ՀԱՀ-Ը ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՄԵՐԻԿԱՑԻ ԳՐՈՂՆԵՐԻ

Հոկտեմբերի 22-ին, ՀԱՀ Մանուկյան դահլիճում կազմակերպվեց հանրային ընթերցանության երեկո` մասնակցությամբ հինգ ժամանակակից ամերիկացի գրողների և բանաստեղծների: Միջոցառումների շարքը կազմակերպել էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, Հայ գրականության հիմնադրամի և Այովայի համալսարանի միջազգային գրական ծրագրի հետ համատեղ: Ծրագրի շրջանակներում Հայաստան էին ժամանել Գիշ Ջենը, Մերի Հիքմանը, Փիթեր Բալաքյանը, Քրիս Մերիլը և Գրեգորի Օրֆալեան: 3 օր շարունակ ամերիկացի գրողները հանդիպումներ ունեցան ուսանողության, գրական շրջանակների, գիտնականների ու դասախոսների հետ` խոսելով գրականության և դրա միջոցով մարդկանց մերձեցման մասին, և ընթերցելով հատվածներ իրենց ստեղծագործություններից: Միջոցառման նպատակը ժամանակակից ամերիկյան գրողներին հայ հանրությանը ներկայացնելն ու նրանց գործերին ծանոթացնելն էր, ինչպես նաև գրականության ու թարգմանչական արվեստի տարածմանը նպաստելը: Ծրագրի շրջանակներում ՀԱՀ-ը հյուրընկալել էր բոլոր ցանկացողներին: Հյուրերն ընթերցեցին հատվածներ իրենց ստեղծագործություններից, այնուհետև պատասխանեցին ներկաների հարցերին ամենատարբեր թեմաներով: «Հուսով եմ, որ սա իրոք կամուրջ կհանդիսանա երկու երկրների և մշակույթների միջև, որը կշարունակի զարգանալ», - ասաց հայտնի ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանը: Ամեն տարի ԱՄՆ Պետքարտուղարությունն ու Այովայի համալսարանի միջազգային գրական ծրագիրը կազմակերպում են նպանատիպ ընթերցանության շրջայցեր դեպի աշխարհի տարբեր երկրներ: Այս ծրագիրն իր շարունակությունն է ունենալու նաև Թուրքիայում և միտված է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ գրական կապեր ստեղծել հայ և թուրք գրողների միջև: