ստանում: Աշխարհի հայ բազմաթիվ դպրոցներ և համայնքներ օգտվել են ՀՎՀ-ի ընձեռած հիբրիդ կրթության հնարավորությունից, և մենք ուրախ ենք, որ այսօր արդեն Կահիրեի հայերն են ներգրավվում», - ասաց ՀՎՀ ակադեմիական տնօրեն Հասմիկ Խալափյանը: ՀՎՀ-ի հիբրիդ կրթության ծրագրին մասնակցում են սփյուռքի այն դպրոցները և համայնքները, որոնք ցանկանում են նորարարական կրթական մեթոդներ ներգրավել իրենց ուսումնական ծրագրում կամ հայագիտական առարկաների դասընթացներ կազմակերպել: Կահիրեում շախմատի դասարանը ՀՎՀ-ի ընդգրկուն աշխարհագրության մեկ բաղկացուցիչն է, որը ժամանակի ընթացքում նոր շրջանակներ կընդգրկի:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2014 Նորություններ ՀԲԸՄ ԿԱՀԻՐԵԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀՎՀ ՇԱԽՄԱՏԻ ԴԱՍԱՐԱՆ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: