ՀԲԸՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ «ՇԱԽՄԱՏԸ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

Հոկտեմբերի 17-ին Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) մասնակցեց «Շախմատը դպրոցներում» խորագրով միջազգային համաժողովին, որտեղ ներկայացրեց Հայաստանում արդեն մի քանի տարի դպրոցական ծրագրի պարտադիր մաս կազմող շախմատի դասավանդման իր մոդելը: ՀՀ Կրթության և գիտության նախարարության, Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ), Հայաստանի շախմատի ֆեդերացիայի և Հայաստանի շախմատի ակադեմիայի կազմակերպած համաժողովին մասնակցում էին ինչպես տեղական, այնպես էլ աշխարհի շուրջ 30 երկրների շուրջ 180 ներկայացուցիչներ: ՀՎՀ հիմնադիր և նախագահ Երվանդ Զորյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրեց շախմատի ուսուցման ՀՎՀ-ի առաջարկած մոդելը: ՀՎՀ-ն այսօր տրամադրում է շախմատի անվճար դասընթաց, որը եզակի է իր մատուցման եղանակով և ընդգրկունությամբ: Օնլայն ուսուցիչն առաջնորդում է դասընթացը, կազմակերպում գործնական աշխատանքներ և խաղեր դասընկերների միջև: Շախմատի դասընթացի շրջանակներում ՀՎՀ-ն նաև մի շարք օնլայն մրցումներ է անցկացնում: ՀՎՀ-ի տրամադրած շախմատի դասընթացը հետաքրքրասերների լայն շրջանակ ունի: ՀՎՀ աշնանային ուսումնական շրջանում Կահիրեում բացվեց շախմատի դասարան, որտեղ սովորողները կլրացնեն մինչ օրս ՀՎՀ-ում շախմատ ուսանածների շարքերը: