ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ. ԱՊԱԳԱՆ ԿԵՐՏԵԼՈՒ ԲԱՆԱՁԵՎԸ

Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) պարբերաբար ուրախացնում է իր ուսանողներին և հանրությանը ականավոր անհատների հետ հետաքրքիր հանդիպումներով ու զրույցներով: Դեկտեմբերի 6-ին, Փարամազ Ավետիսյան մասնաշենքի Ալեք Մանուկյան սրահում ՀԱՀ-ը հյուրընկալեց հայտնի ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանին: Մեր օրերի ամենահայտնի ու սիրված գործարարներից մեկի հետ հանդիպմանը ներկա էին համալսարանի ղեկավար կազմը, աշխատակիցներն ու ուսանողները, ինչպես նաև բոլոր ցանկացողները: Ողջույնի խոսք ասաց ՀԱՀ նախագահ Դր. Արմեն Տեր Կյուրեղյանը, որը շուտով ամբիոնը հանձնեց պատվավոր հյուրին: Ռուբեն Վարդանյանը խոսեց այսօրվա Հայաստանի, զարգացման հնարավորությունների ու առաջիկա անելիքների, ինչպես նաև երկրի ապագա հաջողություններում հայաստանցիների և սփյուռքահայերի հնարավոր դերի մասին: Չափազանց հետաքրքիր ու ոգևորիչ ելույթից հետո Ռուբեն Վարդանյանը պատասխանեց նաև ներկաների հարցերին: Հիշեցնենք, որ 2008թ. Վարդանյանը նախաձեռնեց «Տաթևի վերածնունդ» ծրագիրը, որի արդյունքում 2010թ. ՀՀ Սյունիքի մարզում գործարկվեց ՏաԹևեր ճոպանուղին: Գործարկումից մեկ ամիս անց ՏաԹևերը գրանցվեց Գինեսի միջազգային ռեկորդների գրքում, որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի երկխցիկ ճոպանուղի: Վարդանյանի հաջորդ մեգանախագիծը դարձավ 190 միլիոն դոլար արժողությամբ Դիլիջան միջազգային դպրոցի հիմնումը: Չորս տարի տևած շինարարական աշխատանքներից հետո դպրոցը բացեց իր դռները 2014թ. հոկտեմբերի 11-ին: Այս մասին ավելի մանրամասն կարդացեք էջ 18-19-ում: Իսկ ՀԱՀ-ում տեղի ունեցած դասախոսությունից ժամեր անց պարզ դարձան նաև Ռուբեն Վարդանյանի հաջորդ ծրագրի որոշ մանրամասներ: Դեկտեմբե-րի 7-ին, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ, Վարդանյանը ներկայացրեց իր գլխավորած «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կողմից Արցախի Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի տարածքում էկոգյուղ հիմնելու ծրագիրը, որը կարժենա շուրջ 50 միլիոն ԱՄՆ դոլար և լուրջ խթան կհանդիսանա Արցախի զբոսաշրջության զարգացման համար: Շինարարությունը կմեկնարկի արդեն 2015թ.: